Կարծիք

17.07.2019 11:20


Սեփական պետության դեմ զենք բարձրացնել չի կարելի

Սեփական պետության դեմ զենք բարձրացնել չի կարելի

1980-ականների երկրորդ կեսին, երբ ես արդեն փոքրիշատե գիտակցում էի, թե ինչ է կատարվում շուրջբոլորս, մի հարցում մեծ զարմանք էի ապրել։
Շատ կարդում էի հայ ազատագրական պայքարի մասին ու նեղվում էի, որ Անդրանիկ Օզանյանը մենակով կռիվ ա տվել հա՛մ Հայաստանում, հա՛մ Բուլղարիայում։

Հետո, 1990-ականների երկրորդ կեսին, երբ ոչ միայն գիտակցում էի, այլև վերլուծում էի, հասկացա, որ քարոզչության զոհ եմ դարձել. պարզեցի, որ ԽՍՀՄ ժամանակ պաշտոնապես փառաբանվել է միայն Անդրանիկը, ով, չլինելով ամենատաղանդավորն ու ամենաարդյունավետը, հետագայում թույլատրված գրքերի ու երգերի շնորհիվ ստացել էր նման ընկալում։

Իսկ բառացիորեն երեկ, շնորհիվ մի հրաշալի պատմաբանի, իմացա, որ երբ 1960-ականներից սկսած՝ հայկական ինքնագիտակցությունը բուռն զարթոնք էր ապրել, ու հերոսներ կռելու կարիք կար, Կենտրոնը նման հերոս նշանակել էր Անդրանիկին մի պարզ պատճառով. նա Հայաստանը լքել էր 1919-ին ու չէր հասցրել պայքարել Հայաստանի սովետիզացիայի դեմ, ավելին՝ նույնիսկ ողջունել է Բաքվի կոմունայի գործունեությունը։

Այսինքն՝ սովետների տեսանկյունից Անդրանիկը կարող էր և դարձավ սովետական հայ ժողովրդի անշառ հերոս։ Բնականաբար, իմ կարծիքը մի փոքր այլ է այն մարդու մասին, ով Համզաչիման նստած՝ չի մասնակցում Ղարաքիլիսայի ճակատամարտին ու արտագաղթում է հարյուրավոր մարտահրավերների դեմ առած հայրենիքից։

Էսքանը գրեցի մի պարզ պատճառով. այսօր ՊՊԾ գնդի գրավման օրն է։ Էս փաստին իմ գնահատականը տվել եմ հենց նույն օրը, ու այն չի փոխվել, ու չի փոխվելու։ Պարզ պատճառով՝ իմ գնահատականները չեն ձևավորվում քարոզչության ու էմոցիաների ազդեցության տակ։ Դրանց ելակետը համոզմունքն ու սկզբունքներն են, որոնց հիմքում կոնկրետ պնդում կա.

պետությունը կարող է լինել ոչ արդյունավետ, կառավարիչները կարող են լինել հղփացած ու կաշառակեր (ինչը պետք է շտկվի անշուշտ), բայց սեփական պետության դեմ զենք բարձրացնել չի կարելի։ Ընդգծում եմ՝ պետության, ինստիտուտի, ոչ թե մարդկանց։

Մնացածը ժամանակը ցույց կտա։

Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը