Կարծիք

09.04.2010 11:40


Հայոց ցեղասպանություն. խնդիրներ և անելիքներ

Հայոց ցեղասպանություն. խնդիրներ և անելիքներ

Ցեղասպանության խնդրի շուրջ հայության ջանքերը ներկայումս չի կարելի դիտել լիարժեք գիտակցված, համակարգված և ուղղորդված, ինչը էական խոչընդոտ է ցանկալի արդյունքներ արձանագրելու ճանապարհին: Վերջնական նպատակ ունենալով Թուրքիայի կողմից փոխհատուցում ստանալը, այսօր հայության համար, սակայն, առավել ընկալելի և որոշակի է միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման օրակարգը: Դրա տակ հասկացվում և իրացվում են ճանաչման գործընթացներ օտարերկրյա պետություններում՝ օրենսդիր մարմինների, տեղական ինքնակառավարման օղակների, ոչ կառավարական կազմակերպությունների, գիտական և մշակութային հաստատությունների ու գործիչների մակարդակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում:

Դատապարտումը, որպես կանոն, ուղեկցում է ճանաչմանը, սակայն այս հարցում խնդիրը քիչ ավելի բարդ է և անորոշ, քանզի, որպես ցեղասպան պետության, Թուրքիայի վրա, նշյալ ճանաչումներն ու դատապարտումները, պարտադրանքի իրացման տեսանկյունից, չունեն որևէ հստակ իրավական նշանակություն:

Թուրքիայի կողմից հայության փոխհատուցման խնդիրը առավել աղոտ է և ամփոփ ու հստակ  ձեևակերպում դեռևս չունի, ինչի հետևանքով այդ ուղղությամբ չեն արվում նաև նպատակաուղղված շոշափելի քայլեր:

Հայաստանի Հանրապետությունը, նշված խնդիրների շրջանակում, իր արտաքին քաղաքականության օրակարգում, ֆորմալ ձևով ունի միայն ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրները, ամրագրված Հայաստանի անկախության հռչակագրում և Ազգային անվտանգության ռասզմավարությունում: Վերջինս ամրագրում է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես' Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վարականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Ինչ վերաբերվում է փոխհատուցման խնդրին, ապա այն պաշտոնապես չի հանդիսանում ՀՀ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս: Սակայն պահանջատիրությունը կամ Հայոց ցեղասպանության փոխհատուցման հարցը գտնվում է հայկական Սփյուռքի կազմակերպությունների օրակարգի առաջին տեղում:

Այսօր հայության առջև կայացած է երեք կարևորագույն խնդիր. առաջինը, դա Հայոց ցեղասպանության իրավական փաթեթի ստեղծումն է, որը պետք է հիմնված լինի Միջազգային իրավունքի սկզբունքիների վրա: Իրավական այս փաթեթը պետք է հանդիսանա ռազմավարական այն փաստաթուղթը, որի իրագործման համար պետք է և կատարվի երկրորդ քայլը՝ մշակվի համապատասխան մարտավարությունը: Երրորդ քայլը դա ռազմավարական և մարտավարական խնդիրները կյանքի կոչելու համակարգերի ստեղծումն ու առկա համակարգերի հետ համադրաբար գործադրումն է: Այս խնդիրների իրագործումը հեշտ չէ և պահանջում է հայոց մտավոր և ֆինանսական պոտենցիալի գերլարում: Սակայն այս խնդիրների լուծումը օր առաջ պետք է դառնան օրակարգային և դրվեն Հայոց պետության հոգածության ներքո: Ցեղասպանության իրավական փաթեթը պետք է պարունակի Ցեղասպանության հիմնավորման առկա նյութի ամփոփումը, ցեղասպանության հետևանքների և հայությանը պատճառված վնասների ամփոփումը, ցեղասպանության դատապարտման և փոխհատուցման միջազգային իրավական հիմնավորումը, ցեղասպանության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման չափերի հիմնավորումը, ցեղասպանության փոխհատուցման մեթոդների նկարագրությունն ու հիմնավորումը, միջազգային պարտադրանքի իրացման միջոցները, եթե Թուրքիան կամովին չստանձնի ճանաչման և փոխհատուցման գործառույթը:

Իրավական փաթեթը կյանքի կոչելու համար պետք է օգտագործվեն.

1. ՄԱԿ-ի միջազգային դատարանի ընձեռած հնարավորությունները,

2. Միջազգային կազմակերպությունների ընձեռած հնարավորությունները,

3. Այն պետությունների հնարավորությունները, որոնք այս կամ այն առումով այս հարցում ունեն որոշակի ստանձնած պարտավորություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է ԱՄՆ-ին, որի նախագահ Վուդրո Վիլսոնը իրավարար վճռով 1920 թվականի նոյեմբերի 22-ին գծել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագիծը, որը և ցայսօր չի կորցրել իր իրավունակությունը: Այս շրջանակում պետք է դիտարկել նաև այն երկրներին, որոնք դիմել են ԱՄՆ-ին նշյալ վճիռը կայացնելու խնդրանքով:

Սահմանի հարցում, թերևս, հնարավոր է գործընթացը սկսել նաև առանց Ցեղասպանության փոխհատուցման վճռի կայացման, քանզի դա, իրավական տեսանկյունից, անուղղակիորեն է առնչվում Ցեղասպանության փոխհատուցմանը: Սակայն, այնուամենայնիվ, դրանց զուգահեռ ընթացքը առավել նպաստավոր կլինի և կօգնի խնդիրների ամբողջականացման ու պատճառահետևանքային կապը առավել պատկերավոր դարձնելու առումով:

Նշված խնդիրների իրագործման համար պետք է լծվեն հայության բոլոր հատվածները' Հայաստանի Հանրապետության գլխավորությամբ: Հատկապես Հայաստանի և Սփյուռքի գիտական, վերլուծական, իրավապաշտպան հաստատությունները, այդ բնագավառների հանրաճանաչ մասնագետները պետք է ստանան համապատասխան պատվերներ: Անհրաժեշտության դեպքում, պետք է ներգրավեն նաև օտար գիտնականներ, ցեղասպանագետներ ու իրավապաշտպաններ: Նշյալ աշխատանքներից պետք է ակնկալել հիմնավոր, համապարփակ, իրատեսական և կիրառելի մի փաթեթ, որը պետք է պատկերի Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ողջ բովանդակությունն ու գործընթացը: Եվ այդ փաթեթը պետք է հարմար պահի դրվի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Այսօր մարտավարական տեսանկյունից գուցե ճիշտ է, որ Հայոց պետությունը չի ֆորմալացնում պահանջատիրության հարցը, սակայն մի օր այդ մոտեցումը կսպառի իրեն և Սփյուռքը էստաֆետը կհանձնի Հայաստանի ԱԳՆ-ին:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է հանդիսանան Իրավական փաթեթի գործադրման միջոցներից մեկը և շարունակի իրե ընթացքը: Ըստ էության այդ ճանաչումների արդյունքը պետք է լինի դրա' փոխհատուցման միջազգային գործընթացի վերաճումը: Սա ևս բարդ խնդիր է, բայց ոչ անհնարին: Հայոց ցեղասպանության հարցը միջազգային թատերաբեմում ներկայումս հանդիսանում է իրական քաղաքական մի գործիք, որով իրականացվում է Թուքիայի զսպումը: Եվ եթե այսօր աշխարհի գերհզորները խուսափում են ավելի կտրուկ քայլերից, դա չի նշանակում, որ ապագայում, աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունների համատեքստում, փոխհատուցումը չի կարաղ դառնալ համանման մի գործիք, որի միջոցով, գուցե և կիրագործվի Թուրքիայի մասնատման քաղաքականությունը: Այսօր աշխարհը պատրաստ չէ Թուրքիայից ավելին պահանջելու, քան ճանաչումն ու զղջումն է: Սակայն աշխարհը փոփոխական է և հայությունը պետք է իր ուժերը կենտրոնացնի և պատրաստվի ապագա փոփոխություններին, իր ուժերի ներածին չափով ուղղորդելով նաև դրանք: Բացի այդ, Ցեղասպանության խնդրում կարևոր է նաև գործընթացը. այն հնարավորություն է տալիս Թուրքիայի վրա մշտապես բանեցնել մահակ և զսպել նրա հակահայ քաղաքականությունը: Եվ Թուրքիային զսպելու հարցում հայությունը մշտապես կունենա դաշնակիցներ, քանզի ոճրագործ ու անկանխատեսելի պետությանը՝ հզորացման և առավել անկախ գործելու հնարավորություն ընձեռելը նշանակում է վտանգել եվրոպական, սլավոնական, արաբական, գուցե և իրանական քաղաքակրթությունները: Թուրքիան ժողովուրդների մի մեծ գերեզմանոց է և մեռյալների անեծքը մի օր կկործանի այդ անիրավ կայսրությունը: Ցեղասպանության հարցը ներկայումս Թուրքիայի հասարակության պառակտման կռվաններից մեկն է, որը, սակայն, կարող է և դրականորեն անդրադառնալ թուրքական պետության ժողովրդավարացման հարցում: Բայց, թե ու՞ր կտանի այդ ջանքը, դժվար է պատկերացնել: Թուրքերը միշտ էլ ի վիճակի են ծնելու «կրթված» ոճրագործների, որոնք փորձված մեթոդներով կլուծեն թյուրքականության առջև ծառացած խնդիրները:

Յուրաքանչյուր սերունդ ունի իր ճակատագիրը, որը, սակայն, մեծ մասամբ պայմանավորված է այն բանով, թե ի՞նչ ժառանգություն է ստացվել նախորդ սերունդներից: Եվ յուրաքանչյուր սերնդի հնարավորությունները պայմանավորված են ստացված այդ ժառանգությունից և այն օգտագործելու ու զարգացնելու սեփական տաղանդից: Ցեղասպանության խնդրում վաղուց անհրաժեշտ է  որդեգրել առավել համակարգված մոտեցումներ' չվատնելու հայոց ուժն ու մոտեցնելու Հայկական հարցի արդարացի լուծման օրը: Եվ մեր միջից մեկընդմիշտ պետք է արմատախիլ անել այն մտայնությունը, թե Հայոց ցեղասպանության միջազգային և, հատկապես, Թուրքիայի կողմից ճանաչումը ունի զուտ բարոյական և վստահություն արմատավորելու նշանակություն: Հայության ազգային անվտանգության համատեքստում թուրքական մեղանչումը  մեկ քայլ է միայն: Երկնային դատավարությունը, այս դեպքում, պետք է բացառապես կատարվի Երկրի վրա՝ երկրային նյութական կանոններին հավատարիմ:

Արտակ Սարգսյան

Պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը