Կարծիք

20.07.2019 23:55


Թավշյա պրոպագանդայի նպատակները

Թավշյա պրոպագանդայի նպատակները

Հոռի բարքերը մեր ժողովրդի մեջ շատ հզոր դիրքեր ունեն ոչ այն պատճառով, որ դրանք մեր մշակույթին ու մենթալիտետին են համապատասխանում, այլ այն, որ ծրագրավորված կերպով ներարկում են մեր հասարակության մեջ՝ նպատակ ունենալով չեզոքացնելու հայությանն ու Հայաստանը՝ որպես ազգ, և պետություն կայանալու հնարավորությունը: Ե՛վ ստրկամտությունը, և՛ նյութապաշտությունը, և՛ շողոքորթությունն ու կեղծավորությունը, և՛ ծախու լինելու հանգամանքը, և՛ գողականը, և՛ վախն ու ատելությունը առ ազատություն, և՛ ամեն տիպի տգիտությունն ու գռեհկությունը մեր ազգայինը չեն, մեր մենթալիտետը չեն. դրանք համամարդկային պաթոլոգիաներ են, որոնցով կարող է վարակվել ցանկացած հասարակություն, հատկապես այնպիսի հասարակություն, որը շատ թույլ իմունիտետ ունի այդ հիվանդությունների դեմ, առավել ևս, երբ դիտմամբ են այդ հիվանդությունների բացիլները շաղ տալիս տվյալ հասարակության մեջ:

Այդ իսկ պատճառով պետք չէ ամեն անգամ այդ տիպի բաները ներկայացնել որպես մեր ազգի մշակութային դրսևորումներ ու մեր նախնիներից մեզ փոխանցված նորմ և ավանդույթ: Դա բոլորովին էլ այդպես չէ, ու չի կարելի, այդպիսի թյուր պնդումների վրա հենվելով, փնովել ու հայհոյել հայ ազգային ու մշակութային հսկայական ժառանգությունը: Այդպիսի տեսակետի կողմնակիցներն ուղղակի ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, որովհետև նրանք են շահագրգիռ՝ մեզ զրկելու մեր մշակութային ավանդույթներից ու մեր պատմական հիշողությունից, որից հետո ժողովուրդը վերածվում է անցեղ ու անհայրենիք խառնամբոխի, որը հենց այն մասսան է, որի օգնությամբ գործարկվում է ազգի ինքնաբնաջնջման մեխանիզմը:

Ահա թե ինչու է մեր թավշյա իդեոլոգների հակահայ պրոպագանդան ուզում, որ այդ հոռի բարքերը ներկայացվեն որպես մեր ազգային մշակույթի դրսևորումներ, սա շատ կարևոր խնդիր է, և բոլոր առողջ ուժերը Հայաստանում պիտի բարձրաձայնեն սրա մասին ու թույլ չտան, որ դավադիր թավիշները ստոր մանիպուլյացիաների միջոցով մեր ժողովրդի մեջ ներարկեն սեփական տեսակն ու հայրենիքը ատելու սինդրոմը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը