Մեկնաբանություն

16.07.2019 11:50


Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում (տեսանյութ)

Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանն ամփոփող փաստաթուղթը հոգեխանգարմունք է առաջացրել իշխող ուժի մոտ։ Եվ դա բնական է, քանզի Ջիանի Բուքիքիոյի գլխավորած կառույցը 3 կետով սխալ է հանել Նիկոլ Փաշինյանի քայլերը։

Վենետիկում արձանագրել են, որ դատարանների վրա ճնշում է գործադրվել, ու վեթինգի սպառնալիք է կիրառվել Ռոբերտ Քոչարյանի «գործի» շրջանակներում։ Այսինքն՝ փաստվել է, որ 2–րդ նախագահի գործը քաղաքական է և ղեկավարվում է անձամբ վարչապետի կողմից։ Բացի այդ, հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել վեթինգի կիրառման հարցում։

Փաստաթղթից պարզվել է, որ ՀՀ իշխանություններն էլ են համաձայնել վեթինգ չկիրառել, բայց մեր երկրի ներսում այդ մասին ծպտուն չեն հանել, որպեսզի հպարտ քաղաքացիների մոտ իրենց դուխաթափությունը չերևա։

Ինչ մնում է ՍԴ–ի հետ կապված արհեստական աժիոտաժին, ապա Վենետիկում աղբարկղն են գցել ինքնակոչիկ ՍԴ անդամ–դատավոր Վահե Գրիգորյանի՝ անդամ–դատավոր բառախաղային դեմագոգիան։

Այսքանից հետո էլ ինչպե՞ս հոգեխանգարմունքի չենթարկվեին քայլարածներն ու հատկապես դրանց ղեկավարը, որը ծպտուն չի հանել հանձնաժողովի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ։ Մինչդեռ նախկինում նա անմիջապես «լայվ» կմտներ, պատերի ծեփագործությամբ կզբաղվեր, կսկսեր ասֆալտի «գործը» կամ էլ կոչ կաներ իր կողմնակիցներին, հայտնի ֆիլմի տարբերակով, սկել Երևանի Հանրապետության հրապարակին կից ջրային տարածքում ու դուրս գալ Վենետիկի ջրային հատվածում՝ շրջափակելով այդ հակահեղափոխական գոնդոլներով լցված քաղաքը ու անմիջապես հետ վերադառնալով հրապարակի ջրավազան։

Հիմա չկա նախկին էնտուզիազմը։ Փաշինյանը դեռ լուռ է։ Տնեցիներն էլ են լուռ։ Անգամ օրիորդ Փաշինյանը չի արձագանքել Վենետիկի հանձնաժողովից դուրս եկած փաստաթղթին։

Փաշինյանների ընտանիքից խոսեց միայն հպարտ ու դուխով Հրաչյան՝ մեր երկրի թիվ մեկ ու թավշյա աներորդին, ով նաև համատեղությամբ ԱԺ պատգամավոր է։

Հրաչյան Բուքիքիոյի պորտը տեղը դրեց՝ հայտարարելով, որ Վենետիկում լավ չեն պատկերացնում, թե ինչ վիճակ է Հայաստանում։ Մի խոսքով, Հրաչյան ցույց տվեց, որ տնեցիներն ու հատկապես նրանց ղեկավարը դեռ ասելիք չունեն, կամ էլ կուլիսային աշխատանքով են զբաղված, որպեսզի կարողանան դեմքը փրկել Վահեի ինքնահռչակումից հետո։

Կամ էլ Փաշինյանն այնքան է տպավորված սինգապուրյան խոլորձից ու վիետնամյան այցից, որ դեռ մտովի այնտեղ է ու բառեր չի գտնում Վենետիկին պատասխանելու համար։

«Վենետի՜կ, Վենետի՜կ. մեզ Վիետնամում էլ վատ չէին կերակրում»,– ամենայն հավանականությամբ, մտածում է ժողվարչապետն ու անջատում «Ֆեյսբուքի» «լայվը»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը