Կարծիք

12.04.2010 11:16


Հայկական ստանդարտ

Հայկական ստանդարտ

«...Իմ սերունդը պարտվել է: Մեր ձգտումները, մեր իդեալներն ու կրքերը չկարողացան փոխել աշխարհը: Խոստովանենք՝ ընդունել  դա ասել է թե՝ ամեն ինչ դեռ կորած չէ:

...Կարծում եմ՝ միայն սեփական սխալներն ընդունելու սթափությունը և դրանք հաղթահարելու խիզախությունը կարող են օգնել մեզ ուժ գտնել իրապես փոփոխություն կատարելու համար: Պարտությունն ընդունելն ու դրա սթափ քննությունն իմ վերջին հույսն են»։

Ջորջիո Գաբեր (1939 -2003), իտալացի մշակութային գործիչ

Մենք մեծ հույսեր ենք կապում մեզ հետ: Հավատում ենք, թե շատ բան գիտենք: Հուսով ենք, թե գիտենք՝ ինչ  բան է պետությունը, և ինչպես են այն կառուցում: Հուսով ենք, որ պետության դերը' ֆունկցիան և իրավասությունը, տվյալ տարածքում ապրող մարդկանց քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքը կազմակերպելն է: Հուսով ենք, որ պետությունն իր վրա կվերցնի ազգային մշակույթի պահպանության խնդիրը: Եվ նույնիսկ համոզված ենք, թե գիտենք՝ ինչ բան է մշակույթը: Ոչ մի կասկած:

Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքակրթությունները զարգանում են «էտապներով»: Տարեցտարի, դարից դար, հազարամյակից հազարամյակ  կուտակվում են գիտելիքներ, սովորություններ, ավանդույթներ, որոնք անհրաժեշտ պահին դրսևորվում են տարատեսակ փոփոխություններով: Որքան մեծ է այդ «էտապը», այնքան հագեցած է իրավիճակը, այնքան նշանակալի է դառնում դրա նշանակությունը:

Երբ 1789թ. օգոստոսին ֆրանսիացիներն ընդունում էին  «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը» , իրենց հետևում  դարերից եկող փիլիսոփայություն, մշակույթ, գիտելիքներ և ավանդույթներ  ունեին,  ու «...հռչակագիրն» այդ ամենի արտահայտությունն  էր:

Մենք էլ 1990թ. օգոստոսին մեր «Անկախության հռչակագիրն»  ընդունելիս քիչ բան չունեինք մեր «ուղեբեռում»,  նույնիսկ ավելին՝ ունեինք ֆրանսիացիների ու մնացածների օրինակը: Մենք համաձայնության էինք եկել, որ ֆրանսիական հեղափոխության գաղափարներն են հանդիսանում ժամանակակից աշխարհի արմատական արժեքները, և դրանք են դրել ժամանակակից ժողովրդավարության հիմքերը: Այդ փաստաթղթով սկսվեց հայկական պետականաշինությունը, և ահա քսան տարի հետո մենք հայտնվել ենք այնտեղ,  որտեղ գտնվում ենք: Իսկ այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք,  իմ դուրը չի գալիս,    իսկ որ ավելի կարևոր է՝ ոչ մեկի դուրը չի գալիս՝ ո՛չ վերևների, ո՛չ  ներքևների: Կարող է թվալ, որ «դուր գալու»  կատեգորիան դատողություններ անելու համար մի քիչ «զգացմունքային» է:

Միգուցե:  Սակայն եթե խորհե՞նք: Մի՞թե հենց «դուր գալով» չի ստեղծվել  համաշխարհային մշակույթը: Ինչևէ, սա տվյալ դեպքում միայն սուբյեկտիվ  շարժառիթ է, իսկ օբյեկտիվն այն է, որ մեր պետությունը   արմատական նշանակություն ունեցող  խնդիրներում չի հաջողել: Սկզբունքային  է հետևյալը՝ կարո՞ղ ենք ասել դեռևս: Պետք է պատասխանել այո. հակառակ դեպքում վերջակետ է:

        Նայենք երկու ցուցակ'

                                                Առաջին ցուցակ

Վերջին 50-60 տարում աշխարհում  ստեղծվել են 80-90 պետություններ: Դրանցից քանի՞սը  կարող են հպարտանալ, որ ինչ-ինչ չափորոշիչներով կարևոր դերակատարություն ունեն ժամանակակից  աշխարհում;      

Առաջին ցուցակի համարյա բոլոր երկրներն էլ «պոստֆակտում» ստեղծված երկրներ են, և այն մեզ ընդամենը  5-10 տոկոսի շանս է տալիս: ՀՀ-ն նույնպես այդպես է ստեղծվել' պարտված երկրի, պարտված գաղափարախոսության ավերակների վրա: Սա օբյեկտիվ գործոն է:

 Երկրորդ ցուցակ

Ազգեր, որոնք պետություն են ունեցել  և՛ Քրիստոսի ժամանակ, և՛ այժմ (իտալացիներ (հռոմեացիներ), հույներ, պարսիկներ, արաբներ, հրեաներ, հայեր, հնդիկներ): Մեծ է գայթակղությունը նույն հերթականությամբ եղածին կցել մի այլ ցուցակ՝ կաթոլիկության կենտրոն, ուղղափառության կենտրոն, իսլամի կենտրոն, հուդայականության կենտրոն, հայ առաքելականության կենտրոն, բուդդայականության կենտրոն:  Սա սուբյեկտիվ գործոն է:

Երկրորդ ցուցակը մեր առջև հաջողելու  հավերժական պարտավորություն է դնում:  Համաձա՞յն ենք մենք վերցնելու այդ պարտավորությունը: Խնդիրն առայժմ ոչ այնքան այո-ն  կամ ոչ-ն է, որքան այն, թե ինչպե՞ս ենք փորձելու  պատասխանել, ինչպե՞ս ենք  գնահատելու այդ այո-ն կամ ոչ-ը: Ի՞նչ եղանակով:

     -Որտե՞ղ են մեր արմատները։

     - Ինչպիսի՞ն են դրանք։

     -Պետությունն ինչպիսի՞ն է տեսնում իրեն ապագայում:

Սրանք արմատական հարցեր են և չունեն որոշակի, ձևակերպելի պատասխաններ: Դրանց արմատականությունը հենց այն է, որ մշտապես գտնվում են օրակարգում, մշտական քննարկման մեջ են: Հասարակության էլիտան գիտե դրանց գոյության մասին: Էլիտան մշտապես բաժանվում և միաժամանակ միավորվում է ըստ մոտեցումների: Ժամանակի ընթացքում որոշ պատասխաններ բյուրեղանում են՝ դառնալով գիտակցված, ընդունված էլիտայի և ազգի կողմից: Հենց այդպես են առաջանում օրգանական չափորոշիչները (ստանդարտներ), որոնց շնորհիվ էլ իրականանում է պետությունների կենսագործունեությունը: Հենց այսպես են կարողանում պատասխաններ գտնել: Մի՞թե երբևիցե դրանք եղել են մեր օրակարգում: Մի՞թե դրանք օրակարգում են այսօր:

Ժողովրդավարության յուրաքանչյուր մոդելի  արդյունավետությունը կախված է տվյալ երկրի, տվյալ ազգի պատմական, մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելու կարողությունից,  իսկ  պետություն կառուցելը տրված պայմաններով  խնդիրներ լուծելու  անընդհատ գործնթաց է:  Գլխավոր պայմանը կոնկրետ ազգն է: Պարզ է, որ այստեղ պայմանը փոխել  չես կարող:

Գերմանական  և ճապոնական  ժողովրդավարությունները  տարբերվում են իրարից և, ասենք, ֆրանսիականից: Արմատական հարցերում (իշխանության ձևավորման և տարանջատման սկզբունքներ, մարդու իրավունքներ, սեփականության իրավունք և այլն) լինելով նման՝ տարբերվում են մնացածներում:

 Բայց կա ևս մի արմատական հարց, որտեղ նրանք նույնն են. հաշվի են առնում, որ գործ ունեն գերմանացիների, ճապոնացիների կամ ֆրանսիացիների հետ: Դետալնե՞ր են, կարծում եմ՝  ընդհակառակը. սա է օրգանիզմի արյունը:

Լուծել որևէ խնդիր նշանակում է  գնահատել, վերլուծել, որոշում կայացնել:

Գնահատել, այստեղից է սկսվում լուծումը: Գնահատելու համար անհրաժեշտ են չափորոշիչներ՝ ստանդարտներ:

Ո՞ր ստանդարտներով  էինք առաջնորդվում քսան տարի առաջ:

Ո՞ր ստանդարտներով ենք առաջնորդվում այժմ:

Բոլոր կենսական նշանակության  ստանդարտները, որոնցով առաջնորդվել և առաջնորդվում ենք,  ունեն մի սկզբունքային թերություն' հաշվի չեն առնում այն օրգանիզմը, որի համար նախատեսված են, և օրգանիզմը հիվանդանում է:

Հայաստանի հասարակական-քաղաքական հարաբերությունները գնահատելու ամեն մի փորձ արագ դառնում է սուբյեկտիվ' բանավեճը վերածելով սրճարանի վեճի, իսկ առանց օբյեկտիվ գնահատականի ճիշտ որոշում կարող է կայացվել միայն պատահաբար: Ենթադրենք՝ տեղի է ունեցել հասարակական հետաքրքրություն ներկայացնող մի իրադարձություն:  Ինչպե՞ս ենք մենք գնահատում այն:  Հիմնականում  այսպես՝ ում «ամերիկյան գիտելիքները» շատ են, նա ասում է. «Բա Ամերիկայում այսպե՞ս կանեին, կանեին այսպես, այսպես և այսպես»:

«Եվրոպական գիտելիքներովը» նույնն է՝ մի տարբերությամբ միայն. նա ասում է. «Բա Եվրոպայում...»։

Դեռ ոչինչ, եթե գործ ունենք սովորական քաղաքացու հետ, իսկ եթե նա որոշում ընդունո՞ղ է: Արդյունքում՝ արհեստական Սահմանադրություն, տարատեսակ բոլոնիական գործընթացներ, անիմաստ պայքարներ կոռուպցիայի ու չգիտես՝ էլ ինչի դեմ: Գլխավորն այստեղ թերևս ազգային ստանդարտների չկարգավորված, քաոսային վիճակն է, իսկ որոշ դեպքերում էլ դրանց բացակայությունը: Սա է իրականությունը:

Այս իրավիճակում  պետք է փորձել  ՀՀ քաղաքական-հասարակական բոլոր տեսակի հարաբերությունները ենթարկել համապարփակ ստանդարտիզացիայի այնտեղ, որտեղ հնարավոր է և այնքան, որքան հնարավոր է: Ըստ էության, անհրաժեշտ է սահմանել  ազգային ստանդարտներ: Այդպես է վարվում ողջ աշխարհն անընդհատ:  Ազգային  ստանդարտները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հասարակական-քաղաքական և նպատակային: Նպատակային ստանդարտն այն նպատակն է, որին պետք է հասնել կոնկրետ ժամանակում կոնկրետ ոլորտում կոնկրետ եղանակով: Արդյունավետ կարող է լինել այսպիսի մոտեցումը.

Հայկական ստանդարտը (ՀՍ)  բարձր միջազգային ստանդարտ է (ՄՍ), որը կամ   համընկնում է  ՄՍ-ին, կամ  ավելի նեղ է, քան ՄՍ- ն, կամ էլ  ավելի լայն է,  քան  ՄՍ- ն:

Սա կարող է  իրականացվել, երբ հասարակության էլիտան  պատրաստ կլինի ընկալել այն ազգային ծրագրի տեսքով որպես «հայկական ստանդարտ»:

 «Հայկական ստանդարտի»՝ որպես ազգային ծրագրի նպատակը պետք է լինի այն, որ համեմատության մեջ ցույց տա  հայկական արժեքային համակարգի գոյությունը, բարձր, համամարդկային մակարդակն ու կենսունակությունը: Հազարամյակների ընքացքում  ձևավորված հայկական մշակույթը, որին այդպես հարգանքով է վերաբերվում ողջ աշխարհը, լավագույն դեպքում ծառայում է որպես  սնափառության դրսևորում կենացների կամ նախընտրական  ճառերի ժամանակ մեզ համար և լրացուցիչ  տարակուսանքի  առիթ՝ օտարների, որպես մարտնչող անհամապատասխանություն՝ անցյալի ու ներկայի միջև:

Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ քսան տարում կարող են առաջանալ և արմատավորվել  վատ և շատ վատ ավանդույթներ: Կարծում եմ՝ կարող ենք պնդել, որ հակառակը նույնպես հնարավոր է: Բարեբախտաբար,  առաջ գնալու եղանակներ միշտ էլ կան, և թվում է, որ եկել է  «առաջադիմություն» կոչված եզրը նորից շրջանառության մեջ դնելու ժամանակը: 

Պազոլինին  համարում  էր, որ չի կարող լինել առաջադիմություն առանց զարգացման, բայց կարող է լինել զարգացում առանց առաջադիմության: Ահավասիկ, մենք ապրում ենք մի երկրում, իսկ գուցեև մի աշխարհում, որտեղ կան ինչ-ինչ զարգացումներ, բայց չկա առաջադիմություն: Առաջադիմություն... թվում է՝ սա է այն գլխավոր, ունիվերսալ ստանդարտը,  շնորհիվ  որի կարելի է չափել ու գնահատել ամեն ինչ:

Հիմարություն կլիներ  Օստապ Բենդերի պես ասել. «Шура, время это то, что мы имеем ...»: 

  Վարդան Վարդանյան

Այս խորագրի վերջին նյութերը