Մեկնաբանություն

09.07.2019 11:25


Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Փաշինյանի մերիտոկրատական բաժակաճառը և օխլոկրատական կառավարումը

Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանն ահագին շրջագայել է։ Ու քանի որ նրան սպասարկող ինքնաթիռում ահագին ազատ տեղեր կան, ու քանի որ ինքնաթիռը, միևնույն է, թռչում է, ուստի տնեցիներն էլ են օգտվում «ժողովրդի» վարչապետի այցերից։

Նրա արտասահմանյան «վոյաժների» մի մասը պարտադիր և աշխատանքային բնույթ են կրել (ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի, ԵԽԽՎ–ի կամ այլ կազմակերպությունների նիստերի ու համաժողովների շրջանակներում), մյուս մասը՝ ակնհայտ զբոսաշրջային (օրինակ՝ Վիետնամ գնալը):

Փաշինյանի արտասահմանյան այցերը առարկայական որևէ օգուտ չեն տվել ՀՀ–ին ու չեն կարող տալ, քանզի կոնկրետ բան մեր արտաքին գործընկերներին քայլարածները չեն առաջարկում, բացի այն, որ իրենք Հայաստանը դարձրել են աշխարհի ժողովրդավարության բաստիոն։

Ինչպես ԵՄ–ից էին հասկացրել՝ իրենք Հայաստանին փող կտան ոչ թե այն բանի համար, որ մեզ մոտ թավշյա, ընդհուպ մինչև ժողովրդական ու դեռ մի բան էլ ոչ բռնի հեղափոխություն է տեղի ունեցել, այլ կոնկրետ ծրագրի դեպքում։ Իսկ բարեփոխումների ծրագիր չկա։

Փաշինյանը ծրագրի մարդ չէ։ Նրա տարերքը խոսելն է, այն էլ՝ հանրահավաքային հարթակից։ Բովանդակային խոսք, կոնկրետ ծրագիր ու առարկայական քայլ նրանից ակնկալելը միամտություն է։ Նույն Վիետնամի իր այցն ի՞նչ կոնկրետ արդյունք պետք է տա Հայաստանին, բացի նրանից, որ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն ու իր հետ գնացածները տեսան Վիետնամը։

Օրերս Փաշինյանը նաև Սինգապուր էր այցելել։ Այդ այցը, թերևս, տեղի է ունեցել «Տեսնեմ Սինգապուրն ու նոր մեռնեմ» ծրագրի շրջանակներում։

Սինգապուրում, ի դեպ, ուշագրավ բան է տեղի ունեցել։ Բանն այն է, որ Փաշինյանն այնտեղ խոսել է մերիտոկրատիայից՝ արժանավորների իշխանությունից։

«Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»,– ասել է Փաշինյանը։

Ինչպես հասկանում եք, Փաշինյանի խոսքի և իրականության միջև հսկայական անդունդ կա։

Մերիտոկրատիայից՝ արժանավորների իշխանություն ունենալուց խոսում է մեկը, ով դասական ամբոխավարություն՝ օխլոկրատիա է կիրառում։ Իսկ օխլոկրատիան քաղաքական կառավարման ամենավատ ձևերից է։ Օխլոկրատիայի բաղադրիչներից են էժանագին պոպուլիզմը, անսահման դեմագոգիան ու փարիսեցիությունը։

«Թավշյա» այս իշխանության մեջ հայտնվեցին նրանք, ովքեր քայլել էին «վոժդի» հետ, խնամի էին, ծանոթ էին, բարեկամ էին։ Մի խոսքով, այս իշխանությունը որևէ կապ չունի մերիտոկրատիայի հետ։ Եթե ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանն է դարձել «նոր» Հայաստանի օրինականության ու սահմանադրականության քայլող մարմնավորումը և եթերից տուն չի գնում, ապա ի՞նչ մերիտոկրատիայի մասին է խոսքը։

Ինչ մնում է պրագմատիզմին ու ազնվությանը, ապա այս առումով էլ Փաշինյանի մոտ ծուռ հայելի է։ Նա պրագմատիկ է իշխանությունը վերցնելու և ատամներով այն պահելու հարցում, բայց ոչ պետական նշանակության հարցերում։ Դե, իսկ ազնվության մասին խոսելիս Փաշինյանը պետք է հիշի բոլոր իր խոստումները և արածները, որոնք հակասում են խոստումներին։ Ստախոսությունը և ազնվությունը չեն կարող համատեղվել։

Բաժակաճառերի մակարդակով Փաշինյանը մերիտոկրատ է, բայց գործնականում՝ օխլոկրատ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը