Կարծիք

13.04.2010 16:57


Կիսաճշմար- տությունների ժամանակը

Կիսաճշմար- տությունների ժամանակը

Հայրենի ներքաղաքական դաշտը այսօր հեղեղված է կիսաճշմարտություններով, որոնք էապես խոչընդոտում են քաղաքական գործընթացների առողջ եւ բնականոն զարգացմանը: Կիսաճշմարտություններով առաջնորդվողները հետապնդում են մեկ պարզագույն նպատակ' տիրանալ ամբողջական ճշմարտության այն հատվածին, որտեղ պետությունը արձանագրել է հաջողություններ, իսկ սխալները, որի հետեւանքով հասել ենք այս ծանրագույն վիճակին, վերագրել քաղաքական հակառակորդներին: Իհարկե, նրանց համար կարեւոր է նախահարձակ լինելու գործոնը, իսկ  բարոյականությունը, առավել եւս այս դեպքում, ընդհանրապես քաղաքական կատեգորիա չի դիտվում: Հանգամանքների բերումով, այսօր քաղաքական երկու հակադիր բեւեռների համար շահեկան չէ ամբողջական ճշմարտության լեզուն, այն պարզ պատճառով, որ կողմերի փաստացի առաջնորդներն ի սկզբանե հանդես են եկել նույն թիմում եւ կանգնած են մեր նորանկախ պետության թե՛ արձանագրած հաջողությունների եւ թե գործած սխալների ակունքներում: Խոսքը վերաբերում է այսօրվա իշխանության  եւ  ընդդիմադիր մեծամասնության' ՀԱԿ առաջնորդներին: Անհերքելի իրողություն է, որ կիսաճշմարտությունը շատ ավելի վտանգավոր է, քան բացարձակ սուտը: Իսկ մեր լրատվական դաշտի պայմաններում, որտեղ գրեթե բացակայում են ազատ եւ անկախ լրատվամիջոցները, կիսաճշմարտությունը հասարակության զգալի հատվածին մատուցվում է ճշմարտանման, ինչը խոչընդոտում է երեւույթների պատճառահետեւանքային կապի անկողմնակալ բացահայտմանը:

Փորձեմ ասվածը տեղայնացնել ներկայումս առավել քննարկվող երկու օրինակներով, որոնք այսօր որոշիչ են դարձել արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներում' ինչո՞ւ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից եւ' ինչի՞ հետեւանք էր մարտի 1-ը:

Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ ԼՂՀ-ն բանակցային ձեւաչափից դուրս  է մղվել Հայաստանի իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետեւանքով: Իմ կարծիքով, դիվանագիտական այս կոպիտ սխալի հիմքերը դրվեցին այն պահից, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նշանակեց ՀՀ վարչապետ: Իշխանության նպատակը մեկն էր' այս նշանակումով հնարավորինս լիցքաթափել նախագահական ընտրությունները մասսայաբար եւ բացահայտ կեղծելու հետեւանքով Հայաստանում առաջացած ներքաղաքական պայթյունավտանգ իրավիճակը: Ըստ էության, ամեն գնով իշխանությունը պահելու համար այս □պատմական զոհաբերությունը□ Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական աններելի սխալ էր, որը միջազգային դիվանագիտական հարթության վրա անլրջություն հաղորդեց ինքնորոշված եւ ինքնիշխան ԼՂՀ-ի' որպես անկախ պետության միջազգային իմիջին: Այնուհետեւ' արդեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի խորացրեց այդ սխալը, ինչի արդյունքում Ղարաբաղը դե յուրե  այլեւս դուրս մղվեց բանակցային գործընթացից: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեյի եւ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի բացահայտումները ընդհանրացրին ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս մղելու ամբողջական պատկերը: Ադրբեջանը եւ նրա հովանավորները կարողացան առավելագույնս օգտվել մեր իսկ կողմից թույլ տրված սխալներից եւ ղարաբաղյան հակամարտությունը մղել երկու պետությունների' Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարածքային վեճի դաշտ, ինչը, պետք է խոստովանել, միջազգային ամբիոններում ինչ-որ առումով նրանց հաջողվեց: Այս դեպքում, երբ արմատապես փոխվում է հակամարտության բնույթն ու միջազգային դիվանագիտական հարթությունում ընկալվող  կարգավիճակը, չափազանց դժվար է լինելու Ղարաբաղին նորից հետ վերադարձնել բանակցային ձեւաչափ' որպես լիիրավ կողմ: Իրականությունը սա է: Եվ այժմ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով անտեսել ԼՂՀ-ին բանակցային ձեւաչափից դուրս մղելու գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշիչ ներդրումը, ազնիվ չէ:

Կիսաճշմարտությունների նույն ձեռագիրն է նաեւ մարտիմեկյան իրադարձությունների մատուցման պարագայում: Մարտի 1-ը մեր համազգային ամոթն ու ողբերգությունն է, որն, ըստ էության, 2008 թվականի նախագահական ընտրությունների ծրագրավորված եւ լայնամասշտաբ կեղծելու արդյունք էր: Մի առիթով նշել եմ, որ մարտի 1-ին մենք Երեւանի կենտրոնում թողեցինք գրեթե նույնքան զոհ ու վիրավորներ, ինչքան բուն Շուշին ազատագրելիս: Փաստը դաժան է, գրեթե պետականության մահախոսականի պես մի բան: Այդ օրը Հայաստանի իշխանությունը հիմավորապես արյունոտվեց:

Միայն այն փաստը, որ մինչեւ այժմ ՀՀ արդարադատությունը չի ցանկանում բացահայտել ողբերգության կազմակերպիչներին ու իրականացողներին, արդեն աղաղակում է այն մասին, որ իրադարձությունների գլխավոր մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանությունն է: Եվ այս ողբերգության ամբողջ մեղավորությունը բարդել ընդդիմության վրա' պարզապես աչքակապություն է: Բայց նաեւ խոսել մարտի 1-ի մասին եւ չնշել, որ այդ օրվա դիպուկահարները ծնվեցին 95 -96 թվականների ընտրությունները կեղծելու պահին' նույնպես աչքակապություն է: Ուղղակի հետագա տարիների ընթացքում ընտրությունները կեղծող հրեշը դարձավ ավելի արյունախում, ձեռք բերեց դիպուկահարի հատկանիշներ, ինչը անվրեպ օգտագործվեց 2008թ. հետընտրական գործընթացում: Ճակատագրի հեգնանքը բումերանգի էֆեկտի մեջ է' գնդակահարվեցին բարիկադի մյուս կողմում հայտնված' այդ հրեշին ծնող եւ սնող հոգեւոր հոր եւ գլխավոր ճարտարապետի երիտասարդ անմեղ կողմնակիցներ, որոնց տեսակը 96-ին նույնպես պայքարում էր ընտրությունները կեղծելու դեմ:

Կիսաճշմարտությունների լեզուն առկա է նաեւ  քաղբանտարկյալների մասով: Խոսել այսօրվա քաղբանտարկյալների մասին եւ չփաստել, որ այդ խայտառակ ավանդույթը ձեւավորվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք' նույնպես ազնիվ չէ: Մասնավորապես, չարաբաստիկ 96-ի նախագահական ընտրություններից հետո բանտախցերը նույնպես հեղեղվեցին ընդդիմադիր քաղաքական գործիչներով, եւ Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման ու ժողովարդավարության բռնաբարման թեման այսօրվա նման միջազգային ամբիոներում  դարձավ օրակարգային: Միայն չորս բանտախցեր □հյուրընկալել□ էին ԱԺ չորս պատգամավորների: Իմ մենախցի համարը 4-րդն էր, որն, ինչպես պարզվեց, հետագայում դարձավ  բոլոր ժամանակների ԱԺ ընդդիմադիր պատգամավորների համար կալանատեղի, ինչը ճշտապահորեն օգտագործվում է նաեւ այսօրվա իշխանությունների կողմից:

Կարելի է շարունակել կիսաճշմարտությունների ամենօրյա շքերթների թվարկումը, որով այսօր հեղեղված է մեր քաղաքական իրականությունը: Բայց դրանից երեւույթի վտանգավորության եւ հարցի բարոյական շեշտադրումները չեն փոխվի: Եթե իսկապես ուզում ենք հասկանալ, թե ինչու պետությունը հասավ այս վիճակին եւ ովքեր են հիմնական պատասխանատունները' հարկավոր է հրաժարվել կիսաճշմարտության լեզվից եւ ամբողջական ճշմարտությանը նայել բաց աչքերով: Այսօր ավելի խորքային եւ լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած. մեր իսկ թույլ տված սխալների պատճառով Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության խնդիրը դարձել է մեզ պարտադրված oրակարգ: Չգիտես ինչու, այսoր գրեթե անուշադրության է մատնված այն չափազանց վտանգավոր իրողությունը, որ ահռելի չափերի է հասել երիտասարդ ընտանիքների արտագաղթը Հայաստանից: Գաղթի ուրվականը վաղվա նկատմամբ հեռանկարի բացակայության պայմաններում անարգել թակում է իրենց երեխաների ապագայով մտահոգված ընտանիքների դռները: Նախագահական վերջին ընտրություններից հետո Ս.Սարգսյանի կողմից ժողովրդին տրված բոլոր խոստումներն, առանց բացառության, ձախողվել են: Կոռուպցիան, որպես բարձրագույն իշխանական երեւույթ, շարունակում է փթթել: Կադրային քաղաքականությունն ուղակի վերածվել է զավեշտի, դատաիրավական համակարգի գնահատականը' մարտի 1-ի սպանությունների բացահայտումը ձեզ օրինակ: Իշխանությունների' քծնանքի եւ փողի նկատմամբ իմունիտետի իսպառ բացակայությունը գրեթե բոլոր արժեքները վերածել է մանրադրամի, որն օր-օրի ավելի է արժեզրկվում: Հարկավո՛ր է, վերջապես, կանգնեցնել պարտությունների այս տեւական ընթացքը:  Ինչպես վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո, այժմ էլ այն կարծիքին եմ, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու, այս բոլոր դժբախտությունների ծնող պատճառները վերացնելու միակ տարբերակը' համապետական արտահերթ ընտրությունների անցկացումն է: Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է ժողովրդի մեծամասնության արդար եւ ազատ քվեով ընտրված լիգիտիմ իշխանություն, որը նաեւ ժամանակ եւ հնարավորություն կտա հատկապես փակուղում հայտնված արտաքին քաղաքականության մեջ որոշ շեշտադրումներ սրբագրել: Հարցի լուծման լավագույն տարբերակը նախագահ Ս. Սարգսյանի կողմից այդ ընտրությունների կազմակերպումն է: Խորապես համոզված եմ, որ եթե իշխանությունը ցանկանա' կարող է ապահովել ընտրողների ազատ եւ արդար կամաարտահայտելու իրավունքը: Նկատի ունենալով, թե ինչի են ունակ մարդիկ իշխանություն ձեռք բերելու համար, դժվար թե ընթերցողը առաջարկությունս իրատեսական համարի: Բայց վստահ եմ' մյուս բոլոր տերբերակների դեպքում պետությունը կշարունակի արձանագրել նորանոր պարտություներ: Միեւնույն է, այսպես երկար չի կարող շարունակվել եւ առաջիկա մարտահրավերները մեզ պարտադրելու են գնալ արտահերթ ընտրությունների:

Ռուբեն  Հակոբյան

Նյութը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում

Այս խորագրի վերջին նյութերը