Կարծիք

28.06.2019 19:20


Սա՛ է փաշինյանական անփառունակ կառավարման էությունը

Սա՛ է փաշինյանական անփառունակ կառավարման էությունը

Բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին սրտանց ուրախացան՝ իմանալով Ռոբերտ Քոչարյանին դարձյալ կալանավորելու մասին լուրը:

Բազմաթիվ ԽԱԲՎԱԾ քաղաքացիներ՝ լապշան ականջներից կախված: Լապշա, որը սկսել էին կախել 20 տարի շարունակ՝ ականջին կաթացնելով, թե բա ղարաբաղյան կլան, հանցագործներ, մարդակերներ…. Ու մարդուն թվում էր /և մինչև այսօր էլ թվում է/ թե հենց որ ղարաբաղցի պաշտոնյաներին բռնեն, պատժեն, կախեն կամ նստեցնեն էլեկտրական աթոռին, իր կյանքը լավանալու է, ինքը երջանկանալու է և այդպես շարունակ:

Տարուց ավելի է, ինչ Հայաստանում տեղի է ունեցել «թավշյա հեղափոխություն» կոչված փոփոխությունը, որի սկզբում մարդկանց խոստանում էին ներդրումներ, կապիտալի ներհոսք, նոր աշխատատեղեր, աղքատության նվազում և այդ ամենը՝ շատ արագ:

«Մեզ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որը իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության կրճատման և աղքատության հաղթահարման իրական գործիք: Մոդել, որը կմեծացնի պետական բյուջեի եկամուտները»:

Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որ նա արտասանել է վարչապետ ընտրվելու օրը: Խոսքեր, որոնք որպես գեղեցիկ ու գունագեղ փուչիկներ բարձրացվել են օդ, հիացրել ՀՀ հպարտ քաղաքացիներին և հերթով պայթել: Փուչիկները պայթել են, իսկ հիացմունքը մնացե՞լ… Այդ ինչպե՞ս:
Անդրադառնանք հերթականությամբ:

Փուչիկ թիվ մեկ՝ գործազրկության կրճատում: Ինչպես հայտնի է, նոր իշխանությունների օրոք կրճատվեցին ավելի քան 50 հազար աշխատատեղեր՝ այն պատճառաբանությամբ, թե պետական ապարատի աշխատողները զբաղված են համակարգչային խաղեր խաղալով և ոչ մի արդյունք չեն ստեղծում: Իշխանական լպիրշությունը մի պահ հասավ այն աստիճանի, որ նախարարներից մեկը ասաց. «Մարդկանց կրճատում ենք, որպեսզի նրանց ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորություն տանք»: Սակայն պետությունը ոչ մի այլ աշխատանք՝ ո՛չ լավ, ո՛չ վատ, չառաջարկեց օպտիմալացված աշխատողներին: Վարչապետը մի քանի անգամ հպարտությամբ հայտարարեց, թե բացվել է 50 հազար նոր աշխատատեղ, և դա պարզապես հերթական թոզն էր՝ փչված մարդկանց աչքերին, քանի որ խոսքը գնում էր առավելապես ստվերից օրինական դաշտ բերված աշխատողների մասին:

Փուչիկ թիվ երկու՝ ներդրումներ: Սա ամենամեծ սուտն է, որ հնչել է վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի շուրթերից: Ոչ մի խոշոր, ոչ մի էական ներդրում չի եղել այս մեկուկես տարվա ընթացքում, ավելին՝ վարչապետը գնացել ու բացել է մի գործարան, որը, ինչպես հետագայում պարզվեց, չի գործում:

Փուչիկ թիվ երեք՝ աղքատության հաղթահարումը: Գյուղերում վիճակը ինչպես կար վերջին տասը տարիներին՝ անմիխիթար, այնպես էլ շարունակում է մնալ: Ընդամենը մի քանի օր առաջ մարզերից մեկում ջրանցքն էր ընկել ու խեղդվել 9-ամյա տղա, որը բազմազավակ ընտանիքից էր: Նրանք այսպես կոչված «Փարոս» են ստանում՝ մի կերպ յոլա գնում, ընտանիքի հայրն էլ արտագնա աշխատանքի է մեկնել: Վարչապետն էլ մերթ ընդ մերթ գյուղական բիզնեսի օրինակներ է բերում ու կոչ անում՝ հետևել այդ օրինակներին: Նա մոռանում է, որ սեփական բիզնես դնելու համար սկզբնական խոշոր կապիտալ է պետք, որը օրվա հացի կարոտ ընտանիքը չի կարող ունենալ:

Փուչիկ թիվ չորս՝ պետական բյուջեի եկամուտները կմեծանան: Ամբողջ հույսը, ինչքանով հասկացանք, ՀԴՄ կտրոնների վրա է: Այլ մեխանիզմ չեն առաջարկում: Եվ քանի որ ո՛չ մեխանիզմ, ո՛չ հստակ ծրագիր չունեն, դոփում են տեղում:

Սա՛ է փաշինյանական անփառունակ կառավարման էությունը, որի հետ որոշ զանգված հույսեր է կապում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը