Կարծիք

27.07.2019 11:51


Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողին հասկանալի լեզվով տեղեկացնել նրան ջրելու մտադրության մասին. Վարդավառի 12 կանոն

Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողին հասկանալի լեզվով տեղեկացնել նրան ջրելու մտադրության մասին. Վարդավառի 12 կանոն

Ընկերնե՛ր,
Վաղը Վարդավառ է՝ իմ և շատերիս ամենասիրելի տոներից մեկը։

Ավանդույթը պահելով՝ հավուր պատշաճի ջրումներ իրականացնելիս առաջարկում եմ օգտվել հետևյալ՝ լրացված ու փոփոխված կանոններից։ Դրանցով փորձ է արվում հավասարակշռել գոյություն ունեցող բոլոր իրավաչափ շահերը (ջրողների, ջրվողների, ակնհայտ հղի կանանց, զբոսաշրջիկների և այլն), ինչպես նաև արտացոլել հայաստանյան արդի իրողությունները։

Հաճելի ջրումներ!

«ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ (2019 թվականի խմբագրություն)

ԿԱՆՈՆ 1. Արգելվում է ջրել 65 տարեկանից բարձր, 5 տարեկանից ցածր անձանց, ակնհայտ հղի կանանց, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի անդամներին և համազգեստ կրող իրավապահներին։ 5 տարեկանից ցածր անձանց ջրելու արգելքը չի գործում, եթե նրանք պաշտոնատար անձ են։

ԿԱՆՈՆ 2. Ջրումն իրականացվում է 16-28 °C ջերմաստիճանի առերևույթ մաքուր ջրով՝ դույլերով, այլ համանման տարաներով կամ մեխանիկական ջրամղիչ սարքերով՝ խմբային («ջրման խումբ») կամ անհատական կարգով։

ԿԱՆՈՆ 3. Ջրելուց առաջ ջրողը պարտավոր է ջրվողին հասկանալի լեզվով վերջինիս տեղեկացնել նրան ջրելու մտադրության մասին («պատշաճ ծանուցման» պայման)։

ԿԱՆՈՆ 4. Ջրողն իրավունք ունի ջրումն իրականացնել առանց «պատշաճ ծանուցման», եթե «հիմնավոր կասկածից վեր» չափանիշով ակնհայտ է, որ ջրվողը հրաժարվել է ջրվելու մասին պատշաճ ծանուցված լինելու իրավունքից՝ հրապարակային հայտարարությամբ՝ Գյումրի մեկնելով, գորգ լվալով կամ այլ համարժեք եղանակով։

ԿԱՆՈՆ 5. «Պատշաճ ծանուցման» պահանջը չարամտորեն չկատարելու դեպքում ջրման գործիքն առանց մեղադրական դատավճի բռնագանձվում է ի շահ պետության, իսկ ջրվողը ստանում է բոլոլա հարուցելու իրավունք։

ԿԱՆՈՆ 6. Եթե ջրվելու մասին «պատշաճ ծանուցված» ջրվողը ներկայացնում է «հիմնավոր պատճառ» ջրվելու անհնարինության մասին, ապա ջրումը կասեցվում է մինչև հիմնավոր պատճառի վերացումը։

ԿԱՆՈՆ 7. Սույն կանոնների 6-րդ կանոնում նշված պատճառի հիմնավորությունը գնահատում է ջրողը՝ ելնելով համաչափության, ջրավահավասարության, մարդու արժանապատվության հարգման սկզբունքներից։ Ամեն դեպքում, հեղափոխության ժամանակ քայլած լինելը կամ ռոբասերժական նախկին ղեկավարին փնոված լինելը «հիմնավոր պատճառ» համարվել չեն կարող։

ԿԱՆՈՆ 8. Առաջնային ջրվողն իրավունք ունի առաջնային ջրողին ջրել առանց պատշաճ ծանուցման («հակադարձ ջրման» իրավունք)։

ԿԱՆՈՆ 9. Պաշտոնատար անձ կամ նրա ընտանիքի անդամ հանդիսացող առաջնային ջրվողն իրավունք չունի «հակադարձ ջրման» իրավունքն իրացնել ԱԱԾ-ի, ԲԴԽ-ի, ոստիկանության կամ իրավապահ այլ մարմինների միջոցով։

ԿԱՆՈՆ 10. Սույն կանոններով սահմանված կարգով առաջին անգամ ջրված զբոսաշրջիկներին ջրողը պարտավոր է պարզաբանել Վարդավառի հոգևոր-մշակութային նշանակությունը կամ հայ գորգագործության դարավոր ավանդույթը, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ ջրված զբոսաշրջիկն օգտվի 8-րդ կանոնով սահմանված «հակադարձ ջրման» իրավունքից։

ԿԱՆՈՆ 11. Արգելվում է Երևանի քաղաքապետարանի ու Սանիտեկի աշխատակիցներին, «դուխով» մակնշմամբ գլխարկներ կրողներին, նախկին իշխանության ներկայացուցիչներին, Հ1-ի լրատվականի պատասխանատուներին ջրել՝ որպես պատիժ:

ԿԱՆՈՆ 12. Սույն կանոնների 2-րդ կանոնում նախատեսված՝ «ջրման խմբի» անդամների վրա համապատասխանաբար տարածվում են ջրողների և ջրվողների համար սահմանված կանոնները, քանի դեռ ժողովրդական իշխանությանն այլ բան ձեռնտու չէ»։

Չորով տարածել։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը