Կարծիք

02.07.2019 13:59


Ներիշխանական ճգնաժամը՝ հեղափոխական խմբակներին բնորոշ գործընթաց

Ներիշխանական ճգնաժամը՝ հեղափոխական խմբակներին բնորոշ գործընթաց

Պատմությունը ցույց է տալիս, որ հեղափոխական պայծառ ու մարդասիրական կոչերով եկած ուժերը, անցնելով իշխանության գլուխ, սկսում են գործել իրենց իսկ հռչակած սկզբունքներին հակառակ: Այսինքն՝ բոլորին բարություն և համերաշխություն մաղթելով հանդերձ՝ նրանք սկսում են նախորդների դեմ պատժիչ գործողություններ իրականացնել, քանի որ նրանց են մեղադրում բոլոր հնարավոր մեղքերի ու հանցանքների մեջ: Այդպես էր Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այդպես էր Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության ժամանակ, այդպես է հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ:

Այդ ամենը, բնականաբար, անցողիկ փուլեր են, և վերջ ի վերջո պետությունը հանգում է մեկ կետի՝ ձեռք բերելով կայուն, հավասարակշռված առաջնորդ, և սկսում զարգանալ: Այստեղ հարցը այն է, թե նիկոլական հեղափոխականների գործողությունների, նրանց հրահրած ցնցումների և սարքած քաոսի հետևանքով ինչպիսին է լինելու պետության վճարած գինը: Կորուստները ինչպիսի՞ն են լինելու: Ցավոք, որևէ լավ բան կանխատեսել չեմ կարող: Հեղափոխական վերվարածների վարած քաղաքականությունը զուրկ է որևէ հայեցակարգից և որևէ տրամաբանությունից, ռիսկի տակ է դրել տնտեսությունն ու արցախյան հարցը: Երկուսն էլ կարևորագույն կետեր են հայ ժողովրդի համար, երկուսն էլ գնալով զրոյական են դառնում:

Այսօր, սակայն, այլ երևույթ էլ է նկատվում մեր վայ-կառավարության շարքերում, ինչը ևս հեղափոխական խմբակներից անպակաս, անխուսափելի երևույթ է: Նրանք սկսել են որոշակի գզվռտոց՝ ներքին տարաձայությունների խորացման արդյունքում: Եվ որքան էլ իրենց վոժդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե իշխանության ներսում տարբեր թևեր աճելու դեպքում ինքը դրանք կկտրի և կվերացնի սաղմնային վիճակում, ամեն դեպքում տեսնում ենք, որ իր այդ խրոխտ սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենում իր ենթակաների և գործընկերների վրա: Նրանք այն աստիճանի չեն հարգում Փաշինյանի խոսքը, որ Սասուն Միքայելյանի աչքում Ռոմանոս Պետրոսյանը «Մաուգլի» մուլտֆիլմի շակալ է թվում, իսկ Պետրոսյանը Սասունին հաջորդ օրը մեղադրում է հեղափոխության արժեքներին և սկզբունքներին դավաճանելու մեջ:

Այս ներիշխանական ճգնաժամը գնալով խորանալու է, և այս ամենը սպասելի գործընթացներ են:
Պարզապես ժողովուրդը պետք է շատ ավելի շրջահայաց գտնվի՝ հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու համար:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը