Մեկնաբանություն

21.07.2019 15:17


ՍԴ–ն Փաշինյանին ասաց՝ «չէ». Հ1–ի «անաչառությունը»

ՍԴ–ն Փաշինյանին ասաց՝ «չէ». Հ1–ի «անաչառությունը»

Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելու փորձը չստացվեց։ Գրոհին չօգնեցին ԱԺ ամբիոնից մատուցվող ՍԴ «նախագահի» մելամաղձոտ ձայնը, Ջհանգիրյանի փրփրակալած բերանով Հ1–ով արվող քարոզն ու «Ազատության» եթերում հնչած վնգստոցը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, «Մեր պատասխանը Չեմբերլենին» ծրագրի շրջանակներում, հնչեցրեց հոդաբաշխ ու հիստերիկությունից զերծ ձևակերպումներ՝ ցույց տալով, որ պոպուլիզմին, դեմագոգիային ու հակաօրինականությանը պետք է հակադրել բանական միտքն ու «ոչ» ասել իշխանության ուզուրպացիային։

Նիկոլ Փաշինյանին հիմա այլ բան չի մնում, քան շանտաժ անել ՍԴ դատավորներին, թե բա՝ հանրաքվեով հարցը կլուծեմ։ Իրականում ոչ մի հանրաքվե էլ նա չի կարող անել, քանզի շատ լավ հասկանում է, որ այդ հանրաքվեն կվերածվի իր անվստահության հանրաքվեի՝ «Կոնսենսուս – 1» տարբերակով։

Շանտաժից բացի՝ Փաշինյանը դիմում է նաև սպառնալիքի մեթոդին։ ՍԴ բոլոր դատավորների ու նրանց բարեկամների դեմ, մեր ունեցած տեղեկություններով, փորձում են գործեր սարքել։ ՍԴ դատավորների հեռու-մոտիկ բարեկամները հայտնվել են թիրախում։ Այդ մարդկանցից որևէ մեկը, ով երբևէ եղել է պետական համակարգում (անգամ ստորին օղակի ներկայացուցիչ) ենթարկվում է քննչական հարձակման։ Նպատակը մեկն է՝ բավարարել Փաշինյանի՝ ամբողջությամբ գրպանային ՍԴ ունենալու ցանկությունը։

Թովմասյանի պահվածքը ցույց տվեց, որ ՍԴ–ն չի ընկրկելու հիստերիկացած և օր օրի վարկանիշի կորստից ագրեսիվ դարձած մարդու հարձակումների առաջ։ Հանրության խնդիրը տվյալ դեպքում պետք է լինի ոչ թե ՍԴ դատավորներին ու դրա նախագահին, այլ սահմանադրականությունը պաշտպանելը և մեկ մարդու գրպանում գտնվող ամբողջական իշխանության ծրագրի վիժեցումը։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Հանրային հեռուստաընկերությունում հայտնված նախկին ընկերները հրապարակային բանավեճի ժանրի մեջ են հայտնվել։ Նրանք վիճում են Հ1–ը բարեփոխելու հարցի շուրջ։ Երկուսն էլ լևոնական միջավայրի մարդիկ են։

Ու մինչ նրանք վիճում են, Հ1–ը լայնորեն լուսաբանում է Փաշինյանի ամեն մի փռշտոցը, իսկ ահա ՍԴ–ի հետ կապված Հրայր Թովմասյանի գնահատականներին չի անդրադառնում, մինչդեռ ՍԴ–ն դարձել է քաղաքական առումով հիմնական թեմաներից։

Ահա թե ինչպիսին է փաշինյանական Հ1–ը։ Այնպես որ, նախկին ընկերները թող չվիճեն, քանզի իրար մասին երկուսն էլ ճիշտ կարծիք են հայտնում, իսկ ա՛յ իրենց շեֆի՝ «ժողվարչապետի» մասին լուռ են։

Ափսոս էր հին ընկերությունը, որը չդիմացավ առաջին իսկ փորձությանն ու գայթակղությանը։ Ինչպես ասում են՝ «շեղշե լա ֆամ»։ «Ֆամը» երկուսին էլ մատների վրա խաղացրեց և փակեց թեման։

Այս խորագրի վերջին նյութերը