Կարծիք

17.07.2019 07:48


Երեք ծովերից հավասարապես հեռու

Երեք ծովերից հավասարապես հեռու

Սևանի հետ կապված բնապահպանական խնդիրները հետաքրքրեցին բոլորին։ Խոսեցին համարյա բոլորը, և, ինչպես միշտ, մասնագիտական մեկ-երկու կարծիքը կորավ համընդհանուր աղմուկի մեջ։ Մինչդեռ շատ հարմար առիթ է սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցերին հրապարակային հնչեղություն տալու և քննարկելու համար։

Հայաստանում նոր տնտեսական ուղղություններից են ձկնաբուծությունն ու խեցգետնաբուծությունը։ Բայց այս ոլորտները երբեք թվերի տեսքով չեն քննարկվել։ Շարքային սպառողի համար անհասկանալի էր խեցգետնի գների թռիքաձև աճը։ Իսկապես էլ երկրում, ուր բնակչության մեկ երրորդը աղքատ է, խեցգետինն իրավամբ պիտի շքեղություն համարվի։ Բայց եթե դիտարկենք ոլորտի վիճակագրությունը, ահագին փաստեր կբացահայտենք, որ հնարավոր է՝ օգնի հասկանալ այն, ինչ կատարվում է Սևանի հետ։

Եթե հիշողությունս չի դավաճանում, լճում խեցգետին հայտնվել է անկախության տարիներին։ Երկար տարիներ այն էկզոտիկա էր համարվում, մինչև դարձավ լրջագույն բիզնես։ Առաջին անգամ այս մասին կարելի էր հասկանալ 2002թ., երբ արտահանման ծավալը, նախորդ տարվա համեմատ, աճեց 1 մլն դոլարով (կազմելով մոտ 1․7 մլն դոլար)։ Հենց հաջորդ տարի արտահանումների ծավալը կրկնակի աճեց։ 2007թ. արտահանումների ծավալն առաջին անգամ գերազանցեց 4 մլն դոլարի ցուցանիշը։ 2009-2010թթ. ցուցանիշը նվազեց, ապա կրկին կտրուկ աճեց։

Խեցգետնի արտահանման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2013թ.։ Այդ տարի արտահանվել է մոտ 4 300 տոննա խեցգետին՝ մոտ 15 մլն 116 դոլար արժեքով։ Արտահանման ծավալը հաջորդ տարի կրճատվեց՝ դառնալով մոտ 13․2 մլն դոլար։ Դա վերջի սկիզբն էր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սևանում ու մյուս լճերում որսի վայրագ մեթոդները վերջնականապես «միզերացրին» ոլորտը։ Սևանում, ըստ փորձագետների, ջրի որակն արդեն նպաստավոր չէր խեցգետինների բազմացման համար։ 2017թ. արտահանվել է մոտ 677 հազար դոլարի խեցգետին, իսկ 2018-ին՝ ընդամենը 69 հազարի։

Հայտնի բան է՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պաշտոնական վիճակագրությունը ձկնարդյունաբերության ոլորտը հաշվառում է երեք բաժնով։ Առանձին-առանձին հաշվառվում է, թե որքան ձուկ է արտահանվում կենդանի վիճակում, որքան՝ թարմ, որքան՝ սառեցրած։ Թվերն անսպասելիորեն շշմեցնող են։ Անցած տարի Հայաստանից արտահանվել է 23 մլն 368 հազար դոլար արժեքի ձուկ։ Ընդ որում, Հայաստանում ձկնարդյունաբերությունը զարգանում է խեցգետնի արտահանմանը հակառակ։ Հիմա երբեմն կարելի է մասնագիտական դիտարկումներ հանդիպել այն մասին, որ ձկնարդյունաբերությունը զարգացավ՝ անկանխատեսելի հետևանք թողնելով մեր ջրային տնտեսության վրա։ Սովորաբար, առաջին հերթին խոսվում է Արարատյան դաշտի ու հարակից շրջանների արտեզյան ջրերի պաշարի մասին։ Սա հարկավ հմուտ երկրաբանների մասնագիտական վերլուծության թեմա է։ Բայց, ինչպես բոլոր հեղափոխական շրջաններում, մեր օրերում էլ մասնագիտական միտքը նահանջում է հասարակական կարծիքի առաջ։ Մենք այդպես էլ չենք իմանա, թե մասնագետների կարծիքով Արարատյան դաշտավայրի արտեզյան «ջրազրկումը» ինչ հետևանք է ունենալու Սևանի ու մյուս՝ բարձրադիր ջրային բնական ավազանների վրա։ Հիմա ամենաարժեքավորն ու ամենանորաձևը բյուջեն է։ Ավելի ճիշտ՝ այն, ինչ բյուջեի մուտք է ապահովում։ Իշխանությունների համար, իհարկե։ Կանաչների համար մոդայիկը հանքարդյունաբերության դեմ պայքարն է։ Բնականաբար, ընտրովի պայքարը։

Ամենատարօրինակն այն է, որ 2019թ. արտահանման բոլոր տվյալներով՝ ձկան (արտահանման բոլոր տեսակներով) «գրաֆիկը» գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Սևանի ծաղկումը ևս գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները։ Բայց եկեք ձևացնենք, որ դա մեզ հայտնի է 1964 թվականից։ Սա բոլորիս հնարավորություն կտա ձևացնել, որ մեղավորը մենք չենք։ Հատկապես որ 1964թ. բնապահպանների (եթե այդպիսիք եղել են) անունները չեն պահպանվել։ Եկեք երեք ծովերից հավասարապես հեռու մեր հայրենիքից շարունակենք ձուկ արտահանել։ Ամեն տարի ավելի շատ ու մտածենք։ Մտածենք հավերժի մասին ու մտածենք, որ որակի անկումը չենք նկատում։ Ոչ մի ոլորտում չենք նկատում։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը