Կարծիք

11.02.2011 18:17


Քաղաքական նոր զարգացումներին սպասելիս

Քաղաքական նոր զարգացումներին սպասելիս

Հնարավոր է՝ ես միամիտ եմ կամ անտեղյակ, բայց դժվար եմ պատկերացնում, որ Գերմանիայի հեռուստաալիքներից մեկով հայտարարություն հնչի, թե Սուրբ Վալենտինի տոնակատարության հովանավորն Անգելա Մերկելն է:

Չեմ կարողանում պատկերացնել, որ նույնիսկ Իտալիայում հայտարարություն հնչի, թե Սուրբ Վալենտինի տոնակատարությունն ընթանալու է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի բարձր հովանու ներքո:

Չէի պատկերացնում, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Հայաստանում, բայց հնչեց: Պարզվում է՝ Սուրբ Սարգսի տոնակատարությունն ընթանալու է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Լսելով այս հայտարարությունը, հասկացա, որ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, այնքան լուրջ, որ լսում է իրեն շրջապատողների ամենաանհեթեթ խորհուրդները: Վստահ եմ, որ եթե նրա դիրքերն ամուր լինեին, ապա հաստատ կհասկանար, թե ինչ անհեթեթություն է Սուրբ Սարգսի տոնակատարության հովանավոր լինելը: Իսկ որ Սերժ Սարգսյանի դիրքերն այսօր ավելի թույլ են, քան նույնիսկ 2008թ. մայիսին կամ հունիսին, կարծում եմ, անհերքելի փաստ է:

Ուշադիր հետևելով վարչախմբի վերահսկողության տակ գտնվող ազատ և ոչ ազատ լրատվամիջոցների հրապարակումներին, կռահում ենք՝ գործող նախագահի դիրքերն այնքան թույլ են, որ նրան փորձում են օգտագործել հենց իր անմիջական շրջապատի անդամները: Ընդ որում, Սերժ Սարգսյանի շրջապատն այնքան ագահ և անհեռատես է, որ կուրացավ կարճաժամկետ հաջողություններից և այնքան կոպիտ սխալներ թույլ տվեց, որի պտուղները շատ շուտով ստիպված կլինի քաղել:

Նախ, անհեռանկար նախաձեռնողական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Սերժ Սարգսյանից, այլ կերպ ասած՝ կոալիցիայից, հեռացան դաշնակցականները: Անկեղծ լինելու համար ասենք, որ նախաձեռնողական քաղաքականության հետ Սերժ Սարգսյանի թիմակիցները որևէ կապ չունեն: Վստահաբար կարելի է նաև ասել, որ այսօր ՀՅԴ-ականները չափազանց ուրախ են, որ Սարգսյանը սկսեց ֆուտբոլային դիվանագիտությամբ զբաղվել, որն էլ առիթ կամ պատճառ դարձավ, որ լքեն կոալիցիան՝ այսպիսով հեռու մնալով անհեռանկար քաղաքականության տապալման պատասխանատվությունից: Դաշնակցականները մասնավոր զրույցներում անկեղծանում են և ասում, թե եթե չլիներ ֆուտբոլային դիվանագիտությունը, ապա կոալիցիայից դուրս գալու ուժ չէին գտնի:

Վարչախմբի անհեռանկար քաղաքականությունը, իսկ ավելի որոշակի՝ Սերժ Սարգսյանի խորհրդականների ու թիմակիցների խորհուրդները հանգեցրին նրան, որ կտրուկ վատթարացան Սերժ Սարգսյանի և կոալիցիայի մյուս կուսակցության' «Բարգավաճ Հայաստանի» հարաբերությունները: Ընդ որում, փորձ է արվում ներկայացնելու, թե սրվել են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները, բայց նման հակասություն չի կարող լինել, քանի որ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, իրականում գոյություն ունի միայն թղթի վրա: Եթե անկեղծ լինենք, ապա պետք է շեշտենք, որ ԲՀԿ-ն մտադիր չէր փչացնել հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ և նույնիսկ փորձում էր նրան ետ պահել արկածախնդիր տնտեսական ու արտաքին քաղաքականությունից, բայց գործող նախագահի մերձավոր շրջապատն ամեն ինչ արեց հարաբերությունները վերջնականապես փչացնելու համար: Սեփական նեղանձնական նկրտումներից ելնելով՝ Սարգսյանի շրջապատը Սերժ Սարգսյանին հուշեց, թե պետք է ամեն ինչ անել, որ հենց այսօր՝ նախագահի ընտրություններից մոտ երկու տարի առաջ, Բարգավաճ Հայաստանը հայտարարի Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Բնականաբար, միայն անողնաշար և անինքնասեր կուսակցությունը կգնար այդ քայլին: Իսկ ինչ ստացվեց, երբ մի քանի հավակնոտ երիտասարդներ կարողացան արմատապես փոխել գործող նախագահի և բավական ազդեցիկ կուսակցություն համարվող ԲՀԿ-ի հարաբերությունները: Դրա հետևանքով Սերժ Սարգսյանը չստացավ սպասված հայտարարությունը, բայց մնաց միայնակ, իհարկե, ՕԵԿ-ի հետ փաթաթված վիճակում:

Այս իրավիճակում նույն պատեհապաշտ խորհրդականները Սերժ Սարգսյանին փորձում են հավատացել, թե այս ամենի պատճառը ոչ թե իրենց «հանճարեղ» խորհուրդներն էին, այլ Ռոբերտ Քոչարյանի դավադրությունները: Սերժ Սարգսյանի շրջապատն օրական 24 ժամ աշխատում է Սերժ Սարգսյանին համոզել, թե Քոչարյանն իր դեմ դավեր է նյութում: Հաշվարկը պարզ է: Ափսոս միայն, որ այդ հաշվարկի մասին գլխի չի ընկնում Սերժ Սարգսյանը: Նրան այսօր կարծես թե համոզել են, թե պետք է ազատվել բոլոր նրանցից, ովքեր գումարների են տիրապետում, քանի որ այդ գումարները կարող են ուղղվել իշխանափոխության վրա: Իսկ փող ունեցողների թվին են պատկանում ոչ միայն խոշոր գործարարները, այլ նաև հենց ինքը' Քոչարյանը: Կարճ ասած, Սերժ Սարգսյանին հրահրում են արագացնել «մեկ ազգ, մեկ օլիգարխ» ծրագիրը, բայց որքան թույլ լինի մեր ժողովուրդը, որքան թուլացած լինեն միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որքան կեղտոտված լինեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը պատասխան հարվածն է հասցնելու: Եվ պատահական չէ, որ այսօր վարչախումբը հայտնվել է նման խղճուկ վիճակում: Կարելի է կռահել, որ կեղծ ընդդիմության հետ միասին Սարգսյանը կփորձի այս ամենը ներկայացնել որպես պայքար օլիգարխների դեմ, բայց այս տարբերակը չի աշխատի:

 Անկեղծ լինենք՝ որքան ցածր է Սարգսյանի վարկանիշը, այնքան էլ ցածր է նրա ղեկավարած, այսպես կոչված, ընդդիմության վարկանիշը: Այնպես որ, պետք է պատրաստ լինենք բավական հետաքրքիր զարգացումների, որոնց արդյունքներից մեկը կլինի քաղաքական նոր հոսանքի, ուժի ձևավորումը, որն էլ մեծապես կկարողանա ազդել իրադարձությունների զարգացման վրա: Հիմա մենք մի հնարավորություն էլ ունենք փրկելու մեր երկիրը, և այդ հնարավորությունը չպետք է բաց թողնենք:

Վարդան Մխիթարյան   

Այս խորագրի վերջին նյութերը