Կարծիք

01.07.2019 14:05


Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ

Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ

Փաստացի, անցյալի հետ համեմատության վախը երբեմն ավելի հզոր է գտնվում, քան ապագայի երազանքների ձգտումը: Ցավով պիտի տեղեկացնեմ, որ համացանցից հեռացվել են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող պաշտոնական էջերը:
Նախարարության գործունեության շրջանում եղել են իրապես պատմական իրադարձություններ` հյուրընկալվել են մարզաշխարհի համաշխարհային լեգենդներ, տեղի են ունեցել կարևորագույն հանդիպումներ, ստորագրվել են փաստաթղթեր, ձեռք են բերվել բանավոր և գրավոր պայմանավորվածութուններ, որոնց փաստացի ապացույցները այսօր պարզապես անպատասխանատու կերպով ջնջվել են: Սպորտի ոլորտի մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն, փաստեր, լուսանկարների արխիվը վերացրել են:
Դա պատմություն էր, քանի որ որպես նախարար` իմ գործելաոճը զուրկ է եղել ինքնափիառից, ապագայի վերաբերյալ դատարկախոսության մոլուցքներից, և էջում տարիներ շարունակ լուսաբանվել են միայն արդեն կատարված մեծ քայլերը և իրակնացված աշխատանքների արդյունքները, առանց անձնական գովազդի և խոստումների, ուստի ամեն առանձին հրապարակումն էր պատմական և նշանակալի:
Սա անբարոյականության դրսևորում է պետության հանդեպ, պետական ժառանգության միտումնավոր արժեզրկում և ինքնահաստատման էժանագին փորձ: Ուզում եք ոչնչացնել այն, ինչին իրականում պիտի ձգտեք առնվազն մոտենալ, լավագույն դեպքում՝ շարունակել: Սակայն, երևի թե, հենց սույնի անհասանելիությունն է ստիպել դիմել նման մանկամիտ քայլի` մասնագիտական գիտելիքների բացակայությունը և ոլորտային բացարձակ անտեղյակությունը ծածկելու միտումով:
Սպորտն այն առանցքային ոլորտն է, որով մենք ներկայանում ենք աշխարհին, որով մեզ ճանաչում և հարգում են, որով մենք ուժեղ ենք և հզոր ֆիզիկապես և բարոյապես: Մեր մարզիկները ստիպում են անգամ մեր թշնամիներին պատվել հայոց եռագույնը և հիմնը: Նման պահերին հպարտանում ենք ազգովի, իսկ այդ պահի գինը գիտենք միայն մենք` սպորտաշխարհի ներկայացուցիչներս:
Ցավում եմ, որ տարիների քրտնաջան աշխատանքից, գործադրած ջանքերից, կրած զրկանքներից, հաղթահարած դժվարություններից և անհավանական հաջողություններ գրանցելուց հետո ոլորտի ապագան փոխանցել եմ դեպի բացարձակ անորոշություն:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը