Մեկնաբանություն

25.06.2019 14:20


Փաշինյանի հակառուսական «միտինգը» ԵԽԽՎ–ում

Փաշինյանի հակառուսական «միտինգը» ԵԽԽՎ–ում

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ–ում քննարկվում էր ռուսական պատվիրակության վերադարձի հարցը։

118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերականգնեց իր դիրքերը ԵԽԽՎ–ում։ Դրան ամենաշատը, բնականաբար, դեմ էին Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։

ԵԽԽՎ–ի քվեարկության ընդհանուր պատկերը ցույց տվեց, որ դրսի ուժերին ապավինելու վրացական և ուկրաինական մոտեցումները երկար կյանք չեն կարող ունենալ։ Ի վերջո, ուժերի բալանսը, սեփական շահի առաջմղումը և պրագմատիզմը գերակայում են զգացմունքայնությանն ու ինչ–ինչ խաղերի տրվելու գայթակղությանը կամ պարտադրանքին։

ԵԽԽՎ–ում յուրօրինակ ձևով ցույց տվեցին, որ միշտ չէ, որ պատրաստ են պարել ԱՄՆ սրնգի տակ։ Հանուն Ուկրաինայի ու Վրաստանի՝ այլոց աշխարհաքաղաքական հաշվարկների ու իրենց տնտեսապես ոչ ձեռնտու հակառուսական հարաբերությունների՝ եվրոպական երկրների մեծ մասը չի ուզում հակադրվել Կրեմլի հետ։

ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը դաս է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։ Ըստ այդմ՝ դրսում պետք է ունենալ դաշնակիցներ, այլ ոչ թե դայակներ, որոնք մի օր քեզ կօգտագործեն ու հետագայում դեն կնետեն։

Ի դեպ, ուշագրավ էր ԵԽԽՎ–ում հայկական խորհրդարանական պատվիրակության քվեարկությունը։ ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձին կողմ են քվեարկել ԲՀԿ–ից Նաիրա Զոհրաբյանը ու ԼՀԿ–ից Էդմոն Մարուքյանը։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, բնականաբար, ոչ առանց նրա ցուցման, քվեարկել են դեմ կամ չեն մասնակցել քվարկությանը։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել Ռուսաստանի վերադարձին, իսկ նրա տեղակալ Հովհաննես Իգիթյանը պարզապես ծլկել է դահլիճից, երբ սկսվել է քվեարկությունը՝ յուրօրինակ ձևով դեմ քվեարկելով Ռուսաստանին։

Ճիշտ է, Ռուբինյանը հետագայում հայտարարել է, որ պատահաբար է դեմ քվեարկել Ռուսաստանին, բայց գնացքն արդեն գնացել էր, ու դա չէր կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Համ էլ բոլորի համար էլ պարզ էր, որ դեմ քվեարկելն ու հետո հայտարարելը, թե, իբր, պատահաբար ես քվեարկել, զուտ ձևական բնույթ են կրում և էժանագին «կռուտիտ» հիշեցնում։

ԵԽԽՎ–ում «Իմ քայլի» քվեարկությունն ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյանի հակառուսական գծում, որը Բոլթոնի պլանի կարևոր մաս է կազմում։ Համ էլ ԵԽԽՎ–ում հակառուսական «միտինգ» անելով՝ Փաշինյանը հեռակա կարգով կռիվ է տալիս Պուտինի դեմ։ Վերջինս, ինչպես հայտնի է, շատ հստակ դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանի հարցով։ Եվ ահա, Փաշինյանն իր անձնական հաշվարկներից ելնելով՝ հարվածի տակ է դնում հայ–ռուսական հարաբերությունները։ Նա սկզբում ԱԳՆ կանչեց ՀՀ–ում ՌԴ դեսպանին՝ Քոչարյանին հանդիպելու համար, իսկ երեկ էլ ԵԽԽՎ–ում դեմ քվեարկեց ՌԴ–ի համար կարևորագույն նշանակություն ունեցող քվեարկության ժամանակ։ Ահա այսպիսին է Փաշինյանի խոսքի («ՌԴ–ի հետ հարաբերությունները փայլուն են») և գործի (հակառուսական քվեարկություն ԵԽԽՎ–ում) տարբերությունը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը