Կարծիք

17.07.2019 13:55


2016 թ. հուլիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը մի կրակոց հանգեցրեց մի ամբողջ ազգի պառակտման

2016 թ. հուլիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը մի կրակոց հանգեցրեց մի ամբողջ ազգի պառակտման

Մի քանի ժամ հետո կլրանա 3 տարին, երբ հայ ազգի մի զավակը մարտակամ զենք բարձրացրեց մյուս հայորդու դեմ: Այդ օրը այն ջրբաժանն էր, երբ հայ մարտիկը սպանեց պոստին կանգնած հայ մարտիկի:
Խոր ցավ եմ ապրում այն փաստից, որ հենց այդ օրն էր, երբ առաջին անգամ հայ հասարակությունը կիսվեց երկու մասի, իսկ մենք չընկալեցինք դրա վտանգը, չգնահատեցինք իրական սպառնալիքի աստիճանը, չձեռնարկեցինք և ոչ մի քայլ՝ ուշքի բերելու հասարակությանը:
Հասարակության մի մասը համարում էր, որ ՊՊԾ գնդի վրա հարձակվողներն իրական հերոսներ են, և նրանց գործողություններն ունեն մի նպատակ` թույլ չտալ թուլամորթություն, կանխել «հող հանձնողների» գործողությունները, և որ ոստիկանի մահն անցանկալի, դժբախտ պատահար է, իսկ մյուս մասը` որ այդ գործողությունը ունի մեկ հստակ անվանում` ահաբեկչություն:
Ցավոք, չհնչեց իշխանության գնահատականը, որը պարտավոր էր դա անել` տալ քաղաքական գնահատական և ամբողջ գործողությունները կառուցել այս գնահատականի շուրջ: Եվ ընդհակառակը՝ ընտրվեց այն, ինչը բնորոշ էր` լռել, սպասել, հետո կոծկել, կորցնել հիշողությունը, մոռացության մատնել:
Այսինքն, ասել է թե՝ «բարի» լինել...
Բայց, արի ու տես, որ ճիշտ չգնահատված իրականությունը շարունակեց զարգանալ այն հունով, որով և պետք է ընթանար՝ խեղաթյուրելով, գրոտեսկային ձև հաղորդելով և անդառնալի կոռոզիայի ենթարկելով հասարակության ջրբաժանը: Բժիշկները լավ գիտեն, որ սեպսիսի ենթարված օրգանիզմը չի պանջում տաք պահել ոտքերը. այն պահանջում է արագ և լրջագույն բուժում...
Ասում են, թե թիթեռի թևերի մի հպումը կարող է հանգեցնել փոթորկի աշխարհի մյուս ծայրում ...
Չգիտեմ՝ արդյոք դա այդպե՞ս է, թե ոչ, բայց 2016 թվականի հուլիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը մի կրակոց հանգեցրեց մի ամբողջ ազգի պառակտման:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը