Կարծիք

09.04.2010 15:04


Ո՞ւմ կոշտուկներն են տրորվել

Ո՞ւմ կոշտուկներն են տրորվել

Մի քանի օր առաջ պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը տարածեց հայտարարություն, որում ամփոփվում էին 2010թ առաջին եռամսյակի պետական բյուջեի հավաքագրման արդյունքները: Ըստ այդմ առաջին եռամսյակի վերջում պահպանվեցին այն դրական միտումները, որոնք արձանագրվել էին դեռ տարեսկզբին: 

Մասնավորապես, ըստ վերոհիշյալ հայտարարության  «հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126,7 մլրդ դրամ' պլանային առաջադրանքի 116,9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9,8 մլրդ դրամով: Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատ, նույնպես աճ է արձանագրվել, որն ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%:   Հատկանշականն այն է, որ սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի տենդենցը, և 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ' պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.2 մլրդ դրամով: Ավելին, 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավել սոցիալական վճարներ են հավաքագրվել մոտ 4.7 մլրդ դրամի չափով, կամ աճը  կազմել է ավելի քան 21%»։ Ի դեպ, հետաքրքրականն այն է, որ նշված տվյալները գերազանցում են անգամ ոչ ճգնաժամային 2008թ-ի ցուցանիշները:   

Սա, ինչպես ասում են, չոր վիճակագրական թվեր են: Ինչպես և սպասվում էր, այս տեղեկությունը պետք է լուրջ արձագանքների և վերլուծությունների առիթ հանդիսանար: Այս անգամ էլ այդպես եղավ, եթե չհաշվենք մի նրբություն: Այս անգամ ընդդիմության գրեթե բոլոր հատվածները կամ անտարբեր գտնվեցին, կամ էլ սահմանափակվեցին հերթապահ քննադատական գնահատականներով, որոնք ավելի շատ քաղաքական բնույթ էին կրում, քան զուտ տնտեսական: Իսկ պահի առանձբահատկությունն այն է, որ ՊԵԿ-ի կողմից հայտարարված  արդյունքները, որոշակի խանդ և նույնիսկ վատ քողարկված ընդվզում առաջացրեցին իշխանությունը ներկայացնող մի հատվածի մոտ: Դրա արտահայտությունը եղավ հայտարարության հաջորդ իսկ օրը, ըստ լավատեղյակ աղբյուրների կառավարական որոշ շրջանակներից և նախագահի աշխատակազմի երիտասարդական  թևից մամուլում կազմակերպված տեղեկատվական արտահոսքերը առ այն, որ չնայած առկա արդյունքներին, պարզվում է, որ «թե ՀՀ նախագահը ու թե վարչապետը խիստ դժգոհ են ՊԵԿ-ի նախագահի աշխատանքից» (ի տարբերություն տնտեսական մտքի ժամանակակից գիգանտ Ներսես Երիցյանից, ով Մատրոսովի նման, իր կրծքով միայնակ փակեց համաշխարհային ճգնաժամի մուտքը դեպի Հայաստան): Նույն շրջանակներին է պատկանում նաև Գագիկ Խաչատրյանին Արտաշես Թումանյանով փոխարինելու մասին «ավետիսի» հեղինակային իրավունքը:

Հեռու ենք այն մտքից, որպեսզի համաձայնվենք նույն Ներսես Երիցյանի և իր անմիջական շեֆի' Տիգրան Սարգսյանի պնդումների հետ, որ Հայաստանն արդեն իսկ հաղթահարել է համաշխարհային ճգնաժամի ազդեցությունները և դուրս է եկել տնտեսական աճի ուղու վրա: Համոզված ենք, որ ճգնաժամի հաղթահարման մասին ամպագոռգոռ հայտարարությունների հետ, հոգու խորքում համաձայն չեն անգամ այն հանրապետականները, որոնք ի պաշտոնե պաշտպանեցին այս երիտհանրապետականներին կոալիցիոն և ընդդիմադիր քննադատողներից: Ու քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ դեռ շատ հեռու ենք ճգնաժամը հաղթահարելու պահից, ապա մնում է ենթադրել, որ բյուջետային մուտքերի հավաքագրման հայտարարված աճի միտումները իրոք պետք է որոնել վարչարարության խստացման և ինչ-որ չափով ստվերի կրճատման մեջ:

Ու թեև Տիգրան Սարգսյանի կառավարությունը փորձում է արձանագրված արդյունքները բացատրել կառավարության «հանճարեղ» հակաճգնաժամային ծրագրի կենսունակությամբ, այնուամենայնիվ պարզից էլ պարզ է, որ շարունակվող ճգնաժամային պայմաններում միակ աշխատող մեխանիզմը մնում է ստվերի կրճատումը, ինչն էլ ըստ ամենայնի տեղի է ունեցել այս տարվա առաջին եռամսյակում:

Մնում է ենթադրել, որ գուցե հենց այստեղ է թաքնված իշխանական որոշ շրջանակների զայրույթի գաղտնիքը: Հավանաբար տրորված կոշտուկները ցավոտ են եղել: Այնքան ցավոտ, որ ոմանց բիզնես հետաքրքրությունները երկրորդ պլան են մղել համաիշխանական շահերը: 

Պետրոս Կարապետյան

Այս խորագրի վերջին նյութերը