Հարցազրույց

04.07.2019 08:55


«Մնում է արդեն մարտի մեկի գործով ցուցմունք տվողներին էլ պարգևատրեն»․ Արամ Հարությունյան

«Մնում է արդեն մարտի մեկի գործով ցուցմունք տվողներին էլ պարգևատրեն»․ Արամ Հարությունյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անունից շնորհակալագրով պարգեւատրվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներից է: Դրա համար էր Կ. Բիշարյանն իշխանությունների մոտ աչքի ընկել «պարտականությունները գերազանց կատարելու» հարցում, «Իրավունք»-ը պարզել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի տեսակետը:

-Սա ակնհայտ փաստ է, որ իշխանությունների կողմից պարգեւատրվելով` նման մարդկանց երաշխիքներ են տալիս: Այսինքն` իրենք պաշտպանված են իշխանությունների կողմից: Բայց բոլոր այդ մարդիկ, ի վերջո, իրենք են հայտնվելու ճաղերի հետեւում, նկատի ունեմ` ե՛ւ ՀՔԾ որոշ քննիչներին, ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ այն դատավորներին, որոնք, ըստ էության, իրենց խղճի դեմ գնացին, եթե իհարկե, խիղճ ունեին: Քանի անգամ էլ որ Փաշինյանը պարգեւատրի գլխավոր դատախազին, մեկ է` ինքը մի օր հանդես է գալու Փաշինյանի կալանավորման միջնորդությամբ: Ռ.Քոչարյանի գործով դատախազին պարգեւատրելով` Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, իր շնորհակալությունն է հայտնում: Եվ այստեղ իրականում այդ պարգեւները չեն այնքան կարեւոր, այլ այն, որ իրենք ավելի շատ ցուցադրաբար են անում այդ ամենը` ցույց տալու համար, որ բոլորը, ովքեր մասնակից են այս հանցագործությանը, իրենք պաշտպանված են իշխանության կողմից: Համոզված եմ, որ իրենք ստվերային պարգեւատրումներ էլ ստացած կլինեն, բիզնեսներ էլ կունենան, բիզնեսներ էլ ստացած կլինեն: Բայց էլի եմ ասում` իրենք այնպիսի հանցագործություն են կատարում, որ հետագայում պատասխան են տալու: Եվ այսօր եթե այսկերպ «Ռուբիկոնն անցնում են», կարելի է եզրակացնել, թե ինչքան մեծ պարգեւ են իրականում ստացել, ոչ թե շնորհակալագրի, այլ` ուրիշ տեսքով:

-Կարելի՞ է համարել, որ սա եւս իշխանության կողմից յուրատեսակ միջամտություն է դատական համակարգին`հաշվի առնելով, որ «Մարտի մեկի» գործը դեռ շարունակվում է, սակայն այդ գործով մեղադրող դատախազներից մեկը ցուցադրաբար պարգեւատրվեց:

-Իհարկե, մի քիչ ավելի գրագետ եւ սոլիտ կլիներ, որ սպասեին, ամեն ինչ վերջանար, նոր, բայց երբ գործընթացի ընթացքում են իրենք պարգեւատրում, ընդհանրապես զավեշտի է նման: Մնում է արդեն «Մարտի մեկի» գործով ցուցմունք տվողներին պարգեւատրեն, ինչպես որ «Մարտի մեկի» գործով ցուցմունք տվող զինվորականներից մեկը բարձր պաշտոն ստացավ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այսօր նույն ոստիկանությունում կան մարդիկ, որոնք զեկուցագրեր են գրել` կապված ՀԱԿ-ի խմբերի մոտ զենք լինելու վերաբերյալ: Բայց այդ մարդիկ, այսպես ասած, անհետացած են, հիմա շատ քչերն են մեջտեղ գալիս, կամ ավելի ճիշտ միայն նրանք չկան, ովքեր հրաժարվել են այսօրվա իշխանությունների պատվերը կատարել եւ ասել, թե իբր իրենք այն ժամանակ կեղծ զեկուցագրեր են գրել: Ի դեպ, ես գիտեմ, որ այդ ամենը գործին կցված է: Իրականում մարտի մեկի առավոտյան մենք գիտենք, որ ՀԱԿ-ի մարդիկ տեղեկատվություն են ունեցել, եւ Տեր-Պետրոսյանն ասել է` ծեծ կերեք, եւ իրոք, իրենց մոտ զենք է եղել: Վերջիվերջո, համոզված եմ, որ որեւէ իշխանության ձեռնտու չէ, որպեսզի լինեին զոհեր, սա միայն ձեռնտու էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչը երեւում է նաեւ իր խոսակցության ժամանակ Ալիկ Արզումանյանի հետ: Այդ խոսակցության ժամանակ, նա, այսպես ասած, իր գոհունակությունն է հայտնում, թե` «ապրեք, Ալիկ ջան, շատ լավ է»:

Այս խորագրի վերջին նյութերը