Կարծիք

10.07.2019 19:00


Իսկ դուք ասում եք` գնաց Սինգապուր, որ ի՞նչ անի

Իսկ դուք ասում եք` գնաց Սինգապուր, որ ի՞նչ անի

Ո՞վ ասաց, թե Փաշինյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը»` վարչապետական զույգի տուրիստական «վոյաժները», որ ներկայացվում են որպես նոր խոսք «նոր» Հայաստանի «բազմավեկտոր, բազմակողմանի, բազմաբեւեռ» արտաքին հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում, արդյունավետ չեն։

Միառժամանակ առաջ Չինաստան կատարած այցը, օրինակ, թեեւ աշխատանքային էր, բայց նշանավորվեց հայ-չինական մերձեցման դարակազմիկ ակցիայով` չինական ձեւով տապակած բադի «համտեսման» հանդիսավոր արարողությամբ։ Որպես հայ-չինական փայլուն հարաբերությունների պերճախոս վկայություն` վարչապետն անմահացրեց տիկնոջ հետ անցկացրած անմոռանալի այդ երեկոն`անմիջապես սելֆի արեց ու գցեց համացանց, որ հպարտ քաղաքացին էլ անմասն չմնա դրանից` իր հետ միասին վայելի չինական հյուրասիրության հմայքները։

«Եղբայրական» Վիետնամում տեր եւ տիկին Փաշինյաններն ինչ խորտիկներ ճաշակեցին` չիմացանք. «պաշտոնական տեղեկատվությունն» այդ մասին լռում է։ Բայց, ամեն դեպքում` աշխարհ տեսան, իրենց ցույց տվեցին։ Որպես միջանկյալ հանգրվան` եռօրյա հանգիստ Սինգապուրի ճանապարհին, այդքանն էլ բավական է հայ-վիետնամական հարաբերություններում գրանցված որակական առաջընթացի մասին խոսելու համար։

Բայց ամենաարդյունավետն, անկասկած, սինգապուրյան պաշտոնական այցն էր, որը պատմության մեջ մտավ խոլորձի անվանակոչության` վարչապետական զույգի անունը հար եւ հավիտյան Սինգապուրի ազգային արժեքներից մեկի` խոլորձի հետ կապելու նշանակալի փաստով։

Սա, բնականաբար, բուռն ոգեւորություն եւ ստեղծագործական վերելքի մի նոր ալիք առաջացրեց հայ-սինգապուրյան «ռազմավարական» հարաբերություններում տեղի ունեցող «բեկումնային» այդ զարգացումներին ուշի-ուշով հետեւող ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում։
Իսկ դուք ասում եք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը