Մեկնաբանություն

02.07.2019 17:05


Ռոմանո՛ս, քեզ ասում եմ, Նիկո՛լ, դո՛ւ հասկացիր (տեսանյութ)

Ռոմանո՛ս, քեզ ասում եմ, Նիկո՛լ, դո՛ւ հասկացիր (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագրում» երկար հնարավոր չեղավ պահել ներքին խնդիրները: Հեղափոխության արդյունքների ու իշխանության սեփականաշնորհումը բնականորեն բերում են ներքին հակադրությունների:

Դատելով ամենից՝ Աբովյանում կրած պարտությունը շատ ծանր է անդրադարձել այդ կառույցի վրա ու հունից հանել Նիկոլ Փաշինյանին: Նա ձևականորեն հայտարարել է, որ Աբովյանում հաղթել են ժողովրդավարությունը և հեղափոխությունը, բայց իր կուսակից մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի միջոցով արտահայտվել է արդեն անկեղծ:

Ըստ «ժողովրդի» վարչապետի սրտի մարզպետի՝ Աբովյանում պարտվել է արժանապատիվ քաղաքացին: Այդ խոսքերից բխում է, որ 8 հազարից ավելի քաղաքացիներն անարժանապատիվ են: Սա իշխող ուժի գնահատականն է:

Ժանրի կանոնների համաձայն՝ ՔՊ-ն պետք է պարտության համար քավության նոխազ և մեղավոր գտներ: Ու գտել է՝ ի դեմս այդ կուսակցության վարչության նախկին ղեկավար Սասուն Միքայելյանի:

Շվոնդերական հակումներով Ռոմանոսը Փաշինյանի թերթում՝ «Հայկական ժամանակում», «գործ է տվել» Միքայելյանի դեմ, թե բա՝ մատը մատին չտվեց, որ ՔՊ-ական թեկնածուն հաղթեր:

Նույն ժանրի կանոնների համաձայն՝ Միքայելյանը պատժվեց: Նա ՔՊ-ում կորցրեց ոչ միայն վարչության նախագահի դիրքը, այլ նաև չընտրվեց վարչության անդամ: «Ընտրություն» ձևակերպումն այստեղ մի փոքր հարաբերական է, քանզի ակնհայտ է, որ Սասունը չի ընտրվել Փաշինյանի ցուցումով: Վերջինս շուտվանից էր ուզում վնասել Միքայելյանին, քանզի նա «հին» մարդ է, ունի անցած ուղի և պարտական չէ Փաշինյանին:

Բացի այդ՝ Միքայելյանը Փաշինյանի անցած ուղու վկան է: Իսկ այդ ուղին, մեղմ ասած, այնքան էլ անբիծ չէ: Միքայելյանը Փաշինյանի համար անցանկալի վկա է, իսկ նման մարդիկ հաճելի չեն Փաշինյանին, ու նա առիթ էր փնտրում Միքայելյանից ազատվելու համար: Եվ ահա, առիթը գտնվեց: Աբովյանը բարդվեց Միքայելյանի վրա:

Ըստ ամենայնի՝ կան նաև այլ պատճառներ Փաշինյան-Միքայելյան հակադրության համար: Նրանք, իհարկե, առայժմ միջնորդավորված են միմյանց «կծմծում», բայց դե, բոլորի համար էլ պարզ է, որ երբ Միքայելյանը «փչացնում» է Ռոմանոս Պետրոսյանին ու հայտարարում, որ թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում, նա «կո՛ւժ, քեզ ասում եմ, կուլա՛, դո՛ւ լսիր» մոդելով է խոսում, այսինքն՝ իր խոսքն ուղղված է ոչ այնքան Ռոմանոսի, որքան Նիկոլի դեմ: Իսկ երբ Ռոմանոսը հակադարձում է ԵԿՄ ղեկավար դարձած Միքայելյանին, դա անում է Փաշինյանի ցուցմամբ, այսինքն՝ Ռոմանոսի շուրթերով Սասունին է պատասխանում «ժողովրդի» վարչապետը:

Թե ինչ զարգացում կստանա հրապարակային դաշտում այս «թավշյա» մեսիջների փոխանակումը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ Փաշինյանին միահեծանություն է պետք ոչ միայն պետական համակարգում, այլ նաև կուսակցությունում: Իսկ դրա լավագույն տարբերակը զրոներով շրջապատված լինելն է:

Սասուն-Նիկոլ հարաբերության մեջ Ռոմանոսն ընդամենը գործիք է մեկ մարդու կուսակցություն և իշխանություն ձևավորելու ճանապարհին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը