Կարծիք

12.07.2019 20:40


Նոր Հայաստանը վերցնում է Հին Հայաստանից մշակույթի հովանավորության փորձը

Նոր Հայաստանը վերցնում է Հին Հայաստանից մշակույթի հովանավորության փորձը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ որպես «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» դասական երաժշտության ստեղծագործական խմբերի հետ հուշագիր է ստորագրել։

Այսինքն, «Իմ քայլ»-ը պետք է ֆինանսավորի երաժիշտներին։

Ի՞նչ է փոխվել Հայաստանում։

Նախկին իշխանությունների ժամանակ «Լույս» հիմնադրամը և էլի այլ՝ կառավարությանը կից ֆոնդեր գործարարներից փողը առնում, բաժանում էին երաժիշտներին, որի շնորհիվ երկրում դասական երաժշտական ավանդույթը կենսունակ էր մնում։ Հեղափոխությունից հետո խարխլվեց այս սխեման, և երաժիշտների վիճակը սկսեց վատանալ։ Ի՞նչ անել, իհարկե ոչ մի նոր լուծման ընդունակ չէ նոր իշխանությունը, ուրեմն, վերադառնալ նախկին սխեմային։

Հիմա նույնը անում է Նիկոլ Փաշինյանը՝ իր կնոջ միջոցով, այսինքն գործարարներից փողը առնում է ու «Իմ քայլը» հիմնադրամով տալիս է երաժիշտներին, անունն էլ դուրս է գալիս, թե Աննա Հակոբյանը բարեգործ է (հարսի հետույքով փեսուն լավություն անելու պատմությունը)։

Տարբերությունն այն է, որ նախկինները փողը բաժանելիս ճառեր չէին ասում, թե ինչքան կարևոր է համույթների որակը պահել, և քչերը գիտեին, թե ինչի շնորհիվ է դասական երաժշտությունը գոյատևում։ Իսկ հիմա բոլորը իմանում են, թե ում պիտի շնորհակալ լինեն դասական երաժշտության գոյության համար։

Հա, մի ՄԵԾ տարբերություն կա նախկինների ու նորերի միջև, նորերը առավոտից իրիկուն իրենց արած֊չարածի գովազդն են անում, օրինակ վերջին գովազդը՝ էս քանի օրն ինտրնետը բացում եմ, ֆոտոներով ու հարցազրույցներով պատմում են, թե ինչ խոշոր հաղթանակ են տարել ԵԱՀԿ ԽՎ֊ում։

Հարց հեղափոխականներին՝ ձեզ ի՞նչն էր հետաքրքրում հեղափոխություն անելիս, որ Սերժի փոխարեն Նիկոլը գործարարներից փողը հավաքի, բաժանի՞, թե ինչ-որ այլ ծրագրեր էլ ունեիք։

Հաջորդը, Ոսկե ծիրան փառատոնի շրջանակներում ռեժիսոր Հարություն Խաչատրյանը Մանթաշովի մեդալ է կախել գործարար Սամվել Ալեքսանյանի կրծքին, որ առաջացրել է հայ մտավորական շրջանակների զայրույթը։

Ինչո՞ւ է պարգևատրել։ Ոսկե ծիրան փառատոնը հնարավոր է եղել այն բանի շնորհիվ, որ վերևից հրահանգով գործարարներին պարտադրել են գումարներ հատկացնել փառատոնին։ Այն ժամանակ Հարություն Խաչատրյանը ո՞ւմ մեդալ տար՝ վերևից ասողի՞ն, թե՞ փող տվողին։ Հեղափոխությունից հետո նա հրաժարվեց Ոսկե ծիրանի նախագահի պաշտոնից՝ պատճառաբանությամբ, թե երիտասարդներին է ուզում տեղ տալ։ Բայց հավանաբար պատճառն այլ էր, նա էլ խաբվեց, թե Հայաստանում իրավիճակ է փոխվել, և էլ Ոսկե ծիրանին փող տվող չի լինի, մնում է ի՞նչ անի։ Պարզվեց՝ քիչ, բայց փող տվողներ կան։

Հիմա դեռ հայտնի չէ, թե Ալեքսանյանը ինչի՞ է փող տվել Ոսկե ծիրանին, բայց չեմ կարծում, թե կինոյի նկատմամբ սերն է նրան դրդել։ Ամեն դեպքում, մեդալ են կախում, որ ոգևորվի, մյուս տարի էլ փող տա։ Որ Ալեքսանյանը չտա, մյուսը չտա, Ոսկե ծիրանը կփակվի։

Բայց մտավորականների դժգոհությունները պետք է որ անհանգստացնեն նոր իշխանությանը, նրանք տանել չեն կարողանում, որ իրենց համեմատում են նախկինների հետ։ Լուծումը կա. ինչո՞ւ մեդալը գնա Սամվել Ալեքսանյանին, որ բողոքեն, ասեն՝ երկրում բան չի փոխվել, էս ուր ենք հասել, որ Լֆիկին մեդալ են տալիս։ Հեն է, Փաշինյանը Ալեքսանյանից փողը կառնի, «Իմ քայլ»-ի անունից Աննա Հակոբյանը կտա Ոսկե ծիրանին, մեդալն էլ, քծնանքն էլ իրենց բաժին կհասնեն, մտավորականներն էլ գոհ կմնան։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը