Մեկնաբանություն

15.07.2019 09:44


Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովի դեղին քարտը Նիկոլ Փաշինյանին

Եվ այսպես, Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա նաև Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության հետ կապված վերջին գործողություններին։

Հանձնաժողովը 3 ուղղությամբ փաստում է, որ «ժողովրդի» վարչապետի գործողությունները եղել են հակասահմանադրական, ունեցել են քաղաքական մոտիվներ և չեն ողջունվում։

Միջազգային հեղինակավոր ու ազդեցիկ այդ հանձնաժողովն աներկբայորեն փաստել է, որ դատարանները շրջափակելու փաշինյանական կոչը պայմանավորված է եղել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ։

«Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, կոչ արեց իր կողմնակիցներին արգելափակել դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատարական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդեց , որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»,– մասնավորապես, նշված է փաստաթղթում։

Սա նշանակում է, որ հանձնաժողովն ընդունում է, որ Քոչարյանի հանդեպ կա քաղաքական հետապնդում, ասել է թե՝ նա քաղբանտարկյալ է։ Հանձնաժողովը փաստացի որակում է Փաշինյանի գործողությունները որպես հակասահմանադրական։

Ինչպես հայտնի է, երբ դատարանը հիմք ընդունեց Արցախի գործող ու նախկին նախագահների միջնորդությունը և Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրեց, դրան հաջորդեցին Փաշինյանի հիստերիկ պահվածքը և դատարանները շրջափակելու ապօրինի կոչը։ Փաշինյանը դատավորներին սպառնաց վեթինգով։ Նրա այդ քայլերը հետագա ազդեցությունը թողեցին կասկածելի հանգամանքներում Քոչարյանի գործը քննող նշանակված, վերաքննիչ դատավոր Արմեն Դանիելյանի որոշման վրա։

Դանիելյանի որոշմամբ՝ Քոչարյանին կրկին կալանավորեցին՝ մինչ այդ խախտելով դատավարական պրոցեդուրաները և ոտնահարելով պաշտպանական կողմի իրավունքները։

Կան տեղեկություններ, որ տխրահռչակ այդ դատավորն արդարացել է իր կոլեգաների մոտ, թե բա՝ օրենքը խախտելով՝ Քոչարյանին կալանավորելու որոշում եմ կայացրել, որպեսզի իմ վրա վերցնեմ հարվածները և բոլոր դատավորներին փրկեմ վեթինգից։

Ինչ վերաբերում է դատաիրավական ոլորտին վերաբերող մյուս գործընթացներին, ապա Վենետիկի հանձնաժողովը ոչ անհրաժեշտ ու ոչ օգտակար է համարել դատավորների համընդհանուր վեթինգի իրականացումը։ ՀՀ իշխանություններն էլ են ընդունել են, որ վեթինգ չի կիրառվելու։

Վենետիկի հանձնաժողովը ողջամիտ չի համարել ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի առաջարկած ՍԴ դատավոր–անդամ բառախաղը։

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ և աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:
Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»,– նշել է հանձնաժողովը։

Այսքանից հետո Փաշինյանին մնում է Հ1–ի մշտական «բնակիչ» Գագիկ Ջհանգիրյանի ու լևոնական Վահե Գրիգորյանի հետ ասուլիս հրավիրել ու կոչ անել իր փոքրաթիվ կողմնակիցներին շրջափակել Վենետիկի հանձնաժողովի նստավայրը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը