Կարծիք

19.07.2019 14:05


Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Թողե՛ք` վայելի քափ-քրտինքով վաստակած «ժողովրդի իշխանությունը»

Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը, չունենալով «ժողովրդի» աջակցությունը (ժողովուրդ ասելով` ում կամ ինչ հասկանալ, տվյալ դեպքում էական չէ. դա խիստ հարաբերական, ամորֆ, փոփոխական` ժամանակի մեջ ձգվող կամ հակառակը` շագրենի կաշվի պես սեղմվող մի բան է), «բուդկի պես» սեփականաշնորհել էր մի ամբողջ Սահմանադրական դատարան։

Նիկոլ Ամենակարողը, ունենալով մի տարի առաջ իր անունով երդվող «ժողովրդի»` մոլորյալ հոտի ոչ այն է` 80, ոչ այն է` 70, ոչ այն է` 60, ոչ այն է` 30 տոկոսի «անմնացորդ աջակցությանը», Առնո Բաբաջանյանի արձանի հետեւի «ադի-բուդու բուդկի պես» սեփականաշնորհել է կառավարությունը եւ օրենսդիր իշխանությունը։

Հիմա էլ ուզում է սեփականության վերաբաշխում անել` Սահմանադրական դատարանը գրանցել իր անունով եւ օրինականացնել դատական իշխանությունն անհատույց տնօրինելու լեգիտիմ իրավունքը։

Ուզածը մե՞ծ բան է, որ դիմադրում եք, բողոքում եք, հացին վայիս եք լինում, չեք թողնում հանգիստ վայելի քափ-քրտինքով` տարիների տաժանակիր կազմալուծիչ, կազմաքանդիչ աշխատանքով, ընդհուպ «Մարտի 1»-ի 10 զոհերի արյան գնով վաստակած «ժողովրդի իշխանությունը»։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը