Կարծիք

04.07.2019 14:52


Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է, քանի դեռ «չէ» չի ասե՞լ քայլիշխանության տարաշխարհիկ դրսևորումներին

Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է, քանի դեռ «չէ» չի ասե՞լ քայլիշխանության տարաշխարհիկ դրսևորումներին

«Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել»,-հայտարարել է քայլարածների խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` հերքելով համառորեն շրջանառվող լուրերը, թե դատական իշխանության հարցը «լուծելուց» հետո անցնելու են լրատվամիջոցների վեթինգին։

Անձեռնմխելիություն ասելով`երեւի նկատի ունի, որ կարելի է ձեռքի տակ որեւէ հիմնավոր փաստ չունենալով` ներխուժել խմբագրություններ, առգրավել համակարգիչներ` «հանցագործության» (ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսման) չեղած ապացույցներ փնտրելով, եւ այդքանից հետո անգամ ներողություն չխնդրել լրատվամիջոցի հեղինակության հետ խաղալու համար։

Կամ, ասենք` «ժողովրդի կառավարության» բացթողումների վրա աչք չփակող «որոշ հեռուստաընկերությունների» մեղադրել «հակապետական քարոզչությամբ» զբաղվելու մեջ, այն էլ` վարչապետի մակարդակով, պարբերաբար լրատվամիջոցներին զսպաշապիկ հագցնելու` խոսքի ազատության սահմաններն օրենքով սահմանափակելու սպառնալիքներ հնչեցնել, անվստահություն սերմանել անհաճո լրատվամիջոցների նկատմամբ` կոչ անելով հավատալ միայն այն լրատվամիջոցներին, որոնք առավոտից իրիկուն իշխանության գովքն են անում, ամեն ինչի մասնագետ Մարիամիկի մակարդակով «կոռեկտության» դասեր տալ լրագրողներին։

Եվ, որպես այդ ամենի տրամաբանական շարունակություն, Արդարադատության նորաթուխ նախարարին լծել «լրատվամիջոցների հաշվառման ընթացակարգ սահմանելու» սրբազան գործին։

Այսինքն` վեթինգի ենթարկել լրատվական դաշտը. այն, ինչից Մակունցը փորձում է տարանջատվել` ասելով, որ նման բան չի կարող լինել։
Եթե ՍԴ դատավորը, դեռ երդում չտված, խորհրդարանի բարձր ամբիոնից կարող է ինքն իրեն նախագահ հռչակել եւ արժանանալ դահլիճի բուռն, երկարատեւ ծափահարություններին, խոսքի ազատությունը սահմանափակելու փորձն ի՞նչ է, որ չլինելու բան լինի ԱԺ «ջախջախիչ մեծամասնության» համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը