Կարծիք

29.06.2019 09:30


Կոլեկտիվ նարցիսիզմ. ինչպես են պետության մեջ առաջացնում քսենոֆոբիա և ատելություն

Կոլեկտիվ նարցիսիզմ. ինչպես են պետության մեջ առաջացնում քսենոֆոբիա և ատելություն

Վերջերս հաճախ եմ մտածում այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները հասկանալու համար անհրաժեշտ է լսել ոչ միայն քաղաքագետների, այլեւ հոգեբանների եւ հոգեթերապեւտների վերլուծությունները:

Այս կարծիքը հաստատող հեթական փաստերը ստացվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում, երբ Հայաստանի խորհրդարանի խոսնակը դեմքի լուրջ արտահայտությամբ եւ իր խոսքերի հանդեպ լիարժեք վստահությամբ հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է: Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ–ը, ոչ էլ ուրիշ երկիր, այլ Հայաստանը:

Սոցիալական հոգեբանության մեջ շատ աշխատություններ կան, որոնք վերլուծում են այն անհատների եւ խմբերի գործունեությունը, որոնք հավատում են իրենց անարատությանը, բայց իրականում տանում են հասարակություններին ինքնաոչնչացման:

Օրինակ՝ սոցիալական հոգեբան, լոնդոնյան համալսարանի Գոլդսմիթի քոլեջի դոցենտ եւ լեհական Պոզնան քաղաքի սոցիալական հոգեբանության եւ հումանիտար գիտությունների համալսարանի դասախոս Ագնեշկա Գոլեց դե Զավալան կարծում է, որ նման մտածելակերպով օժտված խմբերը միավորվում են «կոլեկտիվ նարցիսիզմի» համախտանիշով:

Գոլեց դե Զավալան իր «Ինչու է կոլեկտիվ նարցիսիզմը քաղաքականապես այդքան անկայուն» հոդվածում նշում է, որ նման խմբերը պահանջում են իրենց հանդեպ արտոնյալ վերաբերմունք, ոչ թե հավասար իրավունքներ, բայց դա հանգեցնում է քսենոֆոբիայի, շովինիզմի, ահաբեկչության եւ ատելության:

«Կոլեկտիվ նարցիսիզմի» բարձր աստիճան ունեցող մարդիկ հատկապես զգայուն են իրենց խմբի դեմ նույնիսկ աննշան քննադատությունների նկատմամբ: «Կոլեկտիվ նարցիսները» կարծում են, որ այլ մարդիկ բավականաչափ տեղյակ չեն իրենց խմբի կարեւորության եւ արժեքի մասին: Նրանք զգում են, որ իրենց խումբն արժանի է հատուկ վերաբերմունքի: Այսինքն, «կոլեկտիվ նարցիսները» հավատում են իրենց խմբի չափազանց մեծ նշանակությանն ու կարեւորությանը հասարակության կյանքում, անգամ եթե դա աղերս չունի իրականության հետ: Իրենք նաեւ ընդգծված ուրախանում են այլոց խնդիրներով:

Օրինակ՝ Թուրքիայում «կոլեկտիվ նարցիսները» վայելում էին ուրախությունն այն փաստից, որ Եվրոպան տառապում էր տնտեսական ճգնաժամից, քանի որ իրենց երկիրը կորցրել էր ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը: Պորտուգալիայում «կոլեկտիվ նարցիսները» ցնցված էին Գերմանիայի տնտեսական ճգնաժամի ժամանակ, քանի որ նրանք կարծում էին, որ իրենց երկիրը տուժել է ԵՄ-ի կողմից Գերմանիայի պնդմամբ վարվող քաղաքականության արդյունքում:

Երբ խոսքը վերաբերում է իրենց սեփական խմբին, «կոլեկտիվ նարցիսները» կորցնում են հումորի զգացումը: Նրանք բարձր ագրեսիվությամբ արձագանքում են նրան, ինչ իրենց կողմից ընկալվում է որպես վիրավորանք իրենց խմբին, նույնիսկ եթե դա սովորական քննադատություն է, այլ ոչ թե հանցագործության մեջ մեղադրանք:

Ի տարբերություն ինքնասիրահարված անձերի՝ «կոլեկտիվ նարցիսները» չեն կարող հոգեպես տարանջատել իրենց ոչ պոպուլյար կամ քննադատված խմբերից: Երբ իրենց ինքնագնահատականը ներդրվում է իրենց խմբի արժեքի եւ մեծության մեջ, «կոլեկտիվ նարցիսները» գտնում են իրենց խումբը բարելավելու մոտիվացիան, այլ ոչ թե իրենք իրենց բարեփոխելու:

Նման «կոլեկտիվ նարցիսիզմն» այնքան թունավոր է, որ կարող է բացատրել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են հակասեմիտիզմը, ատելությունը:

Միեւնույն ժամանակ, նրանց հիմնական նպատակն է ոչ թե սեփական խմբի բարելավումը, այլ մյուս խմբերի ոչնչացումը: Այն խմբերի, որոնց իրենք տեսնում են որպես մրցակից կամ եթե անգամ այդ օտարների խումբը չի ընդունում իրենց բացառիկ լինելը:

Ինչպես երեւում է վերը նշվածից, «կոլեկտիվ նարցիսիզմին» բնորոշ շատ ախտանիշներ բնորոշ են Հայաստանի ներկայիս իշխանությանը:

Այս ամենը դառնում է շատ ավելի անհանգստացնող մեր շուրջը տեղի ունեցող գործընթացների (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրավիճակի սրման հերթական փուլ, Վրաստանում քաղաքական ճգնաժամ) եւ հենց մեզ առնչվող զարգացումների համապատկերին:

Ինչպես գիտեք, օրերս տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, եւ, ըստ ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունների, կողմերը պատրաստվում են ստորագրել խաղաղ պայմանագիր, եւ, բացի այդ, միջնորդները հայկական կողմին առաջարկել են հայկական զորքերը դուրս բերել «ազատագրված տարածքներից»:

Այլ կերպ ասած՝ մենք տեսնում ենք, որ «նարցիսները» պետք է որոշեն մեր երկու պետությունների եւ մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը:

Հայաստանի եւ Ղարաբաղի բնակիչը պատրա՞ստ է իր ճակատագիրը հանձնել այն մարդկանց ձեռքը, որոնց գործողություններն անցած մեկ տարվա ընթացքում տարակուսանք են առաջացրել, և որոնք «կոլեկտիվ նարցիսիզմի» թեմայով գիտական ​​հոդվածում նկարագրված համախտանիշներին համապատասխանել են։

Պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ, սակայն այդ պատասխանն ինքնին բավարար չէ. անհրաժեշտ է գործընթաց, որի բանաձեւն արդեն տրվել է՝ «Կոնսենսուս մինուս մեկ»: Եվ այդ «մինուս մեկը» գործող իշխանությունն է՝ իր առաջնորդի հետ:

Մենք հոգեբանների եւ հոգեթերապեւտների վերլուծության դաշտի վերածելու հայրենիք չունենք:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը