Կարծիք

27.07.2019 10:00


Տնտեսության կիսամյակը. իրականություն և պոպուլիզմ

Տնտեսության կիսամյակը. իրականություն և պոպուլիզմ

Հրապարակվեց այս տարվա առաջին կիսամյակի նախնական հաշվետվությունը։ Վերջին մեկ-մեկուկես տարում առաջին դեպքն է, որ տնտեսական հաշվետվությունը «սուսիկ-փուսիկ» է հրապարակվում։ Նոր իշխանությունները սիրում են հպարտանալ իրենց տնտեսական թվերով ընդհանրապես ու տնտեսական ակտիվության ցուցանիշով՝ մասնավորապես։ Նախորդ՝ հնգամսյա հաշվետվության մեջ մեր վիճակագիրները նույնիսկ «սրբագրել» էին մարտ ամսվա ցուցանիշը։ Բնականաբար, բարձրացնելով այն։

Եթե հիշողությունս չի դավաճանում, դա մեր վիճակագրական ծառայության պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ փոփոխվել էր պաշտոնապես ճշգրտված հայտարարված ցուցանիշը (հավանաբար, հանձնարարություն-ցանկություն էր եղել՝ ՏԱՑ-ը 7 տոկոսից բարձր ցույց տալ)։ Բայց անգամ մեկ ամիս առաջ փորձարկված հնարքը կիսամյակին չօգնեց։ Այս տարվա հունվար-հունիսի ՏԱՑ-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է բաղձալի 7 տոկոսից՝ կազմելով 6․5 տոկոս։

Այն, որ նման աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե տնտեսության իրական հատվածի, այլ ծառայությունների ոլորտով, սպասելի էր։ Ծառայությունների աճն այս հաշվետվությունում կրկին երկնիշ է՝ 15․3 տոկոս։ Ակնհայտ է, որ տնտեսական հաշվետվությունների համար «գլխացավանք» է տնտեսության իրական հատվածը։ Կիսամյակայինում արդյունաբերությանը 6․9–տոկոսանոց աճ է վերապահվել։ Որքանով է այն իրական, ցավոք, հնարավոր կլինի դիտարկել համարյա մեկ տարի հետո, երբ հրապարակվի 2019-ի վիճակագրական տարեգիրքը։ Փոխարենը՝ տնտեսության մյուս ճյուղի՝ գյուղատնտեսության պարագայում արձանագրվել է 7․4–տոկոսանոց կրճատում՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։ Սա բացատրում է, թե ինչու էին հունիս-հուլիս ամիսներին գյուղատնտեսության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն ու փորձագետները, որոնց հերսոտ ասուլիսների պատճառը 4․7 տոկոս աճն էր, շինարարության ոլորտը զերծ պահում նման զգացմունքներից:

Նախկինում առիթ եղել է նշելու, որ շինարարության վիճակագրական աճի պարագայում չեն աճել բետոնի, շինարարական քարատեսակների արտադրության ծավալները։ Իսկ հիմա կրկին հարկավոր է արձանագրել, որ արդյունաբերությունը, շինարարությունը ու անգամ առևտուրն աճել են էլեկտրաէներգիայի արտադրության կրճատմանը զուգընթաց։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, կրճատվել է 5․5 տոկոսով։ Փոխարենը՝ վերջապես հնարավոր է եղել արտաքին ապրանքաշրջանառության ծավալը հավասարեցնել (ավելին՝ անգամ 0․1 տոկոսով ավելացնել) անցած տարվա ցուցանիշին։

Արտաքին առևտուրը շարունակում է պահպանել նախկինում արձանագրված բացասական տենդենցները։ Նախ՝ այդ 0․1 տոկոս աճն ապահովվել է այն փաստի հաշվին, որ նախորդ տարվա համեմատ՝ կես տոկոսով աճել է ներմուծումը։ Արտահանումը դեռ չի հասել նախորդ տարվա ցուցանիշին (շատ պուճուրիկ՝ նույն կես տոկոսի չափով)։ Այսինքն, արտաքին առևտրում առաջանցիկ տեմպը բաժին է ընկնում ներմուծմանը։

Բացարձակ թվերով այս տարի մեր արտահանումների ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 173․8 մլն դոլար, ներմուծման ծավալը՝ 2 մլրդ 321․4 մլն դոլար։ Բացասական հաշվեկշիռը մոտ 1 մլրդ 147․6 մլն դոլար է։ Այսինքն, մենք ուղիղ այդքան տարադրամ ավելի ենք ծախսում, քան վաստակում ենք արտահանվող ապրանք-ծառայությունների դիմաց։

Իշխանությունները, հարկավ, առիթը բաց չեն թողնի՝ նշելու, որ սպառողական գների ինդեքսը (գնաճը 2 տոկոս է) շարունակում է մնալ կանխատեսված միջանցքի ստորին շեմին մոտ։ Անկեղծության համար պետք է ասել, որ շատ տնտեսագետներ այս փաստը ավելի շուտ բացասական են գնահատում՝ պնդելով, որ մեր պարագայում դա ավելի շուտ տուրք է պոպուլիզմին, քան տնտեսական անհրաժեշտություն։ Իսկ պոպուլիզմը հիմա համարյա տոտեմի արժեք ունի։ Այդ շարքի մեջ չի տեղավորվում միայն այն փաստը, որ այս տարի աշխատավարձի բարձրացումը պետական հիմնարկներում ավելի առաջանցիկ է, քան ոչ պետական ոլորտում։ Բայց հուսով եմ, որ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայի այս փաստի շուրջ քննարկումները բացառելու հարցում։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը