Մեկնաբանություն

23.07.2019 10:00


Խելք ունենային` պինդ կբռնեին ՍԴ նետած փրկօղակը ու բաց չէին թողնի

Խելք ունենային` պինդ կբռնեին ՍԴ նետած փրկօղակը ու բաց չէին թողնի

Նիկոլի վկաները, եթե հիշում եք, հե՛չ «խնդիր չէին տեսնում» վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի կոչով դատարաններն արգելափակելու մեջ` ասում էին, ի՞նչ է եղել որ. ինքն է, իր ժողովուրդը, իր դատական համակարգը` ինչ ուզի, կանի։

Հիմա հանկարծ հիշել են Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի առաջին կետում սեւով սպիտակի վրա գրված է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։

Հիշել են`ո՛չ այն պատճառով, որ վրաները լույս է իջել կամ ինչ-որ ձայն վերեւից շշնջացել է, որ չի կարելի օրը ցերեկով ճնշում գործադրել դատարանների վրա, դատավորներին հաթաթա տալ եւ այլն. ո՛չ մի նման բան`նրանք առաջվա պես համոզված են, որ այդպես էլ պիտի լիներ` ընդամենը Սահմանադրական դատարանը դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի` Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Եվ դա արել է` ոչ թե նրա համար, որ պատասխանը չգիտի կամ չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, այլ` այդ որոշման կանխատեսելի հետեւանքներից` Սահմանադրական դատարանի դեմ ոտնձգություններից, հարձակումներից եւ անխնա շահարկումներից ապահովագրվելու համար։

Մի կողմ թողնենք` որքանո՞վ ՍԴ-ն գերազանցել է իր իրավասությունները, չնայած` պարզից պարզ է, որ այդ «մեղադրանքը» պարզապես ծիծաղելի է։ Սահմանադրության մեջ, Աժ կանոնակարգ-օրենքում էլ գրված չէ, թե Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները կամ հանձնաժողովների նախագահները կարող են դիմել Վենետիկի հանձնաժողով այս կամ այն նախագծի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, բայց դիմում են, ստանում են, եւ որեւէ մեկի մտքով չի անցնում այստեղ «կրիմինալ փնտրել»։

Խնդիրն այն է, թե ինչո՞ւ են այդքան սարսափած ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից, եւ ինչո՞ւ, «վիզ դրած», փորձում են կանխել Հայաստանի գլխին կախված «ճակատագրական» այդ վտանգը։ Պատասխանը մակերեսի վրա է. որովհետեւ շատ լավ հասկանում են, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ոտքից գլուխ ջուր է, եւ հիանալի գիտեն, թե ինչպիսին է լինելու այդ եզրակացությունը։

Եթե «ալամ աշխարհի հայոց վարչապետի» եւ իր կրնկի տակ աշխատող ՀՔԾ-ի, դատախազության խնդիրը լիներ բացահայտել ճշմարտությունը, ոչ թե պարզապես «գեղական կարգով» Լինչի դատաստան տեսնել հանրապետության երկրորդ նախագահի նկատմամբ, առաջինն իրենք պիտի դիմեին Սահմանադրական դատարան եւ պարզեին` Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որքանո՞վ է համապատասխանում նախագահի անձեռնմխելիության դրույթին եւ իրավական որոշակիության սկզբունքին, չթողնեին`բանը հասներ ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով։

Ի վերջո, Նիկոլի սրտի գլխավոր դատախազը մի բանում իրավացի էր` գործը իսկապես աննախադեպ է`աննախադեպ հասարակական հնչողություն ունի. ամեն երկրում չէ եւ ամեն օր չէ, որ նախկին նախագահին մեղադրում են «սահմանդրական կարգը տապալելու» մեջ, եւ դեռ մի բան էլ կալանավորում են` որեւէ լուրջ պատճառ, հոդաբաշխ բացատրություն, ողջամիտ հիմնավորում չունենալով դրա համար (լավ է, որ շղթայակապ չեն տանում դատարան)։

Անգամ Փաշինանը լրագրողներին «ոտքի վրա» տված հարցազրույցներից մեկում ասաց` բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքն այնքան անթերի պետք է լինի, այնքան անխոցելի, որ որեւէ մեկը չկարողանա կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը։ Եվ ուրեմն, հենց ինքը պիտի շահագրգռված լիներ, որ հանրության մեջ կասկածներ չմնային` ո՛չ նախագահի անձեռնմխելիության, ո՛չ իր (եւ «Յոթի» գործով անցնող մնացած 6 մեղադրյալների) դեպքում նույն դատախազության կողմից ոչ իրավաչափ ճանաչված 300.1 հոդվածի կիրառման վերաբերյալ, ո՛չ թե քափ-քրտինք մտած` փորձեին պաշտպանել կանխավ տանուլ տված այդ պարտիան։

Բայց քանի որ ունենք այն, ինչ ունենք` ջինը արդեն շշից դուրս է եկել, Հայաստանի միջազգային հեղինակության մասին մտածելու, գոնե մի քիչ պետական մտածողություն եւ խելք ունենալու դեպքում պինդ «կբռնեին» ՍԴ նետած փրկօղակից, կթուլանային ու հաճույք կստանային` վերջապես հանգուցալուծելով երկարած այս թնջուկը։

Համ էլ կփրկեին դեմքը` հանրային դիմակայության պատճառ դարձած ակնհայտ քաղաքական, իրավական անմեղսունակության այս գլուխգործոցի ֆիասկոն բարդելով Եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի վրա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը