Մեկնաբանություն

02.07.2019 08:30


Պարգևատրվելու հերթը «ժողովրդի սրտի դատավոր» Արմեն Դանիելյանինն է

Պարգևատրվելու հերթը «ժողովրդի սրտի դատավոր» Արմեն Դանիելյանինն է

Նիկոլապետական «նոր» Հայաստանը ժողովրդավարարության բաստիոն հռչակած քայլարած վերնախավը ուրույն մոտեցում ունի արդարադատության և իրավունքի մասին։ Սրանց համար անմեղության կանխավարկած գոյություն չունի։ Նման «մանրուքների» հետեւից չի ընկնում։ Իշխող ուժից ցանկացած մեկին հարցրեք` ինչպե՞ս է վերաբերում երկրորդ նախագահին արդեն երրորդ անգամ կալանավորելու փաստին, ու բոլորից՝ առանց բացառության, նույն բանը կլսեք. Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է եւ «միանշանակ» պետք է նստի` նրան փակի տակ պահելը «հանրային պահանջ» է։

Եթե վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հրապարակում, խոսելով Քոչարյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքի մասին, ձայնալարերը պատռում է, թե`«ոչ մեկը չի պլստալու, բոլոր մարդասպանները եւ հանցագործները բանտերում փտելու են», ֆրանսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ` «զարմանում» էր, թե որտե՞ղ է լսված, որ «մարդասպանը» չդատվի, ինչ է թե անձեռնմխելի է` Սահմանադրության համաձայն, չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, իր «ենթականերն» ինչպե՞ս կարող են այլ երգ երգել։

Նույնը` գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված «գողոնի» դեպքում, նույնը` ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցների գաղտնալսման ձայնագրությունների հրապարակման դեպքում. երբ վարչապետ կոչեցյալն առաջինը բարձրաձայնեց «հանցագործության» մասին` նույնիսկ չսպասելով, որ փաստի առնչությամբ քրեական գործ հարուցվի, եւ շտապեց ուղղորդել իրավապահներին «անհրաժեշտ» ուղղությամբ։

Եվ որպեսզի որեւէ քննիչի, դատախազի, դատավորի մտքով հանկարծ չանցնի «պաշտոնական տեսակետից» տարբեր որոշում կայացնել (ինչպես դա արեցին Վերաքննիչի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը եւ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը), մի հատ էլ պարգեւատրում են իրենց սրտի ուզածը հլու-հնազանդ կատարողներին «փայլուն աշխատանքի» համար։

Եթե հիշում եք` որոշ ժամանակ առաջ վարչապետի փոխանցմամբ (միջնորդությամբ) նախագահը Մխիթար Գոշի մեդալ շնորհեց Քոչարյանի եւ մյուսների փուչիկ գործը «հորով-մորով արած» քննիչին Հրաչ Մուշեղյանին։ Հիմա էլ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը, որը իր «անհասանելի բարձունքից» օրերս բարձրաձայնեց երկրորդ նախագահին անպայման բանտ ուղարկելու «հանրային պահանջը» (որտեղ, երբ եւ ինչպես է «չափել» այդ պահանջը` ինքը գիտի), դատախազության օրվա կապակցությամբ շնորհակալագիր է հանձնում մեղադրանքն ատամներով պաշտպանող դատախազ Կարեն Բիշարյանին. իր «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Ոստիկանապետն էլ իր հերթին պարգեւատրել է քայլարածների սրտի դատախազին։

Հերթը փաստաբանական հանրույթի կողմից վատագույնը ճանաչված դատավոր, դատախազության որոշումները դակելու «գլխավոր մասնագետի» համարում ունեցող Արմեն Դանիելյանինն է։ Նա, անկասկած, արժանի է ամենաբարձր պարգեւի ու դրամական խրախուսանքի` նրա համար, որ թքեց Արցախի նախագահների միջնորդության վրա եւ բավարարեց իրեն նշանակած նախագահին երրորդ անգամ ազատությունից զրկելու քաղաքական պատվերը (հիմա դա կոչվում է «հանրային պահանջ»)։

Ինչո՞ւ Ալիեւը կպարգեւատրի եւ դրամական խոշոր փոխհատուցում կնշանակի հայ սպային կացնահարած մարդասպանին, իսկ Փաշինյանը չի կարող նույնը անել Արցախյան ազատամարտի ղեկավարներից մեկին` Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հանձնարարականը «փայլուն» կատարած պնակալեզ դատավորին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը