Մեկնաբանություն

20.07.2019 12:40


Մեր օրերի Վիշինսկին իր տարերքի մեջ է

Մեր օրերի Վիշինսկին իր տարերքի մեջ է

Եթե փորձենք ամբողջացնել վերաքննիչ դատարանի` Ռոբերտ Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու որոշմանը հաջորդած «դատաիրավական» անցուդարձը, օրինականության, արդարության համար պատասխանատու մարմինների ակնհայտ ապօրինի գործողությունների եւ անգործության այնպիսի մի «հարուստ» խճանկար է ստացվում, որին ստալինյան պատժիչ մեքենան էլ կնախանձեր։

Այսպես, ուրեմն։ Հունիսի 25-ին թավշյա վարչապետի եւ իր զոմբիների «սրտի դատավոր» Արմեն Դանիելյանը կայացնում է, Արցախի նախագահների երաշխավորագրի վրա թքած ունենալով, Քոչարյանին բանտ վերադարձնելու դարակազմիկ որոշումը` անգամ չլսելով պաշտպանական կողմի առարկությունները, որից հետո առաջին ատյանի դատարանը Քոչարյանին ազատ արձակած Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, ուզեր-չուզեր, պարտավոր էր անհապաղ վերսկսել գործի քննությունը։

Առաջին հերթին պետք է քններ խափանման միջոցի հարցը, ինչը չի արվել։ Այն դեպքում, երբ Քոչարյանի փաստաբանները հաջորդ օրն իսկ «համենայն դեպս» հանդես էին եկել միջնորդությամբ` քննության առարկա դարձնելու այդ խնդիրը եւ հնարավորություն ընձեռելու երկրորդ նախագահին իրացնելու ազատության մեջ գտնվելու սահմանադրական իրավունքը։

Գրիգորյանն ինչ-որ պատճառով ձգձգում է հարցի քննությունը։ Պաշտոնական վարկածն այն էր, որ Վերաքննիչն, ի դեմս դատավոր Դանիելյանի, գործի նյութերը «պատանդ է վերցրել»` չի ուղարկել առաջին ատյանի դատարան։ Ասել է թե`անգործություն է դրսեւորել. միտումնավոր խոչընդոտել է դատաքննությանը, որովհետեւ, իբր, սրտատրոփ սպասում է պաշտպանական կողմի վճռաբեկ բողոքին։

14 օր «ոտքը կախ գցելուց» հետո, հուլիսի 9-ին, դատավոր Գրիգորյանը գնում է արձակուրդ` կամա-ակամա իր հերթին ձգձգելով խափանման միջոցի քննությունը։ Մինչդեռ, Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հավաստմամբ, «որեւէ ընթացակարգային, տեխնիկական, դատավարական, աշխատանքային իրավահարաբերություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ` անձի ազատության հիմնարար իրավունքի ապահովման համար դատաքննություն նշանակելու»։

Հուլիսի 16-ին Դավիթ Գրիգորյանի բացակայությամբ խուզարկում են իր եւ օգնականի աշխատասենյակները եւ առգրավում համակարգիչները եւ կրիչները, որտեղ, ի շարս այլ նյութերի, ֆիքսված են Քոչարյանի գործին վերաբերող նյութերը (որ, ըստ ՀՔԾ-ի, որեւէ կապ չունեն խուզարկության «առարկայի»` դատավորին վերագրված «պաշտոնական կեղծիքի» հետ)։

Խոսքը վերաբերում է դեռեւս 2018 թ. աշնանը ոմն քաղաքացու բողոքի հիման վրա անցկացված նախնական քննությանը, որի արդյունքում ՀՔԾ-ն մերժել է հայցը` դատավորի գործողություններում որեւէ «կրիմինալ» չհայտնաբերելով։ Մերժման որոշումը կայացվել է փետրվարի 18-ին, մի ամիս չանցած`որոշման օրինականությունը հսկող դատախազը, ինչպես հայտնել է Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը, հաստատել է դրա իրավաչափ լինելը, եւ որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Եվ հանկարծ, ո՜վ հրաշք, Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հաշված օրեր անց` մայիսի 22-ին մերժված դիմումատուի վրա պայծառատեսություն է իջնում. մարդը լրիվ ինքնաբուխ` առանց հուշարարների, դիմում է մեր օրերի Վիշինսկուն` Փաշինյանի սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին (որը, եթե հիշում եք, դեռ Քոչարյանի խափանման միջոցի դատաքննության եզրափակիչ փուլում հաթաթա տվեց դատավոր Դանիելյանին` լա՜վ մտածեք Ձեր որոշման հետեւանքների մասին) եւ խնդրում է վերաբացել «գործը»։ Սա էլ սիրահոժար ընթացք է տալիս դիմումին` վերացնում է ՀՔԾ-ի որոշումը եւ քրեական գործ հարուցում դատավորի նկատմամբ 314-րդ հոդվածի հատկանիշներով։

Այդ «շրջանակներում» խուզարկում եւ «թիրախավորված առգրավում են այն ամենը, ինչը կարող է Քոչարյանին հիշեցնել, ինչի վրա կարող էր լինել «Քոչարյան» կամ Քոչարյանի գործին վերաբերող փաստաթուղթ: «Եթե «Քոչարյան» ազգանունով անձ լիներ, նրան էլ կառգրավեին»,-ասում է փաստաբանը` հավելելով, որ իրենք բողոքարկել են իրավապահների գործողությունները. հաղորդում են ներկայացրել ՀՔԾ քննիչի եւ ոստիկանության աշխատակիցների դեմ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ, եւ հույս ունեն, որ արդարությունը կհաղթի` օրինախախտները պատասխանատվության կենթարկվեն։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, եւ ոչ միայն նրանք, այստեղ ակնհայտ միտում են տեսնում։ Այն է`հնարավոր ու անհնար, թույլատրելի եւ անթույլատրելի բոլոր միջոցներով ձգձգել, խոչընդոտել Քոչարյանի խափանման միջոցի քննությունը եւ հնարավորինս երկարաձգել երկրորդ նախագահին փակի տակ պահելու հաճույքը։

Որովհետեւ լավ գիտեն` նման պարզունակ, էժանագին հնարքներով անհնար է անվերջ շեղել «գործը» իր բնականոն հունից, եւ այս ամենը վաղ թե ուշ վերջանալու է նիկոլական անարդարադատության, վերջին հաշվով` «փաշիստական» կառավարման լիակատար եւ վերջնական ֆիասկոյով։

Ամբողջ խնդիրն այն է, թե մինչեւ ո՞ւր կարող է իջնել «Նոր Հայաստանի դատախազությունը»` օրենքները բացահայտորեն ոտնահարելու գնով տիրոջը «ծառայելու» իր հաստատակամության մեջ։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը