Մեկնաբանություն

15.07.2019 14:30


Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Որտե՞ղ են ամառում «բնապահպանները», կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից

Ամուլսարի շուրջ իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ստանում։ Պարզվում է, որ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից։ Այնտեղ չի գործում մեր օրենսդրությունը, չի գործում պետության լեգիտիմ հարկադրանքի ինստիտուտը, և անկարող է ոստիկանությունը։

Հիմա՝ ամեն ինչ հերթով, բայց մինչ այդ «բնապահպանական» զեղում։

Ի՞նչ արժե Սևանի համար լացը

Եթե հիշում եք, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ հանդես եկող «բնապահպանները» պնդում էին, որ հանքը կվնասի Սևանա լճին ու շրջակա ջրային ավազանին, և հենց այդ պատճառով էլ իրենք դեմ են, որպեսզի «Լիդիան Արմենիան» կյանքի կոչի Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը։

Հանքի վնասը Սևանա լճին չի ապացուցվել, բայց «բնապահպաններն», իբր, Սևանի դարդն էին անում ավանսով։

Ուշագրավն այն է, որ Սևանն արդեն վնասվել է ու կանաչել։ Սևանի համար ոտքի են ելել տեղացիները, բայց մի կենդանի «բնապահպան» չկա, որ իր մազերը պոկի կամ շորերը պատառոտի Սևանա լճի մերձակայքում՝ հանուն Սևանի։ Փոխարենը՝ նրանք նույն բանն անում են ... Ամուլսարում։

Հետևությունը մեկն է՝ «բնապահպանների» դարդը ոչ թե Սևանն է, այլ կասկածելի տեղից Ամուլսարի հանքի դեմ ուղղորդվող արշավից իրենց փայը պոկելը։

«Ամուլսարի հանրապետություն»

Դատարանը վերջերս որոշում էր կայացրել այն մասին, որ Ամուլսարի հանքի ճանապարհ փակողներին պետք է հեռացնել տարածքից՝ այդպիսով բավարարելով «Լիդիանի» հայցը։ Ոստիկանությունը, սակայն, քայլ չի անում, իսկ եթե անում էլ է, ապա արժանանում է դիմադրության ու հետ շպրտվում։

Երկու օր առաջ, օրինակ, ցուցարարները թույլ չեն տվել տարածք մուտք գործել ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներին։ Վրա հասած ոստիկանությանն էլ «պասլատ են արել»։

Սա երկու բան է նշանակում՝

կամ Ամուլսարն անկախացել է ՀՀ–ից, ու այնտեղ չեն գործում օրենքները, և ոստիկանության գործողությունը համարվում է ոտնձգություն Ամուլսարի նկատմամբ ու արժանանում դիմադրության «Ամուլսարի քաղաքացիների» կողմից,

կամ էլ կառավարությունը ոստիկանությանը չի տալիս հրահանգ՝ լեգիտիմ ուժ կիրառել ու ապահովել ՀՀ օրենսդրության պահանջները, ինչը բազում կասկածների ու ենթադրությունների տեղիք է տալիս։

Երկու տարբերակի դեպքում էլ պատկերը շատ վատն է և ցույց է տալիս «թավշյա» իշխանության որակը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը