Կարծիք

06.07.2019 13:10


Թավշյա «փայլուն» կառավարությունն ու կանաչող Սևանը

Թավշյա «փայլուն» կառավարությունն ու կանաչող Սևանը

Սևանը այս տարի նորից կանաչեց, սա էկոլոգիական աղետ է: Եթե նորմալ ազգ ու հասարակություն լինեինք, հիմա կոնսոլիդացված կերպով պիտի աշխատեինք Սևանը փրկելու ուղղությամբ: Բայց ոչ. հայ հասարակությունը ժամանակ չունի այդպիսի զիզի-բիզի բաներով զբաղվելու համար. հայ հասարակությունը ֆեյք բռնաբարվածների թեման քննարկելով է զբաղված, արդեն սրտխառնոց առաջացնող անհեթեթ ու էժանագին բամբասանքներով է զբաղված և վերջապես, հանուն փողի ու իշխանության՝ միմյանց կոկորդ կրծելով են զբաղված:

Ես համոզված եմ, որ աշխարհում չի գտնվի այնպիսի մի ազգ, որը այսքան անտարբեր լինի իր հայրենիքի նկատմամբ: Հիշում եմ՝ ռուսական քաղաքական հեռուստաշոուներից մեկի տաղավարում մի ադրբեջանցի հայտարարեց, որ հայերը պետություն ունենալու իրավունք չունեն, քանի որ նրանք չունեն զարգացածության համապատասխան մակարդակ ու ընդհանրապես զուրկ են պետականամետ մտածելակերպից, որի արդյունքում այն տարածքները, որոնք, այսօրվա դրությամբ, իրենց են պատկանում, ուղղակի դատապարտված են կործանման: Այդ պահին եթե տվյալ ադրբեջանցին ձեռքս ընկներ, ես չգիտեմ, թե ինչ կանեի նրա հետ, բայց հիմա սարսափով գոնե ինքս ինձ համար փաստում եմ, որ այդ ադրբեջանցին ճիշտ էր. տեսեք, թե ինչի ենք վերածել մեր երկիրը, ամենուրեք բարձիթողի վիճակ, ամբողջ երկիրը աղբի մեջ է, անխնա շահագործվող հանքեր ու դրանց պոչամբարներ, որոնցից յուրաքանչյուրը պոտենցիալ էկոլոգիական աղետ է պարունակում, անտառները համատարած հատվում են, վարելահողերը չեն մշակվում ու կամացկամաց էրոզիայի են ենթարկվում, գետերի վիճակը նորմալ մարդկանց մոտ միայն լաց կարող է առաջացնել, ո՞ր մեկը ասեմ, հիմա էլ դրանց գումարվեց Սևանի աղետը:

Ու այս ամենի ֆոնին մեր ղեկավարները բյուջեի միջոցները անիմաստ վատնում են ընտանյոք հանդերձ արտասահմանյան վոյաժներ իրականացնելու վրա ու ընդհանրապես իրենց այնպես են պահում, կարծես թե ամեն ինչ լավ է մեր երկրում, ու մի բան էլ անամոթաբար հայտարարում են, որ իրենք փայլուն են աշխատում:

-Ձեր շատ փայլելուց, պարո՛ն վարչապետ, Սևանը ամոթից կանաչեց:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը