Մեկնաբանություն

08.07.2019 15:10


«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

«Ռուսթավի 2»-ի լրագրողը կրկնել է Փաշինյանին. ո՞րն է ընդհանրությունը (տեսանյութ)

Վրացական «Ռուսթավի 2»-ի լրագրողի հայհոյանքը ՌԴ նախագահ Պուտինի հասցեին սադրանք էր: Նկատենք, որ դա բովանդակային առումով նույնն էր, ինչ տարիներ առաջ արել էր ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե ապրիլյան պատերազմի հրահրողը Կրեմլն էր, ու դա տեղի ունեցավ, որպեսզի Ադրբեջանին բերեն ԵԱՏՄ (վարչապետ դառնալուն պես Փաշինյանը սկսեց քծնել Մոսկվային, որպեսզի մոռացության տա իր արածները):

Ճիշտ է, Փաշինյանը վրաց լրագրողի պես հայհոյանքներ չէր հասցնում Պուտինին, բայց հակառուսական տրամադրությունների տարածման առումով նույն ֆունկցիան էր կատարում:

Վրացի լրագրողը երեկ փաշինյանություն էր անում, բայց ավելի գռեհիկ տարբերակով:

Ինչ վերաբերում է բուն քաղաքականությանը, ապա ակնհայտ է ամերիկյան հետքը վրացական իրադարձություններում:

Հակառուսական ու հակաիրանական քաղաքականության ամերիկյան հեղինակներին հաջողվեց Վրաստանում հիստերիկ մթնոլորտ ձևավորել, որի անուղղակի թիրախը Հայաստանն է:

Պարզ է, որ ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանի խորհրդարանում ընդամենն առիթ էր, որպեսզի Վրաստանի «հպարտ» քաղաքացիները լցվեն փողոց ու հակառուսական քարոզ տանեն:

Հակառուսական քաղաքականությունն ԱՄՆ-ին պետք է երեք նպատակով՝

1. թույլ չտալ ռուս-վրացական մերձեցում,

2. հակառուսական վիրուսը Վրաստանից ներմուծել Հայաստան,

3. Վրաստանին ու Հայաստանին ներգրավել Բոլթոնի հակառուսական ու հակաիրանական պլան:

Վրացական պետության ու վրաց քաղաքացիների շահն այս պատմության մեջ, ինքներդ էլ եք հասկանում, որ չկա: Այդ երկիրն ամերիկյան ազդեցության մեծացմանը զուգահեռ՝ օբյեկտիվորեն հայտնվել է թուրք-ադրբեջանական դուետի կցորդի դերում, քանզի ՆԱՏՕ-ի տարածաշրջանային հենասյունը Թուրքիան է, ու երբ դու փորձում ես հայտնվել ՆԱՏՕ-ի տիրույթում, ավտոմատ կերպով տրվում ես Թուրքիային:

Ի դեպ, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնը հայտարարում էր, թե Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կարծրատիպերից, նկատի ուներ վրացական տարբերակով գնալը, այսինքն՝ թուրք-ադրբեջանական ազդեցության գոտում հայտնվելը: Հայաստանում գործող 5-րդ շարասյունը հենց բոլթոնյան կարծրատիպերն է քարոզում՝ ծայրահեղ ազգայնականի ու հեղափոխականի կամ արևմտամետի պիտակի տակ թաքնված:

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Բոլթոնին ասել է «այո» կամ առնվազն չի ասել «ոչ»: Դա է պատճառը, որ ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը և թուրք-ադրբեջանական լոբբինգի ներկայացուցիչ մյուս տեղական լրատվամիջոցները էնտուզիազմով պաշտպանում են Փաշինյանին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը