Մեկնաբանություն

18.07.2019 12:05


Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Իջևանի անկախացումը. ինչպես կանխել պետության վախճանը

Երեկ Երևանում ու Իջևանում շատ ուշագրավ և զուգահեռ գործընթացներ էին տեղի ունենում։

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տալիս «շոպլիկության» ակադեմիկոս ու քծնողական ոճով աշխատող, մշտաժպիտ Հրայր Թամրազյանին՝ «Ազատություն» ռադիոկայանի այն ղեկավարին, որի հետ նստած ծառի տակ, պատկերավոր ասած, նկարում էին նապաստակ։

Նիկոլի ճղճղան ձայնի, դեմագոգիկ ձևակերպումների, «բուլաթ» ատամով համեմված կեղծ ժպիտի, գեղցիական շուստրիության ու հեղափոխական թրաշի տակ թաքնված էր վախը, որը նա փոխհատուցում էր ագրեսիվ խոսքով։ Ու մինչ նա փաստացի սպառնում էր տանկերով ճզմել ընդդիմությանն այն դեպքում, երբ իր աթոռը տակից գնալուց լինի, Իջևանում փողոց էին փակում։

Իջևանում դեռ չէին լսել Նիկոլի հարցազրույցը, բայց գործում էին «ժողովրդի» վարչապետի հարցազրույցի ոգով։ Ճիշտ է, տանկեր դուրս չբերվեցին ոստիկանների դեմ, բայց քարերով նրանց լարեցին։ Այսինքն, առաջնորդվեցին Նիկոլի պատգամներով. իրենց ոստիկաններն են. կուզեն՝ կլարեն, կուզեն՝ չեն լարի։

Իջևանը երեկ, կարելի է ասել, անկախացավ ՀՀ–ից, քանզի այնտեղ չընդունվեց ոստիկանության հարկադրանքի լեգիտիմ իրավունքը։ Անկախ այն բանից, թե ինչքանով են ճիշտ ցուցարարները և ճանապարհ փակողները կամ ինչքանով՝ սխալ, երբ ոստիկանությունը «պոլի չուլ» է դառնում, և ուսադիրավոր մարդը հարվածներ է ստանում, նշանակում է՝ պետությունը տվյալ տարածքում մահացել է։ Եվ շատ խորհրդանշական է, որ պետությունը «մահանում» է Փաշինյանի ծննդավայր Իջևանում։

Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն արժեզրկում ու վարկաբեկում է պետական կառույցները և հատկապես ուժայինները։ Նրա քարոզչության հիմնական ուղղություններն են՝

–ոստիկանությանը չենթարկվելը, ոստիկաններին հարվածելը, վարկաբեկելը և նույնիսկ սպանելը հպարտ քաղաքացու սուրբ պարտականությունն է և հեղափոխական ժողովրդի բուն անելիքը,

–մենք ոչ թե ունենք հաղթանակած բանակ, այլ թալանչի գեներալների կառույց, և մեր զինվորները սահմանի վրա զոհվել են հանուն ոչնչի, դե, իսկ «թավշյա» հեղափոխությունն ավելի կարևոր բան է, քան Արցախյան ազատամարտը։

Հայաստանում, ըստ այդմ, անբնական վիճակ է ստեղծվել։ Ուղնուծուծով հակապետական մտածողությամբ մարդու ձեռքում է հայտնվել պետությունը։ Ամբոխավարին հակացուցված է պետական կաբինետը, և այդ մասին մի ժամանակ հենց Փաշինյանն է խոստովանել իր գրքում։

Կարո՞ղ է երկար շարունակվել այս վիճակը։ Համոզված ենք, որ ոչ. չի կարող։

Պետությունը հետաքրքիր օրգանիզմ է։ Այն իր միջից միշտ դուրս է նետում հակապետական տարրին։ Խնդիրը ժամանակի մեջ է։ Ու պետք է ամեն ինչ անել, որ ժամանակը սեղմվի, ու այդ ընթացքում ավերածությունները նվազագույնի հասցվեն։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը