Կարծիք

26.06.2019 08:38


Վիճակագրությունը՝ որպես հնարք

Վիճակագրությունը՝ որպես հնարք

Հրապարակվեցին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Անցած տարի քաղաքական գործընթացների արդյունքում ապրիլ-մայիս ամիսներին երկրի տնտեսական կյանքը, մեղմ ասած, ամենևին էլ ակտիվ չէր: Ուստի այս տարի այդ ամիսներին արձանագրված տնտեսական ամենապուճուր թիվն անգամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պիտի որ հսկա քայլ թվար: Համարյա թռիչք որակվող քայլ:

Տնտեսությամբ հետաքրքրվողները գիտեն, որ յուրաքանչուր ամսվա վերջին շաբաթ, երբ ամփոփվում են նախորդ ամսվա տնտեսական տվյալները, մեր իշխանավորները հպարտ-հպարտ տնտեսական ակտիվության գործակցի աճ են հրապարակում: Այդպես եղավ նույնիսկ այս հունվարին, երբ պաշտոնապես տարփողվեց 5.5–տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Հունվարը, մեր արձակագրի բառերով ասած, սակավ ամիս է: Այն իր մակրոտնտեսական ցուցանիշներով սովորաբար դեկտեմբերի կեսի չափ է (52.9 տոկոս, եթե հաշվապահական ճշգրտություն եք պահանջում): Եվ ահա, մայիսի տնտեսական ցուցանիշը, այս տարվա մյուս ամիսների համեմատ, գերազանցում է միայն հունվարին և մարտին (6.3 տոկոս)՝ կազմելով 7․3 տոկոս: Նախորդ ամսվա 9.5–տոկոսանոց ցուցանիշը, եթե չեմ սխալվում, առաջինը անձամբ վարչապետը հրապարակեց, ավելի շուտ, քան վիճկոմը: Իսկ մայիսի 7.3–տոկոսանոց ակտիվության ցուցանիշի մասին ոչ ոք չի խոսում: Կարծես 7.3-ը հարգարժան թիվ չէ:

Հնարավոր է՝ պատճառն այն է, թե տնտեսության որ ոլորտի հաշվին է այդ աճն արձանագրվել: Տնտեսության իրական հատվածների աճի ցուցանիշը շատ ավելի համեստ է: Արդյունաբերության աճը հայտարարվում է 5.6 տոկոս, շինարարության աճը՝ 6.1: Իսկ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը, եվրոպական ստանդարտների համաձայն, հրապարակվում է եռամսյակային կտրվածքով: Հետևաբար, գյուղատնտեսության տվյալներ չկան: Փոխարենը՝ ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Այս մայիսին էլեկտրաէներգիա արտադրվել է նախորդ տարվա մայիսի 92.6 տոկոսի չափով:

2018-ի ամառվանից բոլորին հայտնի դարձավ, որ մեր տնտեսական ցուցանիշի բարձր տեմպը համարյա կապ չունի տնտեսության իրական հատվածի հետ: Այն արձանագրվում է մասամբ առևտրի, մասամբ էլ՝ ծառայությունների ոլորտում: Այս մայիսը առևտրի ոլորտում 9.4–տոկոսանոց աճ է արձանագրել: Իսկ ծառայությունների ծավալը շարունակում է բարձր մնալ` 16.5 տոկոս: Բայց արդեն համարյա բոլորը գիտեն, որ դա հիմնականում զվարճություններ համարվող ոլորտի արդյունք է (բուքմեյքերներ, վիճակախաղ, կազինո և այլն): Այնպես որ, հենց այս ոլորտի հաշվին է աճն արձանագրվել:

Վերադառնանք առևտրի ոլորտի թվերին: Երկրի արտաքին ապրանքաշրջանառության թվերն այսպիսին են՝ ընդամենը 2 մլրդ 851 մլն 100 հազար դոլար: Սա ուղիղ 2.6 տոկոսով պակաս է 2018-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Կարելի է հիշեցնել, որ անցած տարվա ապրիլին արտաքին ապրանքաշրջանառությունն անկում էր գրանցել (արտահանումը՝ մոտ 13 տոկոս, ներմուծումը՝ մոտ 10 տոկոս), իսկ մայիսին ցուցանիշները լիովին չէին վերականգնվել: 2018-ի ապրիլին արտահանումը կազմել է 180.5 մլն դոլար, ներմուծումը` 363․9: Այսինքն, հունվար-մայիս հարաբերակցության մեջ 2019-ը 2018–ի քաղաքական պրոցեսներից «տուժած» ցուցանիշների հանդեպ ենթադրվում էր, որ պիտի շատ ավելի նկատելի առավելություն ունենար: Մինչդեռ այս տարվա ցուցանիշները սրանք են` արտահանում՝ ապրիլին՝ 208.3 մլն դոլար, ներմուծում՝ 408.5: Մայիսի թվերը սրանք են՝ արտահանում՝ 208.3 մլն դոլար, ներմուծում՝ 395.1: Ընդ որում, արտահանումների ծավալը երկու ամսում էլ նույն թվով է հրապարակված: Ապրիլի դեպքում նշվում է, որ 208.3 մլն ցուցանիշը ճշգրտված է, իսկ մայիսի պատահական «համընկնմամբ» նույն թվի մասին նման պնդում չկա: Հնարավոր է, որ կրկնվող թիվը գոնե մի փոքր փոփոխության ենթարկվի:

Բոլոր դեպքերում, մակրոտնտեսական ցուցանիշների մեջ կա մի բան, որ թե՛ իշխանությունները, թե՛ իշխանամետ, թե՛ ոչ իշխանամետ փորձագետները չեն կարող դրական համարել: Խոսքը արտաքին առևտրի բացասական սալդոյի մասին է: Մեր արտաքին առևտրում արտահանումների տեսակարար կշիռը ընդամենը 33․6 տոկոս է։ Դժվար է նման փաստով ուրախանալը, եթե անգամ տնտեսությունից ոչինչ չես հասկանում։ Իսկ հիմա, որպես վերնագրի բացատրություն, ասեմ, որ հունվար-մայիսի համար տնտեսական ակտիվության 7․3–տոկոսանոց ցուցանիշ ստանալու համար մեր վիճակագիրները փոխել են առաջին եռամսյակի՝ երկու ամիս առաջ հրապարակած ցուցանիշները։ Նման հնարք կիրառել սույն հարգարժան գրասենյակը իրեն երբեք թույլ չէր տվել։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Գծապատկեր․ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ, հունվար-մայիս (մլն դոլար)

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը