Կարծիք

03.07.2019 10:00


Աշխարհաքաղաքական ու սեզոնային բուռն կրքեր

Աշխարհաքաղաքական ու սեզոնային բուռն կրքեր

Զբոսաշրջության բուռն սեզոնը տարածաշրջանում շատ բուռն էլ սկսվեց։ Պատճառը վրացական հայտնի դեպքերն են, որոնց արդյունքում հուլիսի 8-ից Ռուսաստանը դադարեցնում է օդային հաղորդակցությունը մեր հարևան երկրի հետ։ Այդ որոշման հրապարակումից հետո մեր տարածաշրջանի մամուլի ամենաքննարկվող միասնական թեման դարձավ զբոսաշրջությունը։ Որքան էլ տարօրինակ է, այն ավելի շատ տնտեսական տեսանկյունից է վերլուծվում, քան քաղաքական։ Հնարավոր է՝ այն պատճառով, որ քաղաքական տեսանկյունից ամեն ինչ ավելի պարզ էր, հետևաբար՝ կանխատեսելի։ Բայց «զբոսաշրջային» սկանդալի նախաձեռնողն այս ոլորտի հաջողակն էր տարածաշրջանում։

2018թ. Վրաստան այցելել է 4․7 մլն միջազգային զբոսաշրջիկ։ Մոտ ապագայում սա հասանելի ցուցանիշ չէ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար։ Տարբեր հաշվարկներով՝ զբոսաշրջությունն ապահովում է Վրաստանի ՀՆԱ-ի 7․5-9 տոկոսը։ Ընդ որում, այս ոլորտը տնտեսության ամենաարագ աճող ճյուղն է։

Տուրիզմի զարգացման ցուցանիշով Վրաստանն աշխարհում չորրորդ երկիրն էր 2018-ի տվյալներով (երկրորդը՝ Եվրոպայում)։ 2014-ից մինչև 2018 այն աճել է երեք անգամ։ Այս պատճառով էլ ոլորտը Վրաստանի տնտեսական իշխանությունների ու տնտեսագետների ուշադրության կենտրոնում էր։ Վերլուծվում էր զբոսաշրջության հետ կապված ամեն ինչ։ Օրինակ՝ հայտնի էր, որ ռուս զբոսաշրջիկներն ապահովում են Վրաստանի ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը։ 2018թ. մեր հարևան երկիր այցելել է 1 մլն 704 հազար ռուսաստանցի։ Այստեղ կարելի է ավելացնել նաև, որ վրաց ՀՆԱ-ի 7․5–տոկոսանոց «տուրիստական» մասնաբաժնի մեկ երրորդն ապահովում են ադրբեջանական և հայաստանցի զբոսաշրջիկները։ 2018-ին Վրաստան այցելել է 1․807 մլն ադրբեջանցի և 1․725 մլն հայաստանցի։

Զբոսաշրջության պաշտոնական ցուցանիշներով՝ երկրորդը Ադրբեջանն է՝ 2018-ի 2․5-3 մլն զբոսաշրջիկի ցուցանիշով։ Ադրբեջանական պաշտոնական վիճակագրական տվյալները պակաս վստահելի են. հակասությունները շատ են։ Հայտարարվում է, որ ամենաշատ զբոսաշրջիկներ այցելում են ՌԴ-ից՝ 800 հազար մարդ, ու հարևանցիորեն նշվում է, որ նրանք ընդհանուրի 31 տոկոսն են կազմում (հետևաբար, կարելի է հաշվարկել, որ 3 մլն զբոսաշրջիկների քանակն ուռճացված է)։ Արտասահմանյան զբոսաշրջիկների երկրորդ մեծ խումբը վրաստանցիներն են (ընդհանուրի 20 տոկոսը), երրորդը՝ թուրքերը՝ 10 տոկոս, ապա իրանցիները՝ 9 տոկոս։

Ադրբեջանական տուրիստական գործակալությունը տարածաշրջանում միակն է, որ հրապարակում է երկիր ժամանածների սեռը՝ մոտ 66 տոկոս տղամարդ, 34 տոկոս կին։ Այն պատճառով, որ այս երկրում զբոսաշրջության մասին պաշտոնական վիճակագրությունը բազմազան է, կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ձգտում են զարգացնել ոլորտը։ Այս եզրակացության օգտին է նաև այն, որ ադրբեջանական մամուլում անցած տարվանից «սուգ ու շիվար է» արաբական աշխարհից ժամանող զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով։

Հայաստանի զբոսաշրջության տվյալներն ամենահամեստն են տարածաշրջանում։ 2018-ին մեր երկիր է ժամանել 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ։ Աճը 2017-ի 1 մլն 494 հազարի դիմաց երկնիշ է։ Մեր պարագայում էլ նշվում է, որ զբոսաշրջիկների ամենամեծ քանակը ժամանում է Ռուսաստանից՝ մոտ 500 հազար մարդ։ Բայց հենց երկրորդ երկրի մասին տեղեկությունը «հուշում» է, որ այս ոլորտի վիճակագրության նկատմամբ որոշակի վերապահ մոտեցում է պետք։

Ժամանած զբոսաշրջիկների թվով երկրորդ երկիրը Վրաստանն է՝ 200 հազար մարդ։ Ակնհայտ է, որ Ջավախքից հարազատներին այցելող մեր բոլոր հայրենակիցները զբոսաշրջիկ են։ Նման ենթադրության օգտին է նաև այն փաստը, որ զբոսաշրջիկների քանակով տեսակարար խոշոր կշիռ ունեցող այլ երկրներ չկան։ Հիմա հետաքրքիր վիճակագրություն է սպասվում այս ոլորտում։ Ռուս-վրացական հարաբերությունների լարմանը զուգահեռ՝ երկու հակասական վերլուծություն հայտնվեց։ Մի մասում խոսվում էր այն մասին, որ Կովկասի «ճամփեն բռնած» ռուս զբոսաշրջիկների մի մասը կգա Հայաստան։ Մյուս մասը պնդում էր, որ չեն գա, և զբոսաշրջության ոլորտում վրացական (ցավոք, արդեն նախկին) հաջողությունները բացատրում են ծովի առկայությամբ։ Վրացական տուրիզմն ուսումնասիրած մասնագետները պնդում են, որ այդ երկիր այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների կեսը ծովափ չի հասնում։ Այնպես որ, աշխարհաքաղաքական-բնակլիմայական և այլաբանական գործոնների վրա մեղքը գցելը լուրջ զբաղմունք չէ։ Նույնիսկ այս պարագայում վրացական կողմը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար լուծում է գտել։ Նրանք ՌԴ զբոսաշրջիկներին խոստանում են Երևանից Թբիլիսի անվճար փոխադրում։ Եթե չեմ սխալվում, Երևանը և Թբիլիսին միմյաց մոտ գտնվող մայրաքաղաքների երկրորդ զույգն են աշխարհում։ Այսինքն, տարվա վերջում ակնհայտ կդառնա, թե այդ աշխարհաքաղաքական դիրքից զբոսաշրջության ոլորտում ով ավելի կհաջողի՝ մե՞նք, թե՞ մեր դրկիցները։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը