Կարծիք

28.06.2019 19:32


Ձախողվածի վերջին հանգրվանը

Ձախողվածի վերջին հանգրվանը

Իշխանափոխությունից հետո Հայաստանում քաղաքական մանկամտությունը դարձել է նոր տրենդ: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառուցված իշխանական բուրգը աճպարարության, ապաշնորհության և կեղծարարության հարցում չունի մրցակիցներ ոչ միայն երկրում, այլև երկրից դուրս:

Տասնյակ չկատարված խոստումներին, հասարակության խորացող ապատիային և հիասթափությանը գումարվում են նաև արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց նկատմամբ վարվող ներքին և արտաքին ապիկար քաղաքականությունը ոչ միայն համարժեք չէ, այլև հետզհետե հյուծում է երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Բացատրություն պահանջող հայացքների, եռագույն գուլպաների, ռազմավարական դաշնակցի դեմ «տեխնիկական վրիպակների» վրա խարսխված արտաքին քաղաքականությունը սկսում է տալ առաջին որդնած պտուղները: Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում հայկական դիրքերի թուլացումը, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանային և գլոբալ այլ մարտահրավերները որևէ լավատեսության հիմք չեն թողնում:

Իհարկե, ոչ մեկը պատերազմից երախշավորված չէ: Այսպիսին է եղել և կլինի հայ ժողովրդի ճակատագիրը իր բազմահազարամյա պատմության ընթացքում: Սակայն այլ հարց է, թե ինչպիսի՞ «մարզավիճակում» է Հայաստանը, ինչպե՞ս է երկիրը պատրաստվում այդ պատերազմին:
Իրավիճակին Սևանի կառավարական տան լողավազանի պռնկից և պաշտոնական ցուցահանդեսների տաղավարներից նայող վարչապետը, ունակ չլինելով համարժեք լինել երկրի առանց այդ էլ գոյություն ունեցող խնդիրներին, այս մեկ տարուց ավել զբաղված է պետական ինստիտուտների վարկաբեկման, թուլացման, կազմաքանդման և Հայաստանը հյուծող նախաձեռնումներով:

Հասարակության օրեցօր խորացող պառակտումը, իրական տնտեսության կաթվածահար վիճակը, կապիտալի ահագնացող արտահոսքը, քաղաքական մրցակիցների նկատմամբ պետական ռեպրեսիվ ապարատի ամբողջական գործադրումը քողարկելու համար “մակարոնի արտադրամասի” վերածված պետական քարոզչամեքենան սկսել է «Պահանջվում են մեղավորներ» ակցիան:

Փաշինյանի «Հայկական ժամանակը», որը վաղուց դարձել է վարչապետի ներքին ձայնը, հերթական անգամ անդրադառնում է «դավաճանության» հարցին: Հոդվածագրի երևայակայության մեջ Հանրապետականների և այլ գործիչների կողմից այս իշխանությունների վարվող ապաշնորհ քաղաքականության քննադատությունը պիտակավորվում է որպես դավաճանություն:

Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ որքան ազատ է երկիրը և երկրի քաղաքացին, այդքան ավելի ուժեղ է այդ պետությունը: Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ սրտի կաթվածի վտանգի մասին ախտորոշում դնող բժիշկը մեղավոր չէ, որ դու խմող ես, ծխող, անշարժունակ և ավելորդ քաշով: Վտանգների մասին ահազանգողները պարզապես քեզանից խելացի են, իմաստուն և հայրենասեր: Երկրի ղեկը զավթելուց հետո բարի եղիր պետական մեքենա վարել սովորել: Կամ զիջիր, քանի ուշ չէ:

Որովհետև դավաճան ես դառնում հենց դու, երբ երկրի իրական խնդիրները թողած, զբաղված ես քենախնդրությամբ: Դավաճան ես դառնում դու, երբ շարունակաբար վարկաբեկում ես բանակն ու Արցախի հերոսներին: Դավաճան ես դառնում դու, երբ ապաշնորհ կերպով մսխում ես երկրի քաղաքական պոտենցիալը: Դավաճան ես դառնում դու, երբ ավելի շատ ֆշշցնում ես երկրիդ ներսում, քան երկրից դուրս: Դավաճան ես դառնում դու, երբ Ալիևը քեզ համար լեգիտիմ է, իսկ նախկին իշխանությունները՝ «կեղծարար թալանչիներ»:

Կարծում ես, որ քո պարզունակ ընկալումների մեջ ներքին թշնամի հորինել և նշանակելը կարող է փրկե՞լ քեզ պատմության և ժողովրդի դատից: Չարաչար սխալվում ես: Ներքին թշնամի հորինելը ձախողվածների վերջին հանգրվանն է: Քո վերահաս տապալումների համար մեղավորներ փնտրելու քաստինգը նույնպես ձախողված է, քանզի մեղավորը դու ես, միայն դու, և ոչ ոք քեզանից բացի:

Ի դեպ, գոնե այս հարցում, ավաղ, Ալիևը իրոք քեզանից կիրթ է և խելոք: Մինչև դու խուճապահար փնտրում ես ներքին թշնամիներ և Արցախյան բանակցությունների պատմությունը իր հետ ես ճշտում, նա հայերիցս շարունակաբար կերտում է արտաքին թշնամու կերպար՝ իր պետությունն ու ժողովրդին պատրաստելով պատերազմի:

Եվ եթե այդպես շարունակես կառավարել, ապա Հայաստանի և Արցախի անվտանգության ու ապագայի համար ոչ թե քո արտգործնախարարի ասած «Դուշանբե պլյուս» է պետք լինելու, այլ «Փաշինյան մինուս»:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը