Կարծիք

22.07.2019 15:45


Իջևանյան դեպքերը և մարտի 1–ը

Իջևանյան դեպքերը և մարտի 1–ը

Երկակի ստանդարտների կիրառումը փաշինյանական աբսուրդային իշխանության անբաժանելի մասն է: Սկսած փողոց փակելուց, վերջացրած կուտակային թոշակային համակարգի ներդման խնդիրներով՝ յուրաքանչյուր դեպքում հարցը լուծվում է այնպես, ինչպես հարմար է Նիկոլ Փաշինյան անձին:
Երկակի ստանդարտներն ու անարդարացի մոտեցումը պարզորոշ երևացին նաև օրերս Իջևանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ:
Ընդդիմադիր եղած տարիներին, մասնավորապես, 2008-ի մարտի 1-ին, Փաշինյանի համար ցուցարարները հպարտ քաղաքացիներ էին՝ արդարության համար մարտնչող, անվախ, քաջ, քաղաքացիական բարձր գիտակցության տեր մարդիկ, ում դեմ ոստիկանական գործողություն չէր կարելի իրականացնել: Այն ժամանակ Փաշինյանին այդպես էր հարմար: Հիմա, երբ ինքն իշխանության կրողն է, իր համար անցանկալի ցուցարարները դարձել են «օրինախախտ, աշխատել չցանկացող, բնությունը փչացնող» անձինք, որոնց դեմ կարելի է և պետք է իրականացնել բիրտ ոստիկանական գործողություն:
Ասել ենք և էլի ենք ասում՝ սա աբսուրդի թատրոն է՝ խիղճ ու սկզբունք չունեցող ղեկավարի բեմադրմամբ և նախաձեռնությամբ: Շատ շուտ մոռացավ Նիկոլ Փաշինյանը, թե ինչպես էր մարտի 1-ին իր ամբոխը խանութ թալանում, մեքենաներ այրում, թե ինչպես զոհվեցին երկու ոստիկաններ՝ ի թիվս քաղաքացիական զոհերի:
Հիմա, երբ արդեն թագն իր գլխին է, նրա տեսողությունն ու հիշողությունն անկում են ապրել և հարմարվել նոր իրավիճակին: Հիմա արդեն Նիկոլի համար բողոքող ցուցարարը ոչ թե հպարտ քաղաքացի է, այլ իր աթոռին վտանգ ներկայացնող սուբյեկտ: Իսկ այդպիսի սուբյեկտների Նիկոլը չի հանդուրժում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը