Կարծիք

12.07.2019 14:40


Ե՞րբ է լավ՝ 1+1=2-ի՞, թե՞ 1+1=? դեպքում

Ե՞րբ է լավ՝ 1+1=2-ի՞, թե՞ 1+1=? դեպքում

Երբ բոլորը համաձայն են, որ 1+1=2, նշանակում է՝ գործ ունենք ստանդարտ ու «ձանձրալի» վիճակի հետ:

Իսկ եթե հասարակության մեջ սկսում են քննարկել, թե ինչքան է լինում (1+1)-ը, ու հանգում են տարբեր եզրահանգումների, այդ պահից սկսած՝ վրա է հասնում ժողովրդավարությունը, ու հետագայում, որպես կանոն, մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր (1+1)-ի պատասխանը 2-ից տարբերվող թիվ են նշում: Սա ժողովրդավարական համակարգի բացերից է:

Հետաքրքիրն ու պարադոքսալն այն է, որ նախորդ պարբերության մեջ նշված վիճակի այլընտրանքը շատ ավելի վատն է: Ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի պայմաններում քեզ շատ հաճախ ստիպում են հրապարակայնորեն համաձայնել, որ (1+1)-ը հավասար չէ 2-ի:

Երբ մարդը ձևականորեն ու հրապարակավ ընդունում է, որ 1+1-ը հավասար չէ 2-ի, ավտորիտար ռեժիմին դա բավարարում է: Քանզի ավտորիտարիզմի պայմաններում կարևորը պաշտոնական գծին հրապարակավ չընդդիմանալն է ու համատարած կեղծիքի մթնոլորտում ապրելու խաղի կանոնն ընդունելը:

Տոտալիտարիզմի պայմաններում չեն բավարարվում միայն այն հանգամանքով, որ քաղաքականության օբյեկտ դարձած մարդը գիտի, որ 1+1=2, բայց իրավիճակից ելնելով՝ հրապարակավ ընդունում է, որ 1-ին գումարելով 1՝ անպայման չէ, որ ստանաս 2:

Տոտալիտար ռեժիմը, որոնցից է նաև ամբոխի իշխանությունը, ստիպում է մարդուն նաև անկեղծորեն ընդունել, որ 1 գումարած 1-ը պարտադիր չէ, որ հավասար լինի 2-ի: Այսինքն՝ տոտալիտարիզմը նաև կույր հավատ ու անուղեղ ենթակայություն է պահանջում:

Այս ամենի մասին գրելս եկավ, երբ տեղեկացա մեր հերթական տնտեսական նվաճումների ու վիճակագրական ձեռքբերումների մասին:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը