Կարծիք

14.04.2010 11:13


Ճանապարհային քարտեզ դեպի անհայտություն կամ հետաձգման նոր մարտավարություն. Ցեղասպանության ճանաչում 2015 թվականի՞ն

Ճանապարհային քարտեզ դեպի անհայտություն կամ հետաձգման նոր մարտավարություն. Ցեղասպանության ճանաչում 2015 թվականի՞ն

Հայ -թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացում մատնվելով փակուղային վիճակի, մեծ պետություններն իրենց հեղինակությունը փրկելու համար հուսահատորեն ուղիներ են փնտրում այս երկընտրանքից դուրս գալու համար: Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չափազանց շատ ժամանակ ու ջանքեր են ներդրել և չեն կարող հեռանալ բանակցված ու ստորագրված, սակայն չվավերացված «դարի գործարքից»:

Սույն հոդվածը գրելու պահին, Հայաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Օբամայի կողմից հրավիրվել էին Վաշինգտոն' Արձանագրությունները փրկելու կամ գոնե հաշտեցման գործընթացում առաջընթացի պատրանք ստեղծելու վերջին ջանքեր գործադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների կամ Արցախի հակամարտության կարգավորման հարցի բարելավման ամենափոքր նշանը կամ անգամ խոստումը հնարավորություն կտա նախագահ Օբամային քողարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տված իր խախտած խոստումը:

Շուտով պարզ կդառնա, թե Սպիտակ տան ճնշումը Հայաստանի և Թուրքիայի վրա կհանգեցնի որևէ դրական արդյունքի, ինչպիսին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի մասնակի բացումն է' նախքան Արձանագրությունների վավերացումը: Ադրբեջանի նախագահին միտումնավոր դուրս թողեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից, որպեսզի չխոչընդոտի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին: Թուրքական կողմի համառության դեպքում Հայաստանի նախագահին այլ բան չի մնում անել, բացի Արձանագրություններից իր երկրի ստորագրությունը հետ վերցնելը' մեղադրելով Թուրքիային նախապայմաններ առաջադրելու և Արցախն Ադրբեջանին հանձնելու պահանջի համար:

Փակուղուց դուրս գալու համար, Կարնեգիի միջազգային խաղաղության հաստատության ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալը ապրիլի 9-ին, Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես առաջ հրապարակել է «Քաղաքականության ամփոփագիր»: «Հայաստան և Թուրքիա. Կամրջում» զեկույցում նա առաջարկում է «բարի կամքի» հինգ դրսևորումներ, որոնք Թուրքիան պետք է կատարի Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն ուժի մեջ պահելու համար.

  • Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացում ոչ առևտրային ճանապարհորդների համար,
  • Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից Թուրքիայի տարածքի մասնակի բացում, որտեղ գտնվում է միջնադարյան հայկական Անի քաղաքը: Հայ զբոսաշրջիկներին դա հնարավորություն կտա այցելել այս հինավուրց վայրերը:
  • Թուրքական նախաձեռնություն'ամբողջովին բացելու և թվայնացնելու Օսմանյան արխիվները, որտեղ պահպանվում են 1915 - 1921թթ. իրադարձությունների վերաբերյալ օսմանյան պաշտոնական փաստաթղթերը,
  • Թուրքական կառավարության նախաձեռնություն' հրավիրելու սփյուռքահայերին այցելել Անատոլիայի հինավուրց հայկական ժառանգության վայրերը,
  • Ստամբուլի և Երևանի միջև Turkish Airlines-ի համար ավիաուղիի բացումը:

Դը Վաալը առաջարկում է, որ Հայաստանն էլ իր հերթին խոստանա «վերջ դնել Նախիջևանի մեկուսացմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման դեպքում»:

Վերոնշյալ պարզունակ գաղափարներն առաջարկելուց հետո, դը Վաալն անդրադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին և փորձում երկարաժամկետ լուծում մշակել ամերիկահայերի լոբբիստական ամենամյա ջանքերի դեմ, որոնք «խեղում են» Միացյալ Նահանգները: Կոնգրեսում այս հարցի շուրջ հայերի և թուրքերի միջև առճակատումը նա անվանում է «կեղտոտ քաղաքական սակարկություններ»:

Ըստ դը Վաալի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի խախտած խոստումը և Ցեղասպանության փոխարեն նրա կողմից «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումը "արժանի ձևակերպում" է:

Ահա թե ինչ է առաջարկում դը Վաալը.

«Այս ամենամյա հոգեվարքից ազատվելու համար, կարծում եմ, որ հայ-թուրքական հարցը պետք է վերաձևակերպել ավելի երկարաժամկետ հեռանկարում: Հինգ տարի անց' 2015 թվականին Հայոց հոլոքոստի մոտալուտ հարյուրամյակը, և Թուրքիայում "Հայկական հարցի" վերաբերյալ աճող բանավեճերը խթան են հանդիսանում նման մոտեցման համար: 2015 թվականին, թուրքերին դուր կգա, թե'ոչ, սակայն աշխարհը կնշի հայկական ողբերգության տարելիցը: 2010 թվականի Ապրիլի 24-ի իր ուղերձում նախագահը կարող է ասել, որ հարյուրամյա ոգեկոչմանը մնացել է հինգ տարի, և եթե նա դեռ պաշտոնում է, խոստանում է մասնակցել այս միջոցառումներին (հնարավոր է անգամ Երևանում), սակայն միաժամանակ խոստանում է մի փոքր դադար տալ թուրքերին' հույսեր կապելով Թուրքիայի ներսում տեղի ունեցող քննարկումների հետ: Օբաման կարող է ասել. "Մենք հուսով ենք այս ողբերգական տարեթիվը նշել մեր թուրք ընկերների հետ և ոչ թե'առանց նրանց", և ձգտել դառնալ հայ-թուրքական հաշտեցման խթանող»:

Դը Վաալի առաջարկը, պարզապես ծուղակ է Հայոց ցեղասպանության հարցը հինգ տարի ևս թաղելու համար, մինչ այդ շունչ քաշելու ժամանակ շահել' տապալված Արձանագրությունները վավերացնելու համար:

Նախքան նախագահ Օբամայի որևէ նոր խոստմանը հավատ ընծայելը, նա պետք է կատարի իր արդեն տված և խախտած խոստումը: Բացի այդ, ինչ երաշխիքներ կան, որ Նախագահը կվերընտրվի երկրորդ անգամ կամ էլ ընտրվելու դեպքում կկատարի իր խոստումը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը