Կարծիք

29.07.2019 08:51


Դատավոր Դավիթ Գրիգորյանը ճանաչել է Արցախի անկախությունը և պատժվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ճանաչել է Արցախի անկախությունը և պատժվել

Բոլորը հասկանում են, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ քրեական գործ են հարուցել այն բանի համար, որ նա Արցախի երկու նախագահների երաշխավորությամբ ազատ էր արձակել Արցախի 1֊ին նախագահ և Հայաստանի 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթը կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան։ Հասկանում է նաև Մոդուս վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանը և ասում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը «խախտել է միջազգային իրավունքի jus cogens՝ հիմնարար դրույթ», քանի որ առանց Արցախի պետության (Պապյանը ասում է՝ «այսպես կոչված պետության») ճանաչման՝ դատարանը ճանաչել է նրա կառավարությունը, ուրեմն, երկու նախագահների միջնորդությունը։

Այսպիսով, Արա Պապյանը այն նույն քաղաքականությունն է տանում, ինչ ադրբեջանական լոբբինգը, որը հասավ նրան, որ Ֆրանսիայի դատարանները չեղարկեցին ֆրանսիական ու Արցախյան քաղաքաների միջև կնքված բարեկամության հռչակագրերը՝ հավանաբար հենց Պապյանի բերած փաստարկով։

Արդյոք «իմպերատիվ նորմ» է չճանաչված հանրապետության նախագահի երաշխավորությունը դատարանում ճանաչելը։ Խնդրեմ, իրավաբանները թող քննարկեն։
Բայց ամեն նորմից վեր է ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որի հակառակը որևէ իրավաբան չի կարող համոզել (իհարկե ոչ նրանց, ովքեր ինքնորոշման իրավունքը ստորադասում են տարբեր նորմերի)։ Դատական իշխանությունը գործադիր իշխանությունից տարբեր է նաև հենց իրավունքին առաջնահերթություն տալով։

Այսպիսով, դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդունելով Արցախի երկու նախագահների միջնորդությունը՝ միևնույն ժամանակ ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ուրեմն, նաև անկախությունը։
Եվ պատժվեց։

Այն երկրում, որը սկսել է ձևավորվել Արցախի ինքնորոշման համար պայքարի բովում, պատժում են այն դատավորին, ով ճանաչել է Արցախի անկախությունը։

Իսկ ֆրանսիական դատարանները իրավունքը ստորադասել են ինչ-որ նորմերի և տրորել են ժողովուրդների բարեկամությանը ուղղված ձգտումները։

Այդպես, նաև Հայաստանի վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժելով Արցախի նախագահների երաշխավորությունը՝ փաստացի չճանաչեց նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը