Մեկնաբանություն

04.07.2019 09:40


Որքա՞ն է «նստում» Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Որքա՞ն է «նստում» Արմեն Սարգսյանը (տեսանյութ)

Արմեն Սարգսյանին Լոնդոնից Երևան բերեցին ՀՀ նախագահ աշխատելու համար։ Այդ աշխատանքը ենթադրում էր անիմաստ, ձևական ու հաստիքային ժպիտներ, ոչինչ չասող նախադասություններ և ներկա բացակայություն։ Նա համաձայնեց ու երդվեց, որ չի շեղվի այդ դերակատարումից և անցավ գործի։

Ոչինչ չանելու և բացակա նախագահ աշխատելու դիմաց Ա. Սարգսյանին պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվում։ Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1.322.800 դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ 2.773 դոլար։ Սրան գումարած հսկայական աշխատակազմը, գրասենյակային ծախսերը, շրջագայությունները, հարակից ծախսերը և այլն։

Մի խոսքով, տարեկան կտրվածքով Արմեն Սարգսյանը ահագին «նստում» է հարկատուներիս վրա։ Միլիոններ։ Եվ ինչի՞ համար ենք մենք նրան պահում։ Որ առաջ Սերժ Սարգսյանի նվագի տակ պարեր, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի՞։

Ո՞րն է նման թանկարժեք պաշտոնյայի գոյության իմաստը քաղաքական դաշտում։ Եթե մինչև հեղափոխությունը նա Լոնդոն–Երևան չվերթի բոնուսային ուղևորն էր, ապա հեղափոխությունից հետո մտավ նոր «թրենդի» մեջ և բացի մշտական ուղևորից՝ դարձավ նաև փողոցում քոչարի պարող կամ պաղպաղակ ուտող, այսինքն՝ շոումեն։

ՀՀ սահմանադրության համաձայն՝ նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը։

Արդյոք Արմեն Սարգսյանը կատարո՞ւմ է իր այդ լիազորությունները։ Իհարկե, ո՛չ։ Նա կամ ստվերային գործարքի մեջ է Փաշինյանի հետ, կամ էլ ընկրկում է նրա շանտաժների առաջ ու հլու–հնազանդ կատարում իրեն թելադրվածը։ Եվ այդ ամենն արվում է զրոյական արժանապատվության զգացումով ու պետբյուջեի հաշվին։

Վերջին դեպքերն ասվածի վառ ապացույցն են։ Վահե Գրիգորյանն Արմեն Սարգսյանին համարում է ոչ լեգիտիմ ու տխմարագույն դեմագոգ, իսկ վերջինս նրան առաջադրում է ՍԴ դատավորի/անդամի թեկնածու։

Լևոնանիկոլական իշխանության քաղաքական փաստաբան Գրիգորյանը հիմա ինքնահռչակվել է ՍԴ նախագահ, բայց ՀՀ նախագահ աշխատող ու բոլորիս վրա բավական թանկ «նստող» Արմեն Սարգսյանը ծպտուն չի հանում։ Նա չի կատարում իր անմիջական ֆունկցիան, այն է՝ հետևել Սահմանադրության պահպանմանը։ Մինչդեռ Սարգսյանը Գրիգորյանի ինքնահռչակումից հետո պետք է անմիջապես հանդես գար հայտարարությամբ ու ԱԺ–ին առաջարկեր դիմել ՍԴ–ին՝ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի/անդամի կարգավիճակից զրկելու համար, քանզի նա այդ կարգավիճակում զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ինչն արգելվում է ՀՀ սահմանադրությամբ։

Նիկոլ Փաշինյանն արհեստականորեն սահմանադրական ճգնաժամ է ուզում ստեղծել, որպեսզի հերթական գրպանային կառույցն ունենա՝ ի դեմս ՍԴ–ի, բայց պետության գլուխ աշխատողը մեխի գլխի պես լուռ է։

Արդյոք շռայլություն չէ՞ պետբյուջեի հաշվին լուռ նախագահ պահելը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը