Կարծիք

12.04.2010 21:41


Այդ ո՞վ է, որ երկու գիրք չի կարդացել. կամ ովքեր են Սերժ Սարգսյանի ներկա ախոյանները...

Այդ ո՞վ է, որ երկու գիրք չի կարդացել. կամ ովքեր են Սերժ Սարգսյանի ներկա ախոյանները...

Քաղաքամայր Երևանից հեռու'անդորրաբեր Տավուշում, Սերժ Սարգսյանը վերջապես պատասխանեց այն հիմնական հարցադրմանը, որն իր առջև դրել էր իր  հենարանը համարվող քաղաքական և ֆինանսական վերնախավը' փոխել վարչապետին: Նախագահի պատասխանը միանշանակ էր և կանխատեսելի' ոչ: Ոչ-ը մեղմելու համար ասպարեզ նետվեց կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների  տարբերակը' երկու-երեք նախարարի ձևաչափով:

Ակնհայտ է, որ կառավարության քաղաքականությունից դժգոհ են ոչ միայն Ռ.Քոչարյանը և օլիգարխները, այլև հայ հասարակության ստվար հատվածը, հատկապես մանր և միջին ձեռներեցները: Նրանք օր օրի դուրս են մղվում տնտեսական գործունեության դաշտից, քանզի չկարողանալով օլիգարխներից, իմա' հայաստանյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից, հավաքել օրինական հարկերի անգամ չնչին մասը, Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր հարկային և տնտեսական վարչարարության  հնարավորությունները կիրառում էր միայն տոնավաճառների, կրպակավաճառների, խանութպանների, տաքսու վարորդների և նրանց բախտակիցների նկատմամբ, որոնք զրկվում են հանապազօրյա հացից, բայց պետական բյուջեն, միևնույնն է, մնում է թերակատարված: Գազի և հարակից էներգակիրների գների բարձրացումն արդեն հանգեցրել է շուկայում առաջին սպառման  գրեթե բոլոր ապրանքների գների աճի, սոցիալական ընդվզման հեռանկարը սկսել է վախեցնել թուլացած դիրքերով գործող իշխանությանը: Առանց կրակի ծուխ չի լինում:

Ներկա պահին Սերժ Սարգսյանի համար առավել լուրջ և անմիջական վտանգ են ներկայացնում, ոչ թե ավանդական ընդդիմադիր ուժերը  ՀԱԿ-ը, կամ այլք, այլ խոշոր բիզնեսը և նրանց ստվերում մշտապես գտնվող Քոչարյանի ուրվականը: Ներմուծողները պատեհ-անպատեհ բարձրացնում են գները, բարձրաձայն քննադատում կառավարությանը, որ երկչոտ փորձեր է կատարում է ընդամենը վերլուծելու նրանց շրջնառության իրական ծավալները: Մարդկանց մեծ մասն արդեն զայրացած է ու անպաշտպան, հեռուստացույցով կիրգիզական հերթական հեղափոխության պատկերներն են. այս կրակին յուղ ավելացնելու պարագայում խարույկը կարող է հզոր բոցերով ցոլանալ ու հրկիզել: Ինքնապաշտպանության բնազդը ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը պետք է փորձի կանխարգելիչ հարված հասցնել խոշոր օլիգարխներին, կամ նրանից ամենահավակնոտներին, գերկենտրոնացված, բացարձակ մենաշնորհային տնտեսական համակարգը պետք է փորձի մասամբ ազատականցնել. Նոր դեմքեր են պետք, նոր անուններ' չվարկաբեկված և հանրային վստահության որոշ չափաբաժնով:  Շեշտենք մի հանգամանք, որ հայտնի ուղևորության ընթացքում ռուսաստանյան հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը  հանդիսավորապես ներկայացրեց իր բացվելիք դպրոցը Դիլիջանում, և Սերժ Սարգսյանն իր ներկայությամբ պատվեց ու կարևորեց այդ նախաձեռնությունը' որպես բիզնես-կրթության' Հայաստանի համար նոր և պահանջարկված ուղղություն: Ասել է թե' Հայաստանին արդեն պետք են բազմաթիվ գրքեր կարդացած, կրթված բիզնեսմեններ....Գուցե Ռուբեն Վարդանյանի օրինակը ոգևորել է գործող նախագահին:

Պատահական չէ, որ մինչ տավուշյան պարզաբանումները Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում խիստ քննադատորեն անդրադարձավ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների այն ստորաբաժանումների գործունեությանը, որոնք չեն կարողանում վերլուծել և հաշվարկել խոշոր բիզնեսի շրջանառությունը: Վարչապետն արդեն ստացել է նախագահի համաձայնությունը' պատասխան հարվածը հասցնելու իր նախընտրած ձևակերպմամբ'օլիգոպոլիայի կոնկրոտ ներկայացուցիչներին:

Այս տեսանկյունից բավական ուշագրավ է Սերժ Սարգսյանի քաղաքական բառապաշարում հայտնված ձևակերպումը, գիտելիքահեն վարչապետից հետո' նախագահն էլ է սկսում խոսել այն մասին, որ իրենց կյանքում երկու գիրք չկարդացած, երկու մարդ չղեկավարած մարդիկ իրավունք չունեն քննադատել իր կառավարության գործունեությունը: Կարող ենք կանխատեսել, որ հատկապես «Բարգավաճ Հայաստանի»  համար դժվար ժամանակներ են գալիս, փոփոխման ենթական նախարարներն էլ միայն նորընծա հանրապետականներից չեն լինի:

Հայաստանի տնտեսաքաղաքական իրավիճակում որոշ օլիգարխներին զսպելու գործողությունը գրեթե տիտանների մենամարտ կարող է հիշեցնել, և դժվար է միանշանակ պնդել, թե հաղթանակն ում կողմում կարող է լինել, կամ ում կշեռքի նժարն ավելի ծանր կլինի: Բայց այդ պայքարն այլևս օրվա հրամայականն է' պայքար մինչև վերջ, այսինքն' մինչև ախոյանի կապիտուլյացիա:

Նարինե Դիլբարյան

Այս խորագրի վերջին նյութերը