Կարծիք

24.06.2019 10:08


Փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին

Փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին

Ժողովուրդ, լավ, դուք որ իշխանության բացթողումները մատնանշելուն ի պատասխան գրում եք՝ «թողեք, թող աշխատեն», դուք ի՞նչ ի նկատի ունեք։

Չէ, լուրջ ուզում եմ հասկանալ։ Ինչպե՞ս ենք խանգարում, երբ, օրինակ, գրում ենք, որ քաղաքում բարձիթողի վիճակ է. աղբը փողոցներից չի հեռացվում, տրանսպորտը չի աշխատում, գազոնները չեն ջրվում, վերելակները չեն վերանորոգվում և այլն։

Ի՞նչ է տեղի ունենում մեր գրառումների պատճառով։ Իշխանության ներկայացուցիչները նեղվում են, նյարդայնանում, սկսում են լացել, հիասթափվել իրենց աշխատանքից, նեղանում քաղաքացիներից ու իրենց աշխատունակությունն անկո՞ւմ է ապրում։

Թե՞, ասենք, ինչպես հաճախ երեխաներն են անում, որոշում են՝ «ա՛յ, չեք սիրում մեզ, դե լավ, մենք էլ ձեզ չենք սիրի, դե խեղդվեք աղբի մեջ»։

Այդպե՞ս, հա՞։

Ասածս ինչ է։ Քննադատությունը, եթե, իհարկե, այն հիմնավորված է, տեղին է և արված չէ զուտ քննադատություն հնչեցնելու համար, դրական երևույթ է։ Դրանով դուք օգնում եք իշխանությանը տեսնել այն, ինչը, գուցե, չի նկատվել։ Սա հասարակություն-իշխանություն-հասարակություն կապի հիմքում ընկած մեխանիզմներից մեկն է։

Եվ երբ իշխանությունը չի ստանում հասարակությունից անհրաժեշտ սիգնալները, բողոքները, առաջարկները, իշխանության և հասարակության միջև անդունդ է առաջանում, որը ժամանակի ընթացքում խորանում է։ Ինչը բերում է նրան, որ իշխանությունները կտրվում են իրականությունից և ի վիճակի չեն լինում ադեկվատ գնահատել երկրում ստեղծված իրավիճակն ու խնդիրները։

Եվ լինում է այն, ինչ տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլին։ Եթե ձեզ դուր է գալիս այն, որ երկիրն անընդհատ ցնցումների մեջ է, ապա շարունակեք լռել ու ամեն մի բացթողումը կոծկել կամ փակել ձեր աչքերը՝ այն չնկատելով։ Բայց իմացեք, որ մի օր ըսենց փակ աչքերով ապրելով բախվելու եք պատին։ Թե որքան ցավոտ կլինի այդ բախումը, ցույց կտա ժամանակը։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը