Կարծիք

05.07.2019 22:00


ՍԴ-ում մի առանձին դատավոր, իր կարծիքով, ուզում է առաջացնել սահմանադրական ճգնաժամ․ գերմանացի պրոֆեսոր (տեսանյութ)

ՍԴ-ում մի առանձին դատավոր, իր կարծիքով, ուզում է առաջացնել սահմանադրական ճգնաժամ․ գերմանացի պրոֆեսոր (տեսանյութ)

Tert.am-ը Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթի հետ զրուցել է ՀՀ սահմանադրության, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Արցախին վերաբերող հարցերի շուրջ:

-Պարոն Լուխթերհանդթ, սկսենք Արցախից: Արդյոք Արցախի ինքնորոշումը 1991 թ. համապատասխանո՞ւմ էր այն ժամանակ գոյություն ունեցող խորհրդային իրավունքին:

-Վերակազմավորման ժամանակ Խորհրդային միության օրենսդիրը՝ Գորբաչովի ղեկավարությամբ, 1990-ի ապրիլի 3-ին Խորհրդային միությունից դուրս գալու մասին օրենք ընդունեց: Խորհրդային միության սահմանադրության մեջ արդեն 20-ական թվականներից սկսած կար մի դրույթ այն մասին, որ հանրապետությունները կարող են ազատ դուրս գալ Խորհրդային միությունից: Այս դրույթը Խորհրդային միությունից դուրս գալու մասին ընդունվեց 1990-ի ապրիլին մի շարք օրենքների հետ, այդ օրենքի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ նաև ինքնավար մարզերն ու հանրապետությունները, իսկ Լեռնային Ղարաբաղն ինքնավար մարզ էր, իրավունք ունեին միութենական հանրապետության հետ դուրս չգալ, այսինքն` այնտեղ կարևոր էր ինքնավարությունների ժողովուրդների կամքը:

Լեռնային Ղարաբաղը միակ ինքնավար մարզն էր, որ օգտվեց այդ իրավունքից։ Կարելի է ասել, որ խորհրդային պետական իրավունքի շրջանակում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն օգտվեց ինքնորոշման իրավունքից խորհրդային պետական իրավունքի շրջանակում, այնպես, որ արդյունքում 1991-ին Ադրբեջանի Հանրապետությունը դուրս եկավ Խորհրդային միությունից, բայց առանց Լեռնային Ղարաբաղի:

-Հակամարտության կարգավորման հիմում ընկած սկզբունքները ի՞նչ հարաբերակցության մեջ են գտնվում միմյանց հետ: Արդյո՞ք դրանցից մեկը ի սկզբանե գերակա է մյուսի նկատմամբ:

-Դրանք հետևյալ սկզբունքներն են, որոնք բազմաթիվ անգամ քննարկվել և արտացոլված են Մադրիդյան փաստաթղթերում. առաջինը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը վկայակոչում են Ղարաբաղի հայերը, իսկ երկրորդը՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքն է: Պետք է հասկանալ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը դինամիկ սկզբունք է, մինչդեռ սահմանների անձեռնմխելիության և անփոփոխելիության սկզբունքը ստատիկ սկզբունք է: Այսինքն` դրանով ամրացվում են սահմանները. ազգերի ինքնորոշման իրավունքը, բնականաբար, առաջնահերթություն ունի, եթե դուք օգտվում եք ինքնորոշման իրավունքից, բնական է, որ սահմանները պետք է փոխվեն, և դրանով բնականաբար սահմանների անձեռնմխելիության իրավունքը չի կարող ունենալ նույն կարգավիճակը, ինչ ինքնորոշման իրավունքը: Այդ պատճառով պետք է ասել, որ նախապատվությունը պետք է տալ ինքնորոշման իրավունքին:

-Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չունի: Նշանակում է դա արդյո՞ք, որ Արցախը և արցախահայությունը միջազգային իրավունքի պաշտպանության տակ չեն:

-Սա շատ հետաքրքիր հարց է, և այն առիթ է տալիս միջազգային հարթակներում աշխույժ քննարկում անել այն մասին, թե ինչ կարգավիճակ ունեն դե ֆակտո պետությունները, օրինակ՝ Կիպրոսի մի մասը, Աբխազիան կամ Լեռնային Ղարաբաղը: Իսկապես, այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մեկի կողմից, անգամ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված չէ, ճանաչված չէ նաև Ռուսաստանի կողմից, բայց դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը բացարձակապես դուրս է մնում միջազգային իրավունքի պաշտպանությունից: Հակառակն է ճիշտը. Լեռնային Ղարաբաղն ունի կայուն դե ֆակտո ռեժիմ կամ կայուն դե ֆակտո պետություն է, կայուն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը 1994 թվականից ի վիճակի է գործել, գոյություն ունի քաղաքականորեն, ունի սեփական բանակ, սեփական զինուժ և այդ պատճառով արդեն երկու տասնամյակ շարունակ կայուն է, առնվազն 1994-95 թվականներից:

Այդ կայունությունը միջազգային իրավունքում ունի որոշակի նշանակություն. նման պետությունները մասամբ ունեն միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղն այդպիսի պետությունների թվին է պատկանում, և մի քանի կարևոր կետերում Լեռնային Ղարաբաղը պաշտպանվում է միջազգային իրավունքներով հատկապես ուժի, բռնության կիրառման արգելքի իրավունքով: Լեռնային Ղարաբաղն իր կողմից պետք է հարգի մարդու իրավունքները, պաշտպանի դրանք միջազգային իրավունքին համապատասխան, բայց, ինչպես արդեն ասացի, Ղարաբաղը նույնպես գտնվում է մարդու իրավունքների պաշտպանության ներքո:

- Կարելի՞ է արդյոք 2016 թ. ապրիլյան պատերազմը գնահատել որպես ագրեսիա Արցախի նկատմամբ:

-Սա շատ կարևոր հարց է, ես 2016 թվականին, ինչպես նաև 2017 թվականին բավական մեծ մենագրություն եմ նվիրել այդ պատերազմին և եկել եմ այն եզրակացության, որ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Ես այս թեզը պաշտպանում եմ այն պատճառով, որ ՄԱԿ-ի խարտիայով արգելված է բռնության կիրառումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտպանված է, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է վկայակոչել բռնության կիրառման արգելքը, և այդ արգելքը վերաբերում է նաև Ադրբեջանին: ՄԱԿ-ի կանոնադրությամբ կաշկանդված է նաև Ադրբեջանը, որը նույնպես իրավունք չունի կիրառել բռնություն նաև Արցախի դեմ:

-2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությունը ոչ միանշանակ է ընդունվում հասարակության կողմից։ Անգամ հենց իրավաբանները, քաղաքական գործիչները քննադատում են 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները՝ ասելով, որ Սահմանադրության լեզուն բարդ է, երկիմաստ, լի հակասություններով։ Որպես մասնագետ, որը տարիների փորձառություն ունի Հայաստանում օրենսդրական խորհրդատվության ոլորտում և ակտիվորեն մասնակցել է 2015 թվականի խմբագրությամբ սահմանադրության մշակման աշխատանքներին, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

-Իհարկե ունեմ իմ կարծիքը, նախ մի բան հստակեցնեմ: Մենք իսկապես գործ ունենք 1995 թվականի Սահմանադրության հետ՝ 2015 թվականի դեկտեմբերի փոփոխություններով, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գործել 1995 թվականի հուլիսի 5-ին ստեղծված Սահմանադրության հիման վրա: Հուլիսի 5-ին մենք նշում ենք Սահմանադրության օրը, սա շատ կարևոր հանգամանք է այն պատճառով, որ Սահմանադրության անցումային և եզրափակիչ դրույթներում, նկատի ունեմ Սահմանադրության 213-րդ հոդվածը, կա մի նորմ, որը կապ ունի նախկին խմբագրումների հետ, պետք է հաշվի առնել, որ այդպիսի եզրափակիչ անցումային դրույթներն ավելորդ կլինեին, եթե լիներ նոր Սահմանադրություն: Ես իրոք 1993-94 թվականներից սկսած մասնակցել եմ 1995 թվականի Սահմանադրության մշակմանը և մասնակցել եմ 2005 և 2015 թթ. սահմանադրական փոփոխությունների մշակմանը գերմանացի այլ փորձագետների հետ: Նրանք, ովքեր պնդում են, որ այս Սահմանադրության մեջ հակասություններ կան, պարզապես չեն կարդացել տեքստը, ես նրանց խորհուրդ կտամ պարզապես այդ տեքստն ուշադրությամբ կարդալ և նաև կարդալ մեկնաբանությունները Սահմանադրության վերաբերյալ։ Իրականում այս Սահմանադրությունը հակասություններ չի պարունակում՝ ի տարբերություն շատ այլ սահմանադրությունների:

Նախկին դրույթներում կային որոշակի հակասություններ, և դրա պատճառն այն էր, որ պետության նախագահը շատ մեծ դեր ուներ մասամբ դե ֆակտո և այն պատճառվ, որ 2005 թվականին կառավարման այլ համակարգ գոյություն ուներ, և այդ համակարգն այնպես չզարգացավ, ինչպես նախատեսված էր: Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում դե ֆակտո մնացել էր նախագահական կառավարման համակարգը և ոչ թե կիսանախագահականը, ինչպես նախատեսված էր: Կրկնեմ, որ Սահմանադրության մեջ հակասություններ չկան և չկան այն պատճառով, որ 2015 թվականից ունենք մաքուր խորհրդարանական համակարգ, երբ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտան:

-Ինչպե՞ս կգնահատեք այն, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը Ազգային ժողովում 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները անվանեց բռնաբարության արդյունք, Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:

-Ես բռնաբարության մասնագետ չեմ, այս ձևակերպումը, այդ բառի ընտրությունն ինձ համար անհասկանալի է, 2015-ի դեկտեմբերին տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, իհարկե այն թերություններ ուներ, բայց դրանից չի փոխվում այն հանգամանքը, որ Սահմանադրությունը հանրաքվեով է ուժի մեջ մտել, այսինքն` ժողովրդի ձայնով: Եթե Սահմանադրական դատարանի նոր ընտրված դատավոր Վահե Գրիգորյանն ասում է, թե սա բռնաբարության արդյունք է, ապա նա ինքն իրեն է հակասում այն պատճառով, որ ինչպե՞ս կարող է լինել մի մարմնի անդամ կամ դատավոր, որն ստեղծված է այնպիսի Սահմանադրության հիման վրա, ինչը նա անվանում է բռնաբարության արդյունք։ Սա անհասկանալի է, անհասկանալի է նաև այն պատճառով, որ դա ասում է մարդ, որը հետագայում պետք է մասնակցի Սահմանադրության պաշտպանությանը, նա պետք է մասնակցի նախագահի, վարչապետի միջև վեճերի և այս սահմանադրական մարմինների վեճերի լուծմանը: Ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատավորի պաշտոնը զբաղեցնող մարդը, որը ցանկացել է դառնալ դատավոր, այդպես որակել 2015 թվականի Սահմանադրությունը, դա ինձ համար բացարձակապես անհասկանալի է:

-Իշխանություններն օրակարգ են բերել նաև Հայաստանում անցումային արդարադատության և վեթինգի իրականացնելու գաղափարը, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա Հայաստանում:

-Դատավորները երևի պետք է ստուգվեն իրենց կարողության տեսանկյունից, նրանք պետք է զննության ենթարկվեն, կարելի է ասել՝ պետք է «մերկացնել» դատավորներին, և նրանք պետք է ամբողջությամբ ներկայացնեն իրենց գույքային կարողությունը: Սա օրենսդիր մարմնի հարցն է, և դրա համար կան միջազգային օրինակներ։ Օրինակ՝ Ուկրաինայում, եթե խոսենք պատգամավորների մասին, ապա մարդիկ, որոնք ցանկանում են դառնալ պատգամավոր, պետք է ներկայացնեն իրենց գույքային տվյալները: Դատավորների դեպքում, իսկապես, հարց ես տալիս՝ որտեղի՞ց նրանց այդ կարողությունը, նրանք, երևի, վատ աշխատավարձ չեն ստանում, բայց ոչ այնքան, որ կարողանան Երևանի կենտրոնում հսկայական բնակարան գնել, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա վարել, հրաշալի ամառանոց ունենալ, թանկարժեք ուղևորության գնալ:

Իհարկե, որպես քաղաքացի հարց է առաջանում՝ որտեղի՞ց նրանց այդքան գումար՝ նման կենցաղ վարելու համար: Հաճախ նաև տեսնում ես, որ այդ մարդիկ շատ թանկարժեք շվեյցարական ժամացույցներ ունեն, հաճախ, երբ հարցազրույցներ են տալիս, բարձրանում է նրանց բաճկոնի թևքը, և տեսնում ես, որ նրանց թևին 20 - 30 000 եվրո արժողությամբ շվեյցարական ժամացույց է: Նման ժամացույց հաճախ իրեն չի կարող թույլ տալ նաև ամենաբարձր պաշտոնյան, և բնականաբար նման դեպքերում բնակչությունը դրան մոտենում է թերահավատորեն, և դա անհամատեղելի է օրենքի ու դատավարական էթիկայի հետ, եթե դատավորները նման ոճով են ապրում:

-Վերջին 20 օրը մեր երկրի կեսը դարձել է իրավաբան ու քննարկում է մեր Սահմանադրության 213-րդ հոդվածը։ Այս հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Ըստ Ձեզ՝ կա՞ արդյոք տարբերություն սահմանադրական դատարանի անդամի և սահմանադրական դատարանի դատավորի միջև:

-Այն պահից, ինչ ուժի մեջ են մտել Սահմանադրության 213-րդ հոդվածն ու 7-րդ գլուխը, նման տարբերություն չկա նաև տերմինաբանական առումով: 213-րդ հոդվածի նպատակն ու իմաստն այն է, որ անդամների ու դատավորների տարբերությունը վերացվի: Մինչ այդ՝ սկսած 1995 թվականից, Սահմանադրական դատարանի դատավորներն անդամներ են եղել։ Ի դեպ, սա արտասովոր բան չէ, օրինակ՝ Ավստրիայում նրանք մինչև այսօր կոչվում են Սահմանադրական դատարանի անդամներ և ոչ դատավորներ, բայց միանգամայն պարզ է, որ նրանք, ովքեր նստած են Վիեննայի Սահմանադրական դատարանում, իրականացնում են սահմանադրական արդարադատություն, բնականաբար ունեն սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն՝ բոլոր լիազորություններով:

ՀՀ սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներում 213-րդ հոդվածի մասում նման կարգավորում կա, որ Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել: Ինչպես նաև մյուս հոդվածները, որոնք գտնվում են Սահմանադրության 16-րդ գլխում, օրինակ՝ դատախազության մասին հոդվածը, դրանց նպատակն է վերացնել տերմինաբանական տարբերությունները 2005-2015 թվականների խմբագրությունների սահմանադրությունների միջև: Պետք է ասել, որ համաձայն 213-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի անդամներն այժմ, ինչպես դա ձևակերպված է Սահմանադրության 7-րդ գլխում, Սահմանադրական դատարանի դատավորներ են, նրանք բոլորը նույն կարգավիճակն ունեն, և դա հաստատվում է 213-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ ասվում է, որ դատավորների թափուր դարձող տեղերը զբաղեցնում են այլ դատավորներ՝ ըստ նոր կարգավորումների։

Ընդ որում, այդ թեկնածուներին առաջադրում են նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունն ու Դատավորների ընդհանուր ժողովը: Այդպիսին է կարգը, և հենց այդ կարգով է Վահե Գրիգորյանը դարձել Սահմանադրական դատարանի դատավոր: Կարճ ասած՝ 213-րդ հոդվածում մենք ունենք տերմինաբանական հարմարեցում։ Բոլոր նրանք, ովքեր իրականացնում են սահմանադրական արդարադատություն, սահմանադրական դատարանի դատավորներ են։ Ոչ մի տարբերություն չկա մինչև 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելը անդամ համարված անձանց և այսօրվա Սահմանադրական դատարանի դատավորների միջև: Ի դեպ, Սահմանադրական դատարանի նախագահը նույնպես մինչև իր պաշտոնավարման ավարտն իրականացնում է նախագահի գործառույթները, նախկին խմբագրություններում դա կարգավորված էր, այստեղ դա մեկ անգամ ևս հաստատվել է, որ այդ անդամները չպետք է հրաժարական տան, և նրանք շարունակելու են պաշտոնավորել:

-Եթե անգամ ընդունենք, որ դատավոր և անդամ հասկացությունները տարբեր են, արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ ՍԴ նախագահի պարագայում ոչինչ չի փոխվել: Որոշ իրավաբաններ ասում են, որ այսօրվա ՍԴ նախագահն ընտրվել է որպես ՍԴ անդամ և ոչ թե դատավոր և չի կարող պաշտոնավարել, Դուք այս պնդման մեջ որևէ տրամաբանություն, ողջամիտ հատիկ տեսնու՞մ եք: Եթե մի պահ պատկերացնենք, որ մեր իշխանությունները գնում են Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհով և ՍԴ գործող դատավորներին զուգահեռ նոր առաջադրումների ու նշանակումների գործընթաց են նախաձեռնում, արդյո՞ք թույլատրելի կլինի դա կամ ինչպիսի սահմանադրաիրավական գնահատականի պետք է արժանանա։

-Սահմանադրության 213-րդ հոդվածի 1-ին մասը չի բացառում Սահմանադրական դատարանի նախագահին, նա ևս իր գործառությունները շարունակում է իրականացնել մինչև պաշտոնավարման ավարտը, դա իր պարտականությունն է, միաժամանակ իրականացնում է արդարադատություն՝ որպես դատավոր: Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների մինչև չկա տարբերություն, և չի կարելի տարբերակում անցկացնել Սահմանադրական դատարանի նախագահի հարցում. ով նման տարբերակում է կատարում, նա վարվում է հակասահմանադրորեն, սա մեկնաբանությունն է 213-րդ հոդվածի:

-Քննարկվում է նաև սահմանադրական ճգնաժամ լինելու հարցը։ Այդպիսի խոսակցությունները հատկապես ակտիվացան 2018 թ. ապրիլյան իրադարձություններից հետո՝ Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի առաջադրման գործընթացների ժամանակ։

-Դա բացարձակապես կլիներ հակասահմանադրական քայլ կառավարության կողմից։ Սահմանադրական դատարանում պետք է լինեն թափուր տեղեր, իսկ ես ասացի, որ Սահմանադրական դատարանի արդարադատություն իրականացնող բոլոր անձինք նույն կարգավիճակն ունեն, և քանի դեռ այնտեղ չեն առաջացել թափուր տեղեր, նոր դատավորները Սահմանադրական դատարան գալ չեն կարող, ընդհանրապես չկա որևէ հնարավորություն, բացի այն դեպքից, որ այսօր աշխատող դատավորները հրաժարական տան։ Եվ եթե օրինակ՝ կառավարությունը Սահմանադրությանը հակառակ ինչ-որ մարդկանց նշանակի, ապա կգործի Սահմանադրությունից դուրս։ Ընդ որում, դա կառավարությունը չի էլ կարող անել, այլ կարող է նշանակել Սահմանադրական դատարանի կազմի միայն 1/3-ը, առաջին տեղում գտնվում է Հանրապետության նախագահը, նա է առաջարկում թեկնածություններն Ազգային ժողովին, և այդ պատճառով կառավարությունը կարող է առաջադրել 3 դատավորի թեկնածություն և այն էլ թափուր լինելու դեպքում:

Ընդգծում եմ, միայն այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանում առաջանան թափուր տեղեր, այս նոր կարգով կառավարությունը կարող է առաջադրել թեկնածուներ:

-Սահմանադրական ճգնաժամի վերաբերյալ խոսակցությունները նոր թափ են ստացել նաև այսօր՝ ՍԴ հետ կապված այն մեկնաբանության պատճառով, որ սահմանադրական դատարանում կան երկու դատավոր և 7 անդամներ։ Ի՞նչ է սահմանադրական ճգնաժամը, և կա՞ արդյոք Հայաստանում սահմանադրական ճգնաժամ, և արդյո՞ք Սահմանադրությունն ունակ է լուծումներ առաջարկելու։

-Ինձ համար դժվար է ընդունել այսօր Հայաստանում իշխող այն կարծիքը, որ այստեղ կա սահմանադրական ճգնաժամ, իմ կարծիքով՝ Սահմանադրական դատարանի ընտրված նոր դատավորը և նախկին փաստաբանն այնպիսի կարծիք է այստեղ ներկայացնում, որը չեն կարող ընդունել լուրջ սահմանադրագետները: Ես փորձեցի մեկնաբանել այստեղ 213-րդ հոդվածը, այդ հոդվածը միանշանակ փաստում է, որ 213-րդ հոդվածի այսպես կոչված մեկնաբանությունը Գրիգորյան դատավորի կողմից բացարձակապես անհասկանալի է, ես դա ասում եմ որպես սահմանադրագետ, ինչ-որ մի առանձին դատավոր Սահմանադրական դատարանում բոլորովին մենակ՝ մեկուսացած իննը դատավորներից, իր կարծիքով ուզում է առաջացնել սահմանադրական ճգնաժամ: Ես կարծում եմ, որ սա չափազանցված մեկնաբանում է և քաղաքական գնահատական:

Ես հասկանում եմ, որ խորհրդարանը, որտեղ կառավարությունն ունի ճնշող մեծամասնություն, ճիշտ է համարում այդ դիրքորոշումը և օժանդակում է դրան, որն առնչություն չունի իրավիճակի սահմանադրաիրավագիտական գնահատականների հետ: Փաստ է, և Դուք ճիշտ եք, որ 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո է առաջացել որոշակի իրավիճակ Հայաստանում, ես չէի ասի, որ դա սահմանադրական ճգնաժամ է: 2018 թվականից 2015 թվականի խմբագրությամբ գործող 1995 թվականի Սահմանադրության հիման վրա սահմանադրական մարմինները նոր կազմ են ստացել։ Ինչի՞ հիման վրա է, օրինակ, վարչապետ Փաշինյանը զբաղեցրել իր պաշտոնը։ Ազգային ժողովի որոշման հիման վրա, այսինքն՝ մի մարմնի որոշման հիման վրա, որը կազմավորվել է այս Սահմանադրությամբ և որը լեգիտիմություն է ստանում միայն այս Սահմանադրությամբ: Ինչի՞ հիման վրա են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունները՝ Ընտրական օրենսգրքի, որը, ըստ Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի, սահմանադրական օրենք է, ընտրական իրավունք, որը լեգիտիմացնում է այս խորհրդարանն ու կառավարությունը: Որտե՞ղ է այստեղ սահմանադրական ճգնաժամը։ Հակառակը՝ ես կարող եմ ասել, որ այսօրվա կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, որը ղեկավարում է այդ կառավարությունը, նման պատկերացումներով իրենց դնում են Սահմանադրությունից վեր և կորցնում են իրենց լեգիտիմությունը։ Եվ ասեմ, որ այդ դեպքում կկորցնեն նաև Եվրամիության և Եվրախորհրդարանի օժանդակությունը, Եվրոպայում չեն ընդունի այն, ինչ կատարվում է Սահմանադրությունից դուրս:

-Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե Սահմանադրական դատարանի նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, իրավասու մարմինն առաջադրում է Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու:

Վահե Գրիգորյանն անցած տարի մեկ անգամ արդեն իսկ առաջադրվել էր որպես ՍԴ դատավորի թեկնածու և չէր ընտրել, արդյոք Նախագահը այս կարգավորումների պարագայում կարո՞ղ էր նույն թեկնածուին կրկին առաջադրել:

-Սա մեկնաբանման հարց է, ես պետք է ասեմ, որ եթե կառչենք տեքստին, ապա նոր թեկնածուն չի կարող լինել հին թեկնածուն, նոր և հին թեկնածուների միջև տարբերակումը դժվար չէ անել, այնքան հեշտ է տարբերակել՝ ինչպես հնին նորից: Ես չգիտեմ, թե ժամանակին ինչու են մերժել Վահե Գրիգորյանի թեկնածությունը, նախագահը նորից է առաջադրել նույն թեկնածուին, նման դեպքում յուրաքանչյուր մարդ, որը քաղաքական փորձառություն ունի, կզարմանա, թե ինչպես է, որ կրկին առաջադրվել է նույն թեկնածուն, և երկրի նախագահը փոխում է իր կարծիքը, և ո՞ր հանգամանքներն են, որ դրդել են նրան որպես նոր թեկնածու առաջադրել հին թեկնածուին: Եթե հենվենք դրույթի տեքստի վրա և սահմանադրության մասին օրենքներով, դա գործողություն է, որը չի ծածկվում, ապա, իմ կարծիքով, այս դեպքում Հանրապետության նախագահն էլ է իրեն դասել օրենքից բարձր և որոշում է կայացրել։ Սա իմ գնահատականն է, նոր թեկնածուն նոր թեկնածություն է, դա մերժված թեկնածուն չէր կարող լինել, դա պետք է նոր անձ լինի:

Այս խորագրի վերջին նյութերը