Կարծիք

27.07.2019 21:06


Կալիմախը ճիշտ էր․ «Մեծ գիրքը մեծ չարիք է»

Կալիմախը ճիշտ էր․ «Մեծ գիրքը մեծ չարիք է»

Աճեմօղլուի գիրքը խլեց համարյա ողջ արձակուրդս։ Ալեքսիանդրիացի պոետը ճիշտ էր, որ 23 դար առաջ գրում էր՝ «Մեծ գիրքը մեծ չարիք է»։

Հավանաբար վերջին անգամ մեջբերում կառաջարկեմ։ Երկար է, բայց անխղճության աստիճանի ծանոթ։

«Աֆղանստանի հեռավոր շրջանի գյուղացիները ռադիոյով լսել էին մի քանի միլիոնանոց ծրագրի մասին, որի միջոցով իրենց տարածքի տները պիտի վերականգնվեին։ Երկար ժամանակ անց Իսմայիլ խանի տրանսպորտային կարտելը մի քանի գերան առաքեց՝ Իսմայիլ խանը նախկին հայտնի զինվորական էր և աֆղանական կառավարության անդամ։ Գերանները շատ մեծ էին ու ոչ մի բանի պիտանի չէին, և գյուղացիները դրանք կիրառեցին միակ հնարավոր տարբերակով՝ որպես վառելափայտ։

Իսկ ի՞նչ եղան գյուղացիներին խոստացած միլիոնավոր դոլարները։ Այդ գումարի 20 %-ն իր ծախսերը հոգալու համար վերցրեց Ժնևում ՄԱԿ-ի գլխամասը։ Մնացած մասի համար պայմանագիր կնքվեց մի ՀԿ-ի հետ, որն իր հերթին վերցրեց 20 %՝ Բրյուսելում գտնվող իր գլխամասի համար։ Այսպես գումարն անցավ ևս 3 շրջանով, որոնց ընթացքում ամեն անգամ պակասում էր 20 %-ով։ Աֆղանստան հասած փոքր գումարն օգտագործվեց Իրանից փայտ գնելու նպատակով, իսկ մեծ մասը վճարվեց Իսմայիլ խանի կարտելին ուռճացված տրանսպորտային ծախսերը փակելու համար»։

Ահա այսպիսի ծանոթ պատմություն։ Իզուր չէ, որ նման օրինակներ բերելուց հետո հեղինակը եզրակացնում է՝ «Բարեկեցության ու աղքատության պատճառների այս ընդարձակ բազմության հիման վրա խորհրդատվություն տրամադրելիս պետք է շատ զգույշ լինել»։

Կրկնում եմ՝ Կալիմախը ճիշտ էր․ «Մեծ գիրքը մեծ չարիք է»։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը