Կարծիք

02.07.2019 12:15


Երբ ղեկավարը ժողովրդին կոնսոլիդացնելու փոխարեն պառակտում է

Երբ ղեկավարը ժողովրդին կոնսոլիդացնելու փոխարեն պառակտում է

Ցավոք սրտի, մեր ժողովրդի մշակութային առանձնահատկություններն, այսօրվա դրությամբ, այնպիսին են, որ արևմտյան ժողովրդավարության մոդելին համապատասխանող պետություն առայժմ չենք կարող ստեղծել (իհարկե, արևմտյան իսկական լիբերալիզմն ու ժողովրդավարությունը, որոնք նրանց գոնե վերջին 2-300 տարիների կտրվածքով առավելություն տվեցին ու ավելի մրցունակ դարձրին մնացած աշխարհի հետ համեմատած, նույնպես լրջագույն կերպով վտանգված են այսօր, բայց դա այլ թեմա է, որին հետո առանձին կանդրադառնամ):
Հիմա ուզում եմ քննարկել մեր երկրի հասարակական-քաղաքական կացութաձևին վերաբերող որոշ խնդիրներ: Բանն այն է, որ մեր ժողովրդի մենթալիտետն այնպիսին է, որ ինքն ընկալունակ է միայն ավտորիտար կառավարման համակարգերի նկատմամբ ու ընդհանրապես սեփական պետականություն ունենալու և այն պատվով կրելու իմաստով լրջագույն խնդիր ունի:

Բայց, այնուամենայնիվ, արդեն մեկ դար է, ինչ ունենք կիսատ-պռատ պետականություն (միջնադարում դրան երևի թե կասեին իշխանապետություն, թագավորության ստատուսին հաստատ չենք ձգում), և այդ կիսատ–պռատ պետականություն կրելու ավանդույթը, այնուամենայնիվ, ինչ–որ քաղաքական մշակույթ է ձևավորել մեր ժողովրդի մեջ, որի ամենագլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ պետության ղեկավարն ամբողջ ժողովրդի առաջնորդը պիտի լինի ու պիտի բարձր կանգնի նեղ կուսակցական ու կորպորատիվ շահերից: Այսինքն, մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության մոտ պետության ղեկավարի կերպարը սակրալիզացված է. այն, կոպիտ ասած, պիտի ժողովրդի հայրը լինի, և եթե մեր պետության ղեկավարը չի համապատասխանում այդ կրիտերիային, ապա այն վաղ թե ուշ մերժվելու է ժողովրդի կողմից ու համարվելու է թշնամի:

Ինչո՞ւ եմ գրում սա. գրում եմ, որովհետև այն ամենը, ինչը հիմա անում է Փաշինյան Նիկոլը, նրան որևէ շանս չի տալիս ապագայում ժողովրդի թշնամի համարվելուց խուսափելու համար: Դա պարտադիր կերպով տեղի է ունենալու, քանի որ նա այդպես էլ վեր չկանգնեց իր կուսակցականությունից, այդպես էլ չփորձեց հանդես գալ որպես ամբողջ ժողովրդի առաջնորդ ու կոնսոլիդացնող ղեկավար. նա միայն պառակտում է, միայն սահմաններ է գծում հասարակության մեջ, նա միայն յուրայինների առաջնորդն է և հակառակորդների դեմ հիստերիկ պայքարող է, այսինքն՝ դասական հեղափոխական առաջնորդի տիպիկ օրինակ է նա, որը պարտադիր կերպով աշխատում է հասարակության պառակտման ուղղությամբ՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ հրահրելը:

Մի խոսքով, այդպիսի ղեկավարն ընդմիշտ կմնա պատմության մեջ որպես ազգի դավաճան, քանի որ այդ գործելակերպն անպայման հանգեցնելու է մեր ժողովրդի համար շատ ցավոտ կորուստների՝ սկսած տնտեսականից, ինքնության խեղման խնդիրներից, մինչև տարածքային կորուստներ ու մեր պետականության՝ առանց այն էլ կիսատպռատ սուվերենության վերջնական կորուստ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը