Մեկնաբանություն

30.06.2019 10:30


Վահե Գրիգորյանի անպարկեշտ և հակասահմանադրական առաջարկը

Վահե Գրիգորյանի անպարկեշտ և հակասահմանադրական առաջարկը

Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց գրոհով վերցնել Սահմանադրական դատարանը։ Լևոն Տեր–Պետրոսյանի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանի տերտերական առոգանությունն ու ՍԴ նախագահ ինքնահռչակումը գործին օգուտ չբերեցին։ Բացի այդ՝ ՍԴ անդամ դատավորները ցույց տվեցին Վահեին իր իսկական տեղը՝ թեմայի վերաբերյալ կոշտ հայտարարություն տարածելով ու զրկելով ինքնահռչակին Ռոբերտ Քոչարյանի գործին մասնակցելու հնարավորությունից (Վահեին հենց Քոչարյանի հարցով են ՍԴ գործուղել)։

Լևոնանիկոլական իշխանությունը հիմա անցել է այլ տիպի գործողությունների։ Կիրառվում են ինչպես կուլիսային ճնշումների, շանտաժների ու շահագրգռման մեթոդները, այնպես էլ քաղաքական հարձակումների տարբերակները։

Վահե Գրիգորյանն օրերս հանդես է եկել լավաշ–նամակով, որտեղ երկար–բարակ հակասահմանադրական լոլոներ է ներկայացրել ու իրեն վերապահել Սահմանադրությունը մեկնաբանելու առաքելությունը։ Նամակն այդ դեմագոգիայի ու դատարկաբանության դասական նմուշ կարող է համարվել։

Ուշագրավն այն է, որ ՍԴ նախագահ ինքնահռչակումը կյանքի կոչելուն նպաստող նամակում Վահե Գրիգորյանը Փաշինյանենց նախաձեռնած «սահմանադրական ճգնաժամից» դուրս գալու առաջարկներ է անում, որոնք և՛ անպարկեշտ են, և՛ հակասահմանադրական։

«Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնող մարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից եւ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմը համալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը եւ 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը»,– գրում է Վահե Գրիգորյանը։

Պարզ ասած՝ տերտերական ու մելամաղձոտ ձայնով աչքի ընկնող Վահեն Սահմանադրական դատարանը զավթելու «թավշյա» տարբերակ է առաջարկում՝ երկրորդ ՍԴ ձևավորելով և Հայաստանը կրկեսի վերածելով։

ՀՔԾ–ի «մուտիլովկաների» մեջ մասնակցող ու «թուղթ գրող» սույն արարածը նաև հրապարակային կաշառքի առաջարկ է անում ՍԴ դատավորներին։

«Օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով, հաշվի առնելով այս տեսակի հանգուցալուծումների համար միջազգային լավագույն փորձը եւ մշակված ստանդարտները, որ հրաժարական ներկայացրած անդամներն ստանան իրենց կողմից ստացվող աշխատավարձին առնվազն հավասար կենսաթոշակ եւ օգտվեն այլ երաշխիքներից, եթե կորոշեն հրաժարական ներկայացնել իրենց զբաղեցրած պաշտոններից»,– նշում է սույն ինքնահռչակվածը։

Փաստորեն, էս քայլարածները դատավորներին առաջարկում են կամովի հրաժարական տալ, իսկ փոխարենը խոստանում են բարձր թոշակ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հրապարակավ հնչեցված կաշառքի անպարկեշտ առաջարկ։ ՍԴ դատավորներին առաջարկում են փող՝ իշխանության ուզուրպացիային չխանգարելու և տուն գնալու դիմաց։

«Տերտեր» Վահեի առաջարկները ևս մեկ անգամ հիմնավորում են այն թեզը, որ ոչ միայն պետք է թույլ չտալ սրան դառնալ ՍԴ նախագահ, այլ նաև զրկել ՍԴ անդամի կարգավիճակից, քանզի Սահմանադրության բռնաբարությամբ զբաղվողը և կոնկրետ քաղաքական խունտայի շահերի սպասարկողը չի կարող դառնալ բարձր դատարանի ներկայացուցիչ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը