Կարծիք

23.06.2019 11:35


Հայոց քաղքենի տոլերանտության ու ադրբեջանական գաղտնի ծրագրերի մասին

Հայոց քաղքենի տոլերանտության ու ադրբեջանական գաղտնի ծրագրերի մասին

Մի քաղքենի զանգված ունենք, հատկապես երիտասարդության մեջ, որը կոսմոպոլիտիզմի դիրքերից տոլերանտության ինտերպրետացիաների կողմնակիցը լինելով՝ հաճախ կրկնում է, որ Հարավային Կովկասում ազգամիջյան կոնֆլիկտները կվերանան, եթե Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը միավորվեն մեկ պետության մեջ՝ ինչ-որ ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ հիմունքներով:

Որքան գիտեմ, մեր այսօրվա իշխանավորներից որոշները նույնպես այդպիսի մտքեր են արտահայտել, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը ժամանակին, երբ դեռ ընդդիմադիր էր, այդպիսի մի բան էր ասել, ու այդ տեքստը համացանցում առ այսօր մեկ-մեկ հայտնվում է:

Գաղափարը նոր չէ, իհարկե, մեր այսօրվա ապազգայինները ամեն ինչում են ուզում նմանվել բոլշևիկներին. եթե հիշում եք, բոլշևիկները մի այդպիսի փորձ արեցին Անդրկովկասյան ֆեդերացիա ստեղծելու ուղղությամբ, սակայն նույնիսկ նրանք հասկացան, որ դա ծայրաստիճան արկածախնդրություն է, ու հետ կանգնեցին այդ գաղափարից, բայց մեր նորօրյա ապազգային բոլշևիզմը ավելի ագրեսիվ կարող է լինել ու այդ ուղղությամբ ավելի եռանդուն աշխատանքներ կարող է ծավալել:

Ինչևէ, հիմա ասեմ, թե որտեղից են բուսնում այդ «անմեղ» մտքերը: Բանն այն է, որ Վրաստանը երբեք չի գնա դրան, դա ուղղակի բացառվում է, նրանց անունը հոլովվում է միայն ու միայն որպես խայծ մեզ՝ հայերիս համար, ու ամբողջ այդ ադրբեջանական պրոպագանդան Հայաստանի ու Ադրբեջանի միավորման համար է տարվում, կամ ավելի ճիշտ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի կլանման համար է արվում, որովհետև 2,5–միլիոնանոց Հայաստանի ու 10–միլիոնանոց Ադրբեջանի միավորումով կստանանք մի մեծ Ադրբեջան՝ իր հայկական ազգային փոքրամասնությունով, փոքրամասնություն, որը սկզբից միգուցե ներկայիս ՀՀ-ի տարածքում կունենա ինչ-որ ինքնավարություն, սակայն պատմությունը մեզ, կարծում եմ, կհուշի, թե հետագայում ինչ է սպասվելու ոչ միայն այդ ինքնավարությանը, այլ ընդհանրապես այդտեղ բնակվող ամբողջ հայությանը:

Կարճ ասած, դա ադրբեջանցիների ծրագիրն է, բայց, օրինակ, վրացիները դրան համաձայն չեն լինի. նրանք էլ իրենց «բաժինը» կպահանջեն, այսինքն՝ Լոռին, բնականաբար, թուրքերն էլ մյուս կողմից իրենց «բաժինը» կպահանջեն, այն է՝ Շիրակը: Կարծում եմ՝ ադրբեջանցիները շատ կարծր դիրք չեն բռնի իրենց հարևան ժողովուրդների նկատմամբ ու միգուցե և կզիջեն Լոռին ու Շիրակը վրացիներին ու թուրքերին:

Այնպես որ, ուշադիր եղեք, հարգելինե՛րս. եթե որևէ մեկը նման «անմեղ» միտք առաջ քաշի ձեր ներկայությամբ, ուրեմն իմացեք, որ ձեր դեմ կանգնած է կամ ադրբեջանական ազդեցության գործակալ, կամ էլ այդպիսի գործակալների կողմից ուղեղը լվացած տխմարի մեկը. երրորդ տարբերակ ուղղակի գոյություն չունի:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը