Կարծիք

22.07.2019 21:00


Դուք լավ էլ նույն այդ իշխանության աջակցությամբ արդյունավետ կարիերա էիք անում

Դուք լավ էլ նույն այդ իշխանության աջակցությամբ արդյունավետ կարիերա էիք անում

Երիտասարդ պատգամավորներից մեկը Բարձրագույն դատական խորհրդի կազմից մեր հրաժարականը ողջունելով նկատել է, թե իբր պետական պաշտոնյային հարիր պատշաճ վարքագիծ ենք դրսևորել: Մնում է շնորհակալություն հայտնենք այսպիսի «հոգատարության» ու «համարժեք» վերաբերմունքի համար: Ինչո՞ւ եմ չակերտների մեջ վերցրել վերոհիշյալ բառերը:

Հարգելինե՛րս, երբ, այսպես կոչված, ավազակապետության օրոք շուրջ 8 տարի պաշտոնանկ լինելուց հետո զբաղված էի զուտ գիտադասախոսական աշխատանքով (ինչպես և ներկա պահին), դուք լավ էլ նույն այդ իշխանության աջակցությամբ արդյունավետ կարիերա էիք անում, իսկ արդեն ներկա փուլում ձեզ անհայտ հանգամանքներում ընկալեցին իբրև հանրության կողմից վստահելի անձինք և, ըստ այդմ էլ՝ ընտրվեցիք խորհրդարանում:

Ձեր տեսակին պատկանող մյուս ընկերներն այս ընթացքում որևէ նոր նշանակում չեն էլ ստացել, այլ պարզապես ընտրվել են դեռ նախկին իշխանության օրոք և շարունակում են պաշտոնավարել, բայց արդեն իբրև հանրության վստահությունը կախարդական փայտիկով արագ ձեռք բերած անձինք: Ի դեպ, ես իրենց դեմ խնդիր չունեմ, մանավանդ, որ երբեք պետական համակարգի անձնակազմը անխտիր ջարդելը խիստ անընդունելի եմ համարել: Խնդիրն այն է, որ դուք Ձեզ մի վրձնի հարվածով մի համարեք գերվստահելի ու այն աստիճանի վաստակաշատ, որ կարող եք ձեզ թույլ տալ սին գովասանքի խոսքեր ուղղել մեր հասցեին. դա ևս վաստակել է պետք: Իսկ թե ինչու ենք հրաժարական տվել, նույն հանրությունը ձեզանից ավելի համարժեք է դա ընկալում:

Հ.Գ. Հասկանում եմ նախկին իշխանության օրոք քաղաքական պայքարի բովով անցած և այսօր պետական գործունեություն իրականացնող մարդկանց (լավ, թե՝ վատ, առանձին հարց է), բայց երբեք չեմ հասկացել ամեն ժամանակներում գերվստահելիներին, որոնք դեռ փորձում են բարոյախրատական ուղերձներ հղել: Տղեք ....

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը