Մեկնաբանություն

04.07.2019 11:49


Ինչու է իշխանությունը դատի տվել «7 օրին»

Ինչու է իշխանությունը դատի տվել «7 օրին»

Պարզվում է, որ տխրահռչակ «1in.am»–ի սեփականատեր և համատեղությամբ ԱԺ պատգամավոր աշխատող Արման Բաբաջանյանը վիրավորվելու հատկություն ունի։ Նա վիրավորվել է ու դատի տվել։ Դեռ պարզ չէ, թե «7 օրի» ո՞ր հրապարակումից է վիրավորվել նախկին իշխանությունների ջերմեռանդ պաշտպանն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո «թունդ հեղափոխականի» կարգավիճակով հանդես եկող Արմանը, բայց «ժողովրդի» վարչապետի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», բոլորից, այդ թվում՝ դատարանից շուտ տեղեկացել ու տեղեկացրել էր այդ մասին։

Հետաքրքրական է, որ դատական հայցերի տեղեկացման միջոցը՝ «Դատալեքսը», ընդամենը հրապարակել է Բաբաջանյանի հայցի մասին, իսկ ահա Նիկոլի թերթը մանրամասնել է, թե ինչի մասին է հայցը, ընդ որում՝ թերթը ոչ թե հղում է անում հայցվորին, այլ որպես սեփական տեղեկատվություն է մատուցում հայցի բովանդակությունը։ Այսինքն, թերթն իրեն պահում է Փաշինյանի պես, ով քննչական մարմիններից ու դատարաններից առաջ ընկած՝ քրեական գործերի մասին է խոսում ու դատական վճիռներ հրապարակում ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ դրանով իսկ ցույց տալով, որ անձամբ է ղեկավարում այդ ամենը։ Ինչևէ։

Փաստորեն, երբեմն թրաշված, իսկ երբեմն էլ անթրաշ Արման Բաբաջանյանը տարիներ շարունակ չի վիրավորվել իր հասցեին հնչող գնահատականներից, բայց օրերս վիրավորվել է ու փոխհատուցում է պահանջում։

Բաբաջանյանը չի վիրավորվել, որ իրեն մեղադրել են բանակից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու ու դրա համար դատվելու մեջ, չի վիրավորվել, երբ ասել են, որ սեփական մոր դեմ ցուցմունք է տվել, չի վիրավորվել տարբեր այլ՝ ցենզուրայից դուրս գնահատականներից, բայց ահա «7 օրի» հրապարակումից վիրավորվել է։

Բաբաջանյանը մշտապես լռել է, երբ իրեն գնահատականներ են տվել՝ ապացուցելով, որ լռությունը համաձայնության նշան է։ Իսկ հիմա դատի է տվել, քանզի Նիկոլ Փաշինյանի գծի վրա է։ Իսկ գիծն այդ ենթադրում է պայքար ոչ յուրային լրատվամիջոցների դեմ։ Այդ պայքարի ձևերի փորձարկում է հիմա կատարվում Փաշինյանենց կողմից։ Դե, իսկ այդ ընթացքում բաբաջանյաններ միշտ էլ կգտնվեն։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը